Լուսաբացը մեզ անակնկալի բերող հրետակոծությամբ դիմավորեցինք2020-10-31 23:42:00
Հոկտեմբերի 31։
Լուսաբացը մեզ անակնկալի բերող հրետակոծությամբ դիմավորեցինք։ Ցնցվեցինք, մեզ հավաքեցինք ու դարձանք քարացած սպասում...
Այդ սպասումը երջանկաբեր է դառնում, երբ երկարում է, երբ հասցնում եմ մի քանի տող շարել մեր ապրած օրերից...Օրերը տնքում են ցավից, ու այդ օրերում լուսավոր պահեր կան, լուսավոր դեմքեր, որ ապրեցնում են ու մտովի տանում մեզ գալիք լուսավոր օրեր։
Պարզվում է` այդ անիծվածներին Աստծո պատիժն էլ չի օգնում, երբ վաղուց համոզվել ենք, որ նրանց համար գոյություն չունի ոչ մի բանակցություն, այն լինի հրադադարի թե զինադադարի տեսքով։ Զարմանա՞նք այս ոճրագործների սփռած ավերածություններից, երբ առայսօր դիվանագիտական հարթակներում երկու կողմերին նույն զգուշացումներն են տրվում, նույն մեղադրանքները...Երբ իրերն իրենց անուններով չեն կոչվում, երբ ոչ մի պատժամիջոց չի սահմանվում այդ ոճրագործների հանդեպ...
Ո՞ւմ հարցնենք, թե մինչև երբ պիտի գերտերությունների, միջազգային կառույցների աչքերը փակ լինեն այս ցեղասպան մոլագարների վայրագությունների հանդեպ...
...Այսօր պարզ ու միամիտ աղջկան հուսադրեցինք, ով արտասվում էր...Այո՛, լացեց նա, ով մտավոր հիվանդ էր, միշտ ժպտերես, միշտ լուռ, բայց բոլորիս հուզեց, երբ տեղափոխվում էր, բաժանվում մեզանից։ Այս նոր ընտանիքից հեռանալն էլ ցավոտ էր։ Աչքերիս արցունքն աննկատ սրբեցի` հոգուս մեջ սեղմած հայի դառը ճակատագրի հարվածները։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 2018 անգամ