Կեղտոտ պատվեր. ինչո՞ւ է «Վանոյի Արտակը» թիրախավորել Սարիբեկ Գևորգյանին
2020-08-14 22:16:00
Բացառապես 2018-ի հեղափոխության շնորհիվ այժմ արևի երես տեսնելու հնարավորություն ստացած նախկին բանտարկյալ Վանոյի Արտակը (անձնագրով՝ Արտակ Գալստյան), ով, փաստորեն, նույն այն երջանիկներից է, որոնց նկատմամբ Փաշինյանի արդարադատությունն առավել մարդասեր գտնվեց՝ հնարավորություն տալով սպրդել պատասխանատվությունից, շարունակում է պղտորել համացանցի հայալեզու տիրույթը:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ մարդկային, բարոյապես խեղաթյուրված կերպար է «Վանոյի Արտակը»: Միայն թե նրա մասին խոսելիս, արտահայտվելիս շատերն անում են դա զգուշաբար՝ արդարացիորեն վախենալով հնարավոր «վենդետայից». այս լպրծունը կարող է պատվիրել ցանկացածին,հանգիստ խղճով ոչնչացնել յուրաքանչյուր մեկին:
Բանից պարզվում է՝ ինքն իրեն ալամ աշխարհի իրավապաշտպան հռչակած, բայց մեծագույն իրավախախտ հանդիսացող այս վաշխառուն, ում ով կամ ինչ լինելու մասին ստույգ կարծիք կազմելու համար բավական է  ընդամենը համացանցի որոնողական համակարգերում հավաքել համապատասխան անուն-ազգանունը և պարզ կդառնա նրա քրեական անցյալը, ով,  հիմա էլ,  դեմ է դուրս եկել ռուսաբնակ հայ գործարար Սարիբեկ Գևորգյանի դեմ: Ինչպես հայտնի է, Սարիբեկ Գևորգյանն առավելապես հայտնի դարձավ Մոսկվայում հայկական գյուղմթերքի շուրջ  բարձրացած աղմուկից հետո, երբ անտարբեր չմնալով՝ փորձել էր ինչ-որ կերպ օգնել այնտեղ հայկական գյուղմթերքի վաճառքով զբաղվող իր հայրենակիցներին:
Երբ «Վանոյի Արտակ» հորջոջվողը դատված էր, «փակված զրոներում», տարբեր լրատվամիջոցներ գրում ու տեղեկացնում էին հանրությանը, թե ինչպիսի մութ գործարքների ու գործերի մեջ է եղել ներքաշված Արտակ Գալստյանն ու նրա անդավաճան գործընկեր փաստաբան Սուսաննա Սարգսյանը:
Ըստ բազմաթիվ հրապարակումների՝ «Վանոյի Արտակն» իրականում մի լոմբարդատեր վաշխառու է, ով զբաղվել է մարդկանց ունեզրկմամբ, նրանցից խլել տներ, բացել է կայքեր («Crime news» և այլն), որոնց միջոցով վարկաբեկել է մարդկանց, ենթարկել շանտաժի, դրամաշորթությամբ զբաղվել:
Բայց հիմա «Վանոյի Արտակը», փաստացի վայելելով Նիկոլ Փաշինյանի «մարդասիրության» արգասիքները, վերածվել է վարչապետի յուրօրինակ սուրհանդակի, իսկ մեդալի երկրորդ երեսին այն կեղծ, կասկածելի բովանդակություն տարածող ռեսուրսներն են, որոնց հետևում «հեղափոխության պահապաններն են»՝ ի դեմս Սուսաննա Սարգսյանի ու «Վանոյի Արտակի»:
Այս երկուսը միմյանցից ոչնչով չեն տարբերվում, քանի որ իրենց մութ գործերը պլանավորում ու կյանքի են կոչում՝ բացառապես ձեռք ձեռքի տված, սինքրոն կերպով:
Վանոյի Արտակը, փաստորեն, ի վիճակի չէ տեսնել, գնահատել այն լավը, որ մարդը ցանկացել է անել: Ինչո՞ւ է Սարիբեկ Գևորգյանը փախցրել Գալստյան Արտակի քունը: Կասկած չկա, որ Գալստյանն իրականում պատվեր է կատարել՝ փնովելով, վարկաբեկիչ գրառումով սևացնելով ռուսահայ գործարարի իմիջը. այս մարդը հենց նման կեղտոտ մեթոդներով է օրվա հաց վաստակում, կենսավարում: Մինչդեռ եթե կա մեկն, ում դեմ իսկապես արժե գրել, ում դիմակն իսկապես արժե պատռել, հենց ինքը՝ Վանոյի Արտակն է և նրա հավատարիմ գործընկեր Սուսաննա Սարգսյանը:
Որքան էլ հոդվածներ գրվեն ու նույնիսկ վիպաշարեր, անգամ դրանք ի վիճակի չեն լինի՝ ամբողջությամբ ներկայացնելու այն հրեշավոր գործողությունների ամբողջությունը, որ գործել են Գալստյանն ու Սարգսյանը՝ ձեռք -ձեռքի տված:
Այն մայրերն, ովքեր տուժել են այս վայ զույգի գործողություններից, խաբվել ու թակարդն են ընկել (խոսքը՝ Ռազմիկ Աբրահամյանի կողմից երեխաների վաճառքով զբաղվելու վերաբերյալ աղմկահարույց գործերի մասին է.մայրերը փորձել էին սեփական շահերը պաշտպանել, մասնավորապես, նույն Սուսաննա Սարգսյանի օգնությամբ, սակայն խաբվել էին), կվկայեն, թե իրականում ովքեր են թաքնված իրավապաշտպանի դիմակի տակ:
Ընդ որում՝ մեր բոլոր պնդումները բնավ հիմնազուրկ չեն, և կան, մեր ձեռքի տակ են այն բոլոր հավաստի փաստերը, որոնք կատարելապես մերկացնում են մարդատյաց զույգի իրական կերպարը:
Պատրաստ ենք՝ դատարանում ապացուցելու մեր խոսքերի իսկությունն ու փաստերի ուժով ապացուցելու, որ ոչ թե նպատակամիտված վարկաբեկում ենք Սարգյանին ու Գալստյանին, այլ ընդամենը փորձում ենք չեզոքացնել նրանց քայքայիչ գործունեությունից բխող վտանգները՝ մարդկանց աչքերը բացելով:
Ի դեպ՝ պատրաստվում ենք հատուկ հաղորդում՝ նվիրված զույգի քաջագործություններին՝ հանրությանը ցույց տալու, թե ինչպես է նախկին բանտարկյալը ոչ վաղ անցյալում հենց իր բանտախցից Սուսաննա Սարգսյանի հետ միասին քայքայել հայաստանյան տեղեկատվական դաշտը՝ համակարգչի, պլանշետի կամ սմարթֆոնի միջոցով մուտք գործելով, մասնավորապես, Mamul.am-ին պատկանող «Մամուլի խոսնակ» կայք ու այնտեղ մարդկանց հասցեին վարկաբեկիչ, ստահոդ տեղեկություններ տարածելով: «Վանոյի Արտակ» կոչվածը, մասնավորապես, թիրախավորել է Արթուր Դավթյանին, Վահրամ Շահինյանին, դատախազ Կարեն Կարապետյանին, Ներսես Նազարյանին, Կարեն Բաբակեխյանին և շատերին, որոնց հետ ինքն ունեցել է անձնական հաշիվներ:
Այժմ էլ փորձ է արվում Սարիբեկ Գևորգյանին մեղադրել աշխարհի բոլոր մեղքերի մեջ լոկ այն բանի համար, որ, ասենք, մարդը ոչ թե նախընտրել է ոմանց նման խզբզված ֆեյսբուքյան «ստատուսների» տեսքով «օժանդակել» Մոսկվայում նեղն ընկած հայերին, այլ ուժերի ներածին չափով գործնական հարթությունում օգտակար լինել սեփական հայրենակիցներին: Ակնհայտորեն հենց դա է, որ վանոյիարտակներին հունից հանել է: Իսկ սա նշանակում է, որ նույն ռուսահայությունը պետք է նույն «Վանոյի Արտակին» ու Սուսաննա Սարգսյանին խելքի բերի, հակահարված տա՝ առաջին հերթին հիշեցնելով ու փաստելով, թե ինչ են սրանք իրենցից ներկայացնում իրականում:
Մենք էլ, մեր հերթին, ինչպես վերը նշվեց, առաջիկայում պատրաստվում ենք ուղիղ եթերով հանրայնացնել այս վա՜յ զույգի ով և ինչպիսին լինելու մասին վկայող փաստերը. նրանց «հերոսությունների» մասին, ի դեպ, տեղյակ են թե՛ Գլխավոր դատախազությունում, թե ԱԱԾ-ում, իսկ մեր առաքելությունն է լինելու համապատասխան ինֆորմացիայի հանրայնացում՝ հնարավորինս չեզոքացնելու վտանգավոր այս զույգից բխող վտանգները:
 
Հ.Գ. Ի դեպ, այդ զրպարտիչ նյութի համար Արտակ Գալստյանին հարյուրավոր ֆեյսբուքցիներ դատապարտեցին` իրենց խոսքը համեմելով աշխարհի հայհոյանքներով, որից հետո էլ սուտի իրավապաշտպանը հեռացրեց իր գրած նյութը: 
Հեռացնի կամ չհեռացնի, մենք ամբողջությամբ այն ունենք, պարզապես այդ զրպարտիչ նյութի սքրինները ամբողջությամբ չենք տեղադրում, որպեսզի դրա գրած կեղտը չտարածվի:

 
 
Այս նյութը դիտել են - 14437 անգամ