Ո՞վ է մեղավոր: Դեսպա՞նը, Եզրաս Սրբազա՞նը, Արա Աբրահամյա՞նը, Զարեհ Սինանյա՞նը, Նորիկ Թևանյա՞նը, Սարիբե՞կը
2020-08-06 02:30:00
Տեսանյութը, որը երեկ տարածվեց սոցցանցերում և իմ էջում նույնպես, բուռն արձագանք ունեցավ: Մոնիթորինգի ենթարկելով այդ արձագանքը փորձեմ ամփոփել թեման՝ շատ մեծ հույս ունենալով, որ ռուսահայ համայնքի ուժային կենտրոնները լրջորեն կմտածեն այն ամենի շուրջ ինչ կատարվում է մեզանում:
Օգտատերերի կողմից ամենահաճախ հնչեցված հարցադրումը՝ ո՞վ է տարածել այդ տհաճ տեսանյութը համացանցում և ի՞նչ նպատակով: Այս հարցին կարող են պատասխանել միայն իրավապահ մարմինները: Բացահայտել տեսանյութի սկզբնաղբյուրը այնքան էլ բարդ գործ չի: Հատկապես ի՞նչ նպատակով են տարածել հարցին հնարավոր կլինի պատասխանել այն դեպքում, եթե պարզվի, թե ով է առաջինը այն համացանց քցել: Որպես դիտորդ, մենք կարող ենք միայն եզրակացնել, որ տարածել են Սարիբեկին վարկաբեկելու համար: Դա տգեղ է, լավ չէ, բայց…այդ տեսանյութը, կրկնում եմ, հայելու պես արտացոլում է այն ինչ մենք ունենք այսօր և քանզի այն արդեն տարածվել է, ուրեմն ոչ թե պետք է վրդդովել այդ փաստից, այլ պետք է փորձել հասկանալ պրոբլեմի խորքը:
Իմ սուբյեկտիվ կարծիքով, մինչև թավշյա հեղափոխությունը մեր համայնքում վաղուց սկսվել ու դանդաղ ընթանում էր փտախտի պրոցես: Մի օր կռվում էին, մի օր բարիշում, հարկ եղած դեպքում համագործակցում, մյուս հարկ եղածին՝ խանգարում իրար, բայց հարաբերական անդորր էր: Հեղափոխությունից հետո խաթարվեց այդ անդորրը, քանի որ հույս առաջացավ, թե փոփոխությունների քամին կարող է գալ նաև մեր փողոց: Իսկ հնարավոր փոփոխությունները, ինչպես գիտեք, իրենց հետ բերում են ուժային կենտրոնների վերադասավորում և ահա, համայնքի անդորրը խախտվեց: Իսկ վերջին դեպքերը՝ թռիչքների արգելափակման հետ կապված և ծիրանային պատերազմը, որը հրահրեցին ադրբեջանցիք, շատ-շատերին ռեալ շանս թվացին՝ միկրոհեղափոխություն կատարել համայնքում և դուրս գալ առաջին պլան: Ամենաներքևի օղակից սկսած՝ մանր-մունր լեզվանի, ամիբիցիոզ ջահելներ, մինչև ամենալուրջ կառույցների որոշակի շերտերը, թռիչքների և ծիրանի արթնացրած զգացմունքային ալիքը որսալով՝ սկսեցին դիվիդենտներ շահել: Եղան, իհարկե, նաև մարդիկ, ովքեր անշահախնդրերն փորձեցին և կարողացան օգտակար լինել, բայց մենք հիմնականում նրանց անունները չիմացանք էլ:
Հաջորդ ամենահնչող տեսակետ-քննադատությունը ուղղված է եկեղեցու և դեսպանատան հասցեին: Մի առիթով ասել եմ, որ եթե Լավրովին կլոնավորենք ու դեսպան նշանակեք ՀՀ բոլոր դեսպանատներում, միևնույն է բան չի փոխվի: Համակարգային խնդիր է: Այո, կան մի շարք խնդրներ ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատանքի մեջ: Ես դրա մասին գրել եմ, մասնավոր զրույցներում վիճաբանել եմ իմ գործընկերների հետ, հաճախ նեղացել են ինձնից, հաճախ ես եմ նեղացել՝ չընկալված լինելուց: Իմ կարծիքով, դեսպանտունն այն կառույցն է, որը պետք է իր շուրջ համախմբի համայնքի ակտիվին և նրանց ներկայացնի գործելաոճի հայեցակարգ: Չեմ ասում պարտադրի տեսակետ կամ գործունեության ձև: Քավ լիցի: Ուղղակի, այդ պատերի ներսում պետք է եփվի ռուսահայ համայնքի կողմից իրականցվելիք ինֆորմացիոն (լայն իմաստով) քաղաքականության գաղափարական հայեցակարգը և համայնքային կառույցները, պետք է գիտակցեն, որ անկախ դեսպանի անձից, այդ ինստիտուտը կարևորագույն և առաջնային նշանակություն ունի Ռուսաստանում Հայաստանի շահը ներկայացնելու հարցում, իսկ այդ նոտային մոտենալիս՝ պետք է վեր կանգնել անձնական շահերից ու ամբիցիաներից: Դեսպանտունը պետք է կարողանա համախմբել համայնքին ամեն գնով և համայնքը պետք է ջանք գործադրի համախմբվելու հարցում: Նույնը վերաբերում է եկեղեցուն, բայց առանց քաղաքական կոմպոնենտի:
Հնարավոր է, որ Սարբեկը լիովին ազնիվ մղումներ է ունեցել, ինչպես պնդում են որոշ օգտատերեր: Չի բացառվում: Բայց նա չի կարողացել հաշվարկել իր ուժերը և սխալ ճանապարհ է ընտրել՝ իր ազնիվ մղումները իրականացնելու համար: Նա՝ որպես բիզնեսմեն, կարող էր և ինչքան գիտեմ, օգնեց հայ վաճառականներին՝ իր շուկայում տարածք տրամադրելով, բայց թե ինչու հետո որոշեց խումբ հավաքել ու վերջնագրով գնալ դեսպանատուն, չեմ կարող ասել: Նա կարող էր հանդիպում պահանջել դեսպանից և ներկայացնել իր մոտեցումն ու տեսլականը, կարող էր առաջարկել իր օգնությունը ընդանուր գործին և եթե դա ստացվեր, դեսպանատունը նրան, թերևս շնորհակալություն ասեր հրապարակավ: Պետք է ասեր, կարծում եմ: Այսպես եմ պատկերացնում ճանապարհը:
Երկու տարի առաջ, երբ Երևանում ցույցեր էին, Մոսկվայում մարդիկ ինքնաբուխ հավաքվել էին դեսպանատան դիմաց և եկեղեցում: Մի մասն էլ գնացել էր Արա Աբրահամյանին հյուր: Ինչ զարգացում տեղի ունեցավ, գիտենք բոլորս, չմանրացնեմ: Ի՞նչու տեղի ունեցավ նման պատկեր այն ժամանակ, ի՞նչու տեղի ունեցավ Սարիբեկի հետ կապված դեպքը, մյուսը, հազարերորդը: Ո՞վ է մեղավոր: Դեսպա՞նը, Եզրաս Սրբազա՞նը, Արա Աբրահամյա՞նը, Զարեհ Սինանյա՞նը, Նորիկ Թևանյա՞նը, Սարիբե՞կը Չէ, իմ կարծիքով, մենք բոլորս: Եվ հիմա, կեղծ բարեպաշտություն խաղալու, իրար վրա ցեխ շպրտելու, իրարից մուռ հանելու, իրար վարկաբեկելու փոխարեն՝ եկեք հավաքվենք ու հասկանանք, ինչպե՞ս կարող ենք փոխել իրավիճակը: Իսկ այն պետք է փոխել, քանի որ սկսված էրոզիան չի խնայելու ոչ մեկին:
Նաիրա Բաղդասարյան
Այս նյութը դիտել են - 3072 անգամ