ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԿԱԼԻՖՈՐՆԻԱ ՆԱՀԱՆԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄ ԼՈՐԱ ՖՐԻԴՄԱՆԻՆ
2020-09-09 13:46:00


ԳԼԵՆԴԵՅԼ- ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը հանդիպում ունեցավ Կալիֆորնիայի նահանգային խորհրարանի Ներկայացուցիչների պալատի անդամ Լորա Ֆրիդմանի հետ։

Զրուցակիցներն անդրադարձել են Տավուշում ադրբեջանական ագրեսիայի և դրան հաջորդած սադրիչ գործողությունների թեմային։ ՀՀ գլխավոր հյուպատոսը մանրամասն ներկայացրել է թե Հայաստանի սահմանին, թե Կալիֆորնիայում տեղի ունեցած իրողությունները։ Դեսպան Բայբուրդյանը և նահանգային խորհրդարանի անդամ Ֆրիդմանն անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետության և Կալիֆորնիայի նահանգի միջև համագործակցության վերաբերյալ Շրջանակային համաձայնագրին, որը 2019թ․ սեպտեմբերին ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ՝ Նյու Յորքում։ Արմեն Բայբուրդյանը և Լորա Ֆրիդմանը նշել են, որ համաձայնագիրը պարարտ հող է ապահովել սերտ գործակցություն ծավալելու համար։ Դեսպան Բայբուրդյանը տեղեկացրել է ՀՀ-Կալիֆորնիա երկկողմ համագործակցության գերակա ուղղությունների վերաբերյալ տեղի ունեցած բանակցությունների ու քննարկումների մասին։
Գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը  գնահատել է Ներկայացուցիչների պալատի անդամի մասնակցությունը Կալիֆորնիայի հայկական օրենդրական խմբի (The California Armenian Legislative Caucus) աշխատանքներին, որի խորհրդի անդամ է հանդիսանում տիկին Ֆրիդմանը։
Դեսպան Բայբուրդյանը և նահանգային խորհրդարանական Ֆրիդմանը կարևորել են Հայաստանի և Կալիֆորնիայի միջև բազմակողմ սերտ գործակցության խորացումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացմամբ։
Լորա Ֆրիդմանը ներկայացնում է 43-րդ ընտրաշրջանը, որում ընդգրկված են Հարավային Կալիֆորնիայի ամենահայաշատ քաղաքները՝ Գլենդեյլ, Բըրբանք, Փասադինա, Հոլիվուդի Լիթլ Արմենիա, Լա Կրեսենտա-Մոնթրոզ, Լականյադա Ֆլինթրիջ և այլն։  Լորա Ֆրիդմանը նախագահում է Կալիֆորնիայի ներկայացուցիչների պալատի Բնական պաշարների հանձնաժողովը և Փոքր բիզնեսի ու ձեռնարկատիրության հարցերի հատուկ հանձնաժողովը։ Նա նաև անդամակցում է Արվեստի, զվարճանքի ինդուստրիայի, սպորտի, զբոսաշրջության և ինտերնետային մեդիայի, Ջրի, այգիների և անտառային հրդեհների հարցերի, Մարդկային ծառայությունների, ինչպես նաև Տրանսպորտի մշտական հանձնաժողովներին։ Մինչև նահանգային խորհրդարանի անդամի պաշտոնում ընտրվելը 2016 թվականին, Լորա Ֆրիդմանը հանդիսանում էր հայաշատ Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ և 2011-2012թթ․ եղել է Գլենդեյլի քաղաքապետը։

Այս նյութը դիտել են - 5039 անգամ