Պարոն Վարչապետ, այդ ո՞վ է անթասիբ, հայաստանցի՞ն… Այն հայաստանցին, ում երեխաները մեկ ամիս է ինչ հայրենիքի սուրբ սահմանների վրա անօրինակ սխրանքներ են գործում ու մատաղվում են հայրենիքի պաշտպանության սուրբ զոհասեղանին:
Ասում եք՝ « Իմ հրամանն էն է, որ ամեն տղամարդ հենց հիմա պետք է ոտքի կանգնի և գնա զինկոմիսարիատ:» Այն ո՞ր հայ տղամարդն է մինչև հիմա հրամանով ռազմաճակատ մեկնել, երբ պատերազմի առաջին իսկ օրերից կամավորականների հերթեր են գոյանում: Եվ ինչո՞ւ միայն հայ, հայաստանցի եզդիները, ասորիները, հույները, մոլոկանները, ազգային փոքրամասնությունների մյուս տղամարդիկ, պակա՞ս թասիբով նետվեցին ռազմաճակատ ու պակա՞ս է նրանց անձնվիրությունը:
Այն, ո՞ր հայ կինն է իր որդուն, ամուսնուն, եղբորը փեշի տակ պահել… Որդեկորույս մայրերն անգամ զսպում են իրենց մեծ կսկիծի ցավն ու ի լուր աշխարհի ազդարարում, որ հայրենիքն ավելի թանկ ու անփոխարինելի է, քան իրենց նահատակված որդիները:
Իհարկե, կան ու կլինեն դասալիքներ, անթասիբներ, բայց նրանց չնչին քանակն այն որակը չէ, որ ստիպի երկրի Գերագույն Գլխավոր հրամանատարին նման եզրակացության հանգել: Կամրջի վրա ուղտի պարը վտանգավոր է ողջ քարավանի համար, քարվանբաշին զգոն պիտի լինի:
Սփյուռքը կա և եղել է մեր արյունակից հարազատը, մեր ցավակիրը, աշխարհում մեր ձայնը հանրահռչակողը, մեզ նյութապես, բարոյապես սատարողը, անգամ՝ աշխարհի չորս ծագերից գալով՝ հայրենիքի պաշտպանների շարքերում զինվորագրվողը, բայց ոչ երբեք Հայաստանում ապրող իր հարազատներից հայրենասիրությամբ ու թասիբով տարբերակվածը, թեկուզ՝ օրինակելիի առումով: Մենք նույն ընտանիքի զավակներն ենք՝ նույն զգացմունքներով ու նվիրվածությամբ, միայն հնարավորություններն են տարբեր և ամեն մեկս, հանուն հաղթանակի ներդրած մեր հնարավորությունների գերագույն չափով՝ անմնացորդ ենք: Տուրք չպետք է տալ պսեվդոհայրենասիրական մրցակցությանն ու համեմատություններին:
Այսօր , թիկունքում, բուժկայաններում մարդիկ իրենց արյունն են տալիս, մայր ու մանուկ պաշտպանիչ ցանցեր են գործում, անվադողեր են հավաքում, հանգանակություններ են կատարում, մթերք ու հագուստ են նվիրաբերում, կուտակում, ուղարկում բանակին, բուժաշխատողները գիշեր ու զոր պայքարում են կովիդով տառապողների ու ռազմաճակատում վիրավորվածների կյանքը փրկելու համար, գրողներն ու նկարիչներն իրենց գրքերն ու կտավներն են վաճառում, երաժիշտներն ու դերասաններն իրենց արվեստը ծառայեցնում են զինվորի ու թիկունքի ժողովրդի մարտունակ ոգու կրակը թեժ պահելուն: Անգործ ու անհոգ մարդ չես գտնի… Ամեն մեկի հույսը, սերն ու հավատը մեկ հասցեատեր ունի՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ և մեկ հավատամք՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:
…Երեկ, 10-12 տարեկան աղջնակներ ու տղաներ, մոտեցան ինձ և առաջարկեցին 2021 թվականի օրացույց գնել՝ ասելով, որ հավաքված գումարը բանակի համար է: Գնեցի: Սա արդեն երրորդ օրացույցն է, որ գնում եմ, չհաշված՝ մի քանի բանկա մուրաբաները, որ հասարակական մի կազմակերպության դաստիարակչուհիներն էին պատրաստել և նույն նպատակով վաճառքի հանել իրենց սաների միջոցով: Օրացույցի վրա մեր մարտնչող զինվորների, իսկ ֆոնում՝ Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետի՝ Ձեր, խրոխտ հայացքով նկարներն են: Ես վստահ եմ, որ հաջորդող՝ 2022, 2023,2024… թվականների օրացույցների վրա էլ, թասիբով ու հպարտությամբ, Ձեր և Արցախի նախագահի նկարները լինելու են, բայց՝ խաղաղ, կապուտակ երկնքի ֆոնի վրա, այն երկնքի, որի խաղաղությունը, հաստա՛տ, բերելու ենք մեր պանծալի բանակի ու թասիբով ժողովրդի հաղթանակով: Դա անկասկած է:
Իսկ Ձեր վիճահարույց խոսքը, որն առիթ ծառայեց սա գրելու, համարենք Ձեր գերլարված աշխատանքի ու նյարդերի պրկվածության արդյունք: Մարդ ենք, քար չենք: Այս լարված օրերին ամենադժվարին, ամենապատասխանատու գործը երկրի ղեկավար ու բանակի հրամանատար լինելն է… Դիմացեք, դժվարությունները միասին ենք հաղթահարելու և ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:
Գրող, դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ`
Սամվել Խալաթյան