Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս2020-10-05 02:10:00
Հոկտեմբերի 5_ն է` Ուսուցիչների օրը, այս դառը օրերին շնորհավորում եմ բոլորիս։
Առավոտվա ժամը 7_ը չկար, որ վեր թռանք հրետակոծությունից։ Անցած օրվա ահռելի ավերածություններից հետո այդ անօրեններն ընտրել են խաղաղ բնակիչներին ոչնչացնելու դաժան ճանապարհը։
Թիկունքում գտնվողներս ամբողջ հայության նման ապրում ենք օրվա լուրերով` երբեմն չգիտակցելով, թե այս ահուսարսափ սփռող արկերը որտեղ են թափվում, և այն տպավորությունն է, որ մեր կողքին ընկան, ու այս անգամ էլ Աստծո զորությամբ փրկվեցինք։
Նման դեպքում հողը չի ճաքում, այլ պատռվում է հողի կուրծքը` պատրաստ տանելու իր ներսը երկրային ամեն ինչ։ Մարտական սխրանքներով հպարտանում ու շատ ժամանակ ամաչում ենք ի տես դարձնել մեր գունատված դեմքը, մեր ծանր հոգեկան ապրումները...
Այդ պահերին շունչներս պահում ենք, կարոտում այն լռությունը, որ երբեմն չենք գնահատել։
Արդեն երկրորդ օրն է, որ համացանցն անհասանելի է, բայց հուսամ՝ օդային տագնապի տակ կատարած օրվա գրառումս մի օր տեսանելի կդառնա։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 49443 անգամ