Պատերազմից հետո կամ դրան զուգընթաց. ո՞վ է «ուտելու» բյուջեն2020-11-04 20:03:00
Հեղափոխությունից հետո, ինչպես հայտնի է, ոչ միանշանակորեն ընկալելի հարցերից մեկը դարձավ պարգևավճարների թեման: Այնքան պարգևավճար, որքան բաժանվել է վերջին երկուսուկես տարվա ընթացքում հայրենի չինովնիկներին ու երեսփոխաններին, թերևս, երբեք չի տրվել երկրի նորանկախ պատմության որևիցե փուլում:
Նոյեմբերի 2-ին, 2021 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ կայացած քննարկմանը բացահայտվել է հաջորդ տարվա բյուջեով նախատեսված պարգևավճարների չափը: Ըստ այդմ՝ 2021-ի պետական բյուջեով պարգևատրումների համար նախատեսված է մոտ 19 մլրդ դրամ՝ չհաշված քաղծառայողների և այլնի համար նախատեսվածը, որ ավելի քան 21%-ով ավելին է նախորդ տարվա ցուցանիշից:
Ընդ որում՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել է, որ առայժմ որևէ քննարկում որևէ ուղղությամբ որևէ փոփոխության մասին ժամանակավրեպ է: Հետաքրքրական է, որ սրան զուգահեռ նախարարը հայտարարել է՝ 2020 թ.-ի համար կանխատեսվում է 6%, իսկ 2021 թ.-ի համար՝ 4.8% տնտեսական անկում. պատրաստվում են շատ պարտք ներգրավել:
Ներկայումս շարունակվող պատերազմը, որ հայտնի չէ, թե դեռ որքան կտևի, իր կանոններն է թելադրել անխտիր բոլորին՝ սոցիալական բոլոր խմբերին: Այդ կանոններից մեկն էլ, անշուշտ, խնայողական ռեժիմին անցման հարկադրանքն է, որին պետք է հետևել՝ անկախ այն բանից՝ հարուստ ես, թե՝ աղքատ, պետական չինովնիկ ես, թե՝ շարքային գործազուրկ: Եթե այլևս ռեսուրսների պայքարի վերածված պատերազմում ցանկանում ենք հաղթել, ապա պետք է «ձգենք գոտիներն» ու պահենք ռազմաճակատը. հաղթելու է այն բանակը, որի թիկունքն առավել ամուր է, առավել կենսունակ:
Պարգևավճարների այն ահռելի չափը, որը նախատեսվում է բյուջեով, որքանո՞վ է արդարացված՝ հաշվի առնելով վերոհիշյալ գործոնները: Ի՞նչ է ստացվում, «գոտիները ձգելու են» միայն հասարակներն, իսկ ահա պետության հաշվին սնվողները պարարտանալո՞ւ են՝ ասենք հակակոռուպցիոն պետական միջոցառումների շրջանակներում՝ հայրենասիրության մասին իրենց պատկերացումները ռեալիզացնելով մեկ այլ կերպ: Իսկ թե կոնկրետ ինչպես, առանձնապես հասկանալի էլ չէ:
Նույնիսկ եթե պատերազմը հենց վաղն ևեթ ավարտվի, իսկ Ալիևն էլ ընդունի Արցախի անկախությունն՝ ազատագրված տարածքների հետ միասին, ապա դրանից Հայաստանի պետության առաջ ծառացած գերխնդիրները բնավ չեն ավարտվելու, քանի որ խնդիր է լինելու ոչ միայն Արցախը վերականգնելն, այլև Հայաստանի տնտեսությունն ինչ-որ կերպ փրկելը՝ համավարակային այս ժամանակաշրջանոմ: Թե՞ դիցուք Արցախի վերականգնման հարցում հայրենի չինովնիկների հույսն էլի Սփյուռքն է լինելու ու դրամահավաքները, իսկ ահա բյուջեն վայելելը լինելու է լոկ «ընտրյալների» մենաշնորհը, որն արդարացնելու համար որոշները կարող են, օրինակ, բարեգործությամբ ինքնափիառվել ու հերթական անգամ սեփական «ես»-ն այդպես կերակրել:
40 մլն դոլարը ծախսելու տեղ չկա՞, թե՞ էլի խնդիր է դրված՝ վարչական ռեսուրսը պահելու ու այն հետպատերազմյան շրջանում քաղաքականապես կապիտալիզացնելու:
Բա հայրենասիրությո՞ւնը…
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 1741 անգամ