Հայրենիքն ինձ համար դարձավ օդ, դարձավ իմ տունը, իմ օջախը, իմ լույսը...
2020-09-10 13:05:00
Այսօր ինձ այցելեց Հայոց ցեղասպանությունը վերապրածի թոռ, հայ-հունական ծագումով դոկտոր Մարինե Մխիթարյանը, ով «Արցախի կանայք՝ պատերազմ, ինքնություն և խաղաղություն» վավերագրական լուսանկարչական պրոեկտի համար նյութեր հավաքելու նպատակով գտնվում է Արցախում: 
Մեր հարցազրույցում ես անցյալում էի՝ Արցախյան պատերազմական օրերին...
Հիշողություններով յոթ տարեկան դստերս հետ նկուղային կյանք ապրած ու հրետակոծությունից փրկված մեկն էի այն հազարավորներից, ով ընտանիքով բռնագաղթի ճանապարհին էր, օտարության մեջ... Ես մեկն էի, ով իրեն տեսավ միայն հայրենիքում ու հայրենի հողի կանչով ..95-ին վերադարձավ Արցախ:
Այո՛, ես անցյալում էի այսօր, երբ շատ ավելի հասկացա ապրելու գինը ապրիլյան սարսափազդու օրերին, երբ նորից զգացի, որ փրկվել ենք, բայց այս անգամ տարհանված Մարտակերտում միակ երեխան նկուղում պատսպարված թոռնիկս էր: Ու հայրենիքն ինձ համար դարձավ օդ, դարձավ իմ տունը, իմ օջախը, իմ լույսը...Ինձ տեսա հայության մեջ՝ մեր արմատներին ամուր կառչած, մեր ինքնությամբ անհանգիստ, Ցեղասպանության զոհերի հիշատակը հոգումս, Արցախյան պատերազմական թե սահմանային բոլոր զոհերի հանդեպ ունեցած խոնարհումով, հավիտենական խաղաղության երազանքներով... Եվ մանկավարժի գործունեությանս ավելացած իմ օրագրային գրառումներով, որ գրքեր դարձան իմ դպրոցի, մեր աշակերտների, մեր ուսուցիչների արարումով...
Մարինե Մխիթարյանի մասին հպարտությամբ իմացա, որ ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, ֆիզիկակաթեմատիկական գիտությունների թեկնածու է, երկու անգամ կատարել է հետդոկտորական ուսումնասիրություններ հնագիտության ոլորտում Բելգիայի Գենտի համալսարանում և Հունաստանի Սալոնիկե քաղաքի Արիստոտելի համալսարանում: Վերջին երեք տարում աշխատել է Նիդեռլանդներում և Կիպրոսում «Մշակութային ժառանգության պահպանումը կոնֆլիկտային և պատերազմական տարածքներում» թեմայի շրջանակներում: Նա երկու մեծ վավերագրական լուսանկարչական պրոեկտների հեղինակ է, որոնցից մեկը նվիրված է հայերի, ասորիների և հույների ցեղասպանություններին: Նա յոթ անհատական ցուցահանդես-շնորհանդեսներ է ունեցել Երևանում, Շուշիում, Նյու-Յորքում, Լոնդոնում, Սալոնիկում: Շուշիում բացած անհատական լուսանկարչական ցուցահանդեսը «Իմ սիրտը լեռներում է» թեմայով էր:
Ես սիրով իմ հեղինակած «Մանկավարժի օրագիր» գրքի երեք մասը նվիրեցի իրեն յուրահատուկ առաքելության նվիրած հարգարժան Մարինե Մխիթարյանին, ով կարծես հավիտենական խաղաղություն էր բերել իր հետ... Մենք համատեղ նկարվեցինք, բայց մտորումներիս շղթայում մնաց մի լուսավոր ՄԱՐԴ՝ իրեն նվիրած բոլորիս երազանքների իրականացմանը, այն է՝ բոլորիս խաղաղ կյանքին, որ շարունակենք ապրել, ստեղծել, կառուցել՝ հավատարիմ մեր արժեքներին, մեր ինքնությանը, մեր արմատներին:
Նատաշա Պողոլսյան
Այս նյութը դիտել են - 4799 անգամ