ՄԻՊ-ն աշխատում է ոչ թե ի շահ քաղաքացիների, այլ՝ ժամանակի իշխանությունների կրնկի տակ
2020-09-02 23:43:00
Փորձելով ինչ-որ կերպ հակազդել իմ ու ընտանիքիս դեմ տարիներ ի վեր ու ցայսօր շարուկակվող տեռորին, որի մասին գրվել ու խոսվել է բազմիցս՝ խնդիրս ներկայացրել էի ՄԻՊ-ին ՝ համապատասխան ուղերձ հղելով ՄԻՊ գրասենյակ:
Արձագանքը, որը ստացվել է դիմումիս ի պատասխան, ուղղակի ապշեցնող է. գրասենյակը փաստացի ձեռքերը լվացել ու քաշվել է մի կողմ՝ իրավիճակը պարզաբանելով հետևյալ կերպ.«…Ձեր բողոքն ուղղված է այս պահին պաշտոնատար անձ չհամարվող անձանց գործողությունների դեմ, որի մասով Մարդու իրավունքների պաշտպանն իրավասություն չունի։ Ձեր բողոքը կարող եք հասցեագրել իրավապահ մարմիններին, եթե այդ անձանց գործողություններում առկա են քրեաիրավական արարքի հատկանիշներ, իսկ եթե խոսքը վերաբերում է ձեր պատվին և արժանապատվությանը, ապա կարող եք դիմել դատարան»:
Ինչի՞ համար է ՄԻՊ գրասենյակը Հայաստանում, և ինչո՞ւ են դրա աշխատակիցները շատ լավ վարձատրվում, գրանտ ծծում, կամ ո՞րն է դրա գործառույթն առհասարակ, մարդու իրավուքների պաշտպանությո՞ւնը, իրո՞ք…
Ակնհայտ է, որ ՄԻՊ-ն աշխատում է ոչ թե ի շահ քաղաքացիների, այլ՝ ժամանակի իշխանությունների կրնկի տակ ու բացառապես ի շահ վերջիններիս:
Ավելի քան երեք տարի է՝ ընտանիքս ու ես տառապում ենք մեր դեմ իրականացվող ակնհայտ ահաբեկչական գործողություններից. ինձ մեղադրում են հակապետական գործողությունների մեջ, ապօրինաբար հանրայնացնում են անձնագրային տվյալներս, որոնց գաղտնիությունն, ինչպես հայտնի է, երաշխավորված է օրենքով, ցանկացած իրենից ոչինչ չներկայացող, բայց ինքն իրեն «նիկոլական» համարող մեկն իրեն իրավունք է վերապահում հայհոյել ու վարկաբեկել: Իսկ երբ դիմում ես ՄԻՊ-ին՝ հույսով, որ գոնե ինչ-որ կերպ կհաջողվի վերջ տալ այս ամենին կամ պատժել մեղավորներին, հանկարծ պարզվում է՝ ՄԻՊ-ի ձեռքերը կապված են, քանի որ խնդիրը պաշտոնատար անձնաց հետ չէ՝ ներկայումս պաշտոնավարողների, հետևաբար՝ կառույցը ոչնչով չի կարող օգնել:
Ստացվում է՝ ՄԻՊ-ը հասարակ մարդկանց իրավունքների պաշտպանությամբ չէ, որ զբաղվում է, այլ ընդամենը բուտաֆորիա է: Եվ ուրեմն՝ է՛լ ի՞նչ ՄԻՊ, թո՛ղ անունը դնեն բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինությունները քողարկող «կանտորա» ու պրծնեն: Է՛լ ի՞նչ «գիտահետազոտական, միտահետազոտական…»:
Թե՞ պետք է պարտադիր տաթևիկռևազյանները լինեն,որ Թաթոյանը, քունը՝ գլխին, գիշերվա ժամը չորսին ահազանգ հնչեցնի՝ անկախ այն բանից՝ դիմե՞լ են իրեն, թե՞ ոչ: Կամ երբ կալանավայրերում խնդիրներ են ծագում, և ՄԻՊ-ը կայծակնային արագությամբ արձագանքում է, պաշտոնատար անձի՞ք են կալանավորները:
Այս ամենը խոսում է այն մասին, որ ՄԻՊ-ում առկա է խտրական վերաբերմունք, և ոչ բոլորին է բախտ վիճակվում օգտվել Թաթոյանի՝ սովորականներին անհասանելի ծառայություններից: Իսկ սա նշանակում է, որ ավելորդ չէր լինի, եթե եվրոպական համապատասխան կառույցները տեղեկացվեին Հայաստանում տիրող իրավիճակի մասին տեղյակ պահվեին, ու կտեղեկացվեն, թե ինչ «բարդակ» է տիրում Թաթոյանի «կանտորայում»:
Գուցե դա՞ օգներ ոմանց՝ սթափվելու, ուշքի գալու, թե չէ ոստիկանության կամ այլ իրավապահների տեղը բոլորս էլ գիտենք, և կոչը, թե դիմեք ոստիկանություն, տվյալ պարագայում գրոշի արժեք չունի և ընդամենը ՄԻՊ-ի կողմից փորձ է՝ խուսանավելու, խուսափելու պատասխանատվության սեփական բաժնից:
Չնայած մյուս կողմից էլ մեծ հարց է այն, թե առհասարակ տվյալ կառույցն ի սկբանե ի վիճակի՞ է՝ որևէ մեկի խախտված իրավունքները պաշտպանելու, թե՞ ոչ՝ նկատի ունենալով ասենք այն, որ ոչ անհայտ «Shame.am»-ի նույնքան հայտնի Խաչատրյան Արտյոմը բազմիցս է իր էքսցենտրիկ հոդվածներում կառույցն ու դրա ղեկավարին բազմապիսի «քաղցր» էպիտետներ ձոնել, համեմատել ոչխարի ու էշի հետ, ինչին ի պատասխան կառույցից ոչ մի արձագանք, ըստ էության, չի եղել:
Է՛, եթե Թաթոյանը սեփական արժանապատվությունը չի կարողանում պաշտպանել կամ արժևորել, ինչպե՞ս կարող է մյուսներին պատսպարել կամ ասենք ոստիկանության տեղը ցույց տալու փոխարեն գործով զբաղվել: Գուցե շատ ավելի լավ կլիներ, եթե ՄԻՊ-ի գրասենյակն առհասարակ փակվեր: Եթե մի ողջ համակարգ դուրս է եկել մեկ անձի՝ լրագրողի դեմ, առավոտից երեկո ահաբեկում ու հայհոյում են, սպառնալիքներ հնչեցնում, իսկ ՄԻՊ-ը այս կամ այն գերատեսչության տեղն է ցուցանում, ինչո՞ւ են այդ գրասենյակի աշխատակիցներն ու անձամբ Թաթոյանն աշխատավարձ ստանում: Թե՞ աշխատավարձ են ստանում հենց միայն այն բանի համար, որ հնազանդորեն իշխանություններին ծառայեն ու նրանց ճիշտ հանեն, նրանց դրսին որպես ժողովրդավար մատուցեն:
Կառույցն ակնհայտորեն ձևական բնույթ է կրում, և իրականության մեջ խիստ սակավ են նրանք, ովքեր կարող են սեփական փորձով վկայել կառույցի արդյունավետության մասին:
Եվ ուրեմն՝ ո՞րն է դրա գոյության իմաստն առհասարակ: Թո՛ղ փակվեն և Արման Թաթոյանի հետ միասին գնան տուն:
Այս նյութը դիտել են - 7568 անգամ