Լոս Անջելեսում ռեկորդային շոգ է գրանցվել2020-09-06 22:00:00
ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում նախօրեին ջերմաստիճանը հասել է Ցելսիուսի սանդղակով 49,4 աստիճանի: Ինչպես հայտնել է ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը, դա քաղաքում դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, գրում է ABC news-ը։
Ռեկորդը գրանցվել է տեղական ժամանակով կեսօրից հետո Լոս Անջելեսի հյուսիսարևմտյան շրջանում: Նշվում է, որ քաղաքում նախորդ առավելագույն ցուցանիշը արձանագրվել է 2006 թվականի հուլիսի 22-ին (48,3 աստիճան՝ ըստ Ցելսիուսի)։
Օդերևութաբանական ծառայության ներկայացուցիչները կանխատեսել են, որ ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։ Այդ շրջանում շուտով կարող են նոր ռեկորդներ սահմանվել, ասված է հայտարարության մեջ:
Կալիֆոռնիայի էլեկտրացանցերի օպերատորները կիրակի նախազգուշացրել են անոմալ շոգի պատճառով նահանգի տարածքում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների հնարավորության մասին:
Bloomberg գործակալության գնահատումների համաձայն՝ խոսքը կարող է վերաբերել նահանգի պատմության մեջ ամենախոշոր հովհարային անջատմանը, որն առանց էլեկտրականության կթողնի 9 մլն մարդու։
Այս նյութը դիտել են - 3941 անգամ