ՌԲԿ. Մոսկվայի տաղավարային բիզնեսին մասնակցում էր նաեւ դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանը...
2016-02-14 19:34:00

Մոսկվայի տաղավարային բիզնեսում մասնակցություն ուներ նաեւ Արթուր Ասատրյանը, նույն ինքը՝ դոն Պիպոն: Այս մասին նշված է առեւտրային տաղավարների քանդման առիթով Մոսկվայի տաղավարային բիզնեսի աշխարհագրության մասին ՌԲԿ-ի հրապարակած հետաքննական հոդվածում:

Մետրոյի անցումներում եւ մարդաշատ այլ վայրերում տաղավարները սկսեցին հայտվել 1992 թվականից, Լուժկովի իշխանության գալուց հետո: Տաղավարների ցանցերը քաղաքում սկսեցին զարգանալ, բայց դրանք գրեթե միշտ համընկնում էին վարչական շրջանների սահմանների հետ:

«Վայրի կապիտալիզմի ժամանակաշրջանում բիզնեսի գլխավոր ռեսուրսը վարչական ռեսուրսներն ու կապերն էին: Տաղավարների սեփականատերերի եւ վարչական շրջանների ղեկավարների կենսագրությունն ուշադիր ուսումնասիրելու դեպքում, հավանաբար, կարելի է հասկանալ, որ նրանք նախկին համակուրսեցիներ են, միասին հոկեյ են խաղացել եւ այլն»,- նշել է «Transparency International Russia»-ի տնօրեն Ելենա Պանֆիլովան:

Մասնավորապես, «1905 թվականի փողոց» կայարանի շուրջ գտնվող տաղավարները պատկանում են «Սոյուզ-Սոնա» ընկերությանը: Այն Մոսկվայի հայ համայնքի խորհրդի անդամ Վարուժան Բադալյանի ընտանիքի սեփականությունն է: Բադալյանի ընտանիքը Մոսկվայում այլ տաղավարներ նույնպես ունի, ինչպես նաեւ չրերով շոկոլադի ֆաբրիկա:

Երբ Սոբյանինի ժամանակ տաղավարները սկսեցին աճուրդի հանել, աճուրդները վերածվեցին կեղծարարության: 2011 թվականին Մոսկվայի Հարավային շրջանի պրեֆեկտուրան Բիրյուլեւոյում ծաղկի սրահ բացելու իրավունքի մրցույթ հայտարարեց: Մեկնարկային գնից իրավունքի արժեքը հասավ 7.2 մլն ռուբլու: Բայց մի քանի օր անց հաղթողը հրաժարվեց պայմանագրից, նրա հետ միասին՝ նաեւ մյուս 10 մասնակիցները: Արդյունքում պայմանագիր կնքվեց անհատ ձեռներեց Ռոման Հարությունյանի հետ, որն ընդամենը 232 հազար ռուբլի առաջարկեց: Այս սխեման կրկնվեց նաեւ մյուս աճուրդներում:

2015 թվականի սկզբին Մոսկվայում շուրջ 7 հազար կրպակ կար, դրանցից շուրջ 2 հազարը՝ թերթի եւ տոմսի վաճառքի:

«Դանվեստա» ընկերությունը վերջին խոշոր ցանցերից էր, որն ամբողջ Մոսկվայում 142 կրպակ ուներ:

Ընկերությունը ստեղծվել է 1990-ականների սկզբին, Դանիայից մարդասիրական օգնության բաշխման հարցում Մոսկվայի քաղաքապետարանին օգնելու համար, իսկ հետագայում դարձավ Danish Crown դանիական ծովամթերքի մատակարար: Ընկերության հիմնադիրներից մեկը Յուրի Ղազարյանն էր, իսկ հիմա «Դանվեստա»-ի միակ սեփականատերը համարվում է գործարար Արթուր Ասատրյանը, ով հայտնի է դոն Պիպո մականվամբ: 2013 թվականին Իտալիայի իշխանությունները նրա նկատմամբ հետախուզում հայտարարեցին:

Այս ամենն Ասատրյանին չխանգարեց պահպանել եւ զարգացնել բիզնեսը: Մոսկվայի կենտրոնում ընկերության զբաղեցրած տաղավարները ցանկանում էին աճուրդի հանել, սակայն վերջին պահին որոշումը չեղյալ հայտարարվեց: Քաղաքային առեւտրի բարեփոխումները, որը Սոբյանինը սկսել էր 2011 թվականին, ընկերության չխանգարեցին, ավելին, այն գերակշռող դիրք զբաղեցրեց նոր տիպի տաղավարների մատակարարումների հարցում:

 

News.am

Այս նյութը դիտել են - 2645 անգամ