2001 թվականից եղել եմ իրավապաշտպան ոլորտում, ընդ որում, սպասարկել եմ Հանրապետության ամենաաղմկոտ, հանրային հնչեղություն ունեցող գործերն ու, որպես կանոն, կանգնել եմ տվյալ իշխանության կողմից արհամարված, դեն նետված անձի կողքը: Թիրախավորվել եմ ինչպես իշխանության, այնպես էլ հասարակության որոշ զանգվածների կողմից:
Ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ երրորդ նախագահների օրոք անգամ մտքովս չի անցել պաշտպանության առնել վերջիններիս, որովհետև ոչ միայն պայմանականորեն իմ հերթը չի հասել, այլ նաև դրա կարիքը չի եղել: Որովհետև նախագահի քաղաքական հայտարարությունները, թեպետ քննադատվել են անհատների, կուսակցությունների կողմից, սակայն երբևիցե չեն վերածել էժանագին մանիպուլյացաների:
Միգուցե համացանցի բացակայությունն է եղել նաև պատճառը, բայց Վարչապետի ցանկացած քաղաքական հայտարարությանը տալ իրավական գնահատական, անել ատելության քարոզ, կատարել գործողություններ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքով ու մնալ անպատիժ, անթույլատրելի է, դա տեղ չունի իրեն իրավական պետություն համարող երկրում:
Այո, առանց քննադատության, հարկ եղած դեպքում նաև՝ տոտալ, չկա առաջընթաց ոչ տնտեսությունում, ոչ արդարադատության ոլորտում, բայց վիրավորել, ատելության քարոզ իրականացնել, ձեռ առնել, ընդհուպ մտնելով տվյալ պաշտոնյայի սրբության սրբոցը՝ ընտանիք, սա հայերեն չէ և ոչ մի լավ բանի չի բերելու:
Ցանկանում եմ փաստել, որ վերջին երկու տարվա ընթացքում կրկնապատկվել, եռապատկվել է ատելության քարոզը, միմյամց արժանապատվությանը կպնելը, ընդ որում, պետական լիազոր մարմինների թողտվության արդյունքում:
Այսօր, իրավամբ, գործում է նաև բումերանգի օրենքը, սակայն հասել ենք եզրագծի, որից անդին օրենքն ի վիճակի չի լինելու որակ ապահովելու և գործելու է փողոցային չգրված օրենքը ՝ բխող բոլոր կործանարար հետևանքներով: Ձևավորենք մշակույթ հետևյալ կարգախոսով՝ ՈՉ ատելության քարոզին: