ՍԴ-ի մասին սերիայի երկրորդ սեզոնը խիստ հետաքրքիր է լինելու2020-08-27 22:23:00
Մոտ ապագայում ՍԴ երեք նոր դատավորների ընտրությամբ ներկայացվելու է թավշյա իշխանությունների բեմադրած ու ամիսներ շարունակ ուշադրության կիզակետում հայտնված սերիայի վերջին էպիզոդը:
Սակայն ինչպես արդեն պարզ է դառնում պատմությունը դրանով չի ավարտվելու և սերիան ունենալու է առնվազն մեկ այլ սեզոն:
Երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ ՍԴ չորս դատավորներ իրենց իրավունքները վերականգնելու են ՄԻԵԴ-ում, որի կապակցությամբ գանգատն արդեն ներկայացվել է:
Սերիայի երկրորդ սեզոնում իրադարձությունների զարգացման մասին կարելի է որոշ գուշակություններ կատարել:
Սեզոնի թեման անկասկած լինելու է թավշյա իշխանությունների եփած «աջաբսանդալի» կարգավորումը, իհարկե ինչպես միշտ օրենքի ու սահմանադրության շրջանցմամբ:
Այս պահին կարելի է պատկերացնել նոր սեզոնի սցենարում իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակ:
Ա. ՄԻԵԴ-ը քննում է ՍԴ դատավորների գանգատը: Ենթադրենք որ ՄԻԵԴ-ը բավարարում է ներկայացված գանգատը և վճիռ է կայացնում հիշյալ դատավորների լիազորությունների վերականգնման օգտին: ՄԻԵԴ-ի որոշումը գործադրելու համար պիտի դադարեցվեն նորընտիր դատավորների լիազորությունները: Բայց դա օրենքով անթույլատրելի է, քանի որ խախտելու է դատավորների անձեռնմխելիությունը: Նորընտիր դատավորների լիազորությունների դադարեցումը պիտի լինի կամավոր: Իսկ եթե նրանք նման կամք չդրսևորե՞ն:
Բ. ՄԻԵԴ-ը մերժում է դատավորների բողոքը և որևէ խնդիր չի տեսնում ԱԺ-ի ընդունած օրենքում, սակայն նկատում է, որ օրենքը տրամաբանորեն չի կարող տարածվել դատավոր Ալվինա Գյուլումյանի պարագային և վճիռ է կայացնում նրա լիազորությունների վերականգնման օգտին: Նորընտիր դատավորներից մեկը պիտի հրաժեշտ տա իր աթոռին: Բայց ո՞վ։ Չէ որ չկա հստակ ձևաչափ որոշելու, թե նորընտիր դատավորներից ո՞րն է զբաղեցրել մասնավորապես դատավոր Ալվինա Գյուլումյանի աթոռը: Ինչպես նախորդ տարբերակում այս դեպքում էլ դատավորներից մեկը պիտի կամավոր կերպով հրաժարվի իր աթոռից: Իսկ եթե դատավորներից որևէ մեկը պատրաստ չլինի դա կատարե՞լ:
Իհարկե հնարավոր է նաև երրորդ մի տարբերակ: ՄԻԵԴ-ն ամբողջությամբ մերժում է ՍԴ չորս դատավորների գանգատը: Այդ դեպքում սերիայի երկրորդ սեզոնը շատ արագ հասնելու է ավարտին և ընդունենք, որ հակառակ նախորդ սեզոնին լինելու է խիստ ձանձրալի ու միևնույն ժամանակ հիասթափեցնող:
Այս նյութը դիտել են - 2198 անգամ