Ես խորհուրդ եմ տալիս նրանց` լուռ նայել այս նկարներին ու հասկանալ, թե ովքեր էին թիկունքը պահողները2020-11-09 00:28:00
Նոյեմբերի 9։
Հայաստանում եմ։ Չզարմանաք, բայց պիտի գրեմ, որ պատերազմական օրերի 44_րդ գիշերը մարդավայել քնեցի...
Արցախի թիկունքը պահողներիս անցած օրերի ապրումներով ու նոր օրերի հավատով կփորձեմ երբեմն տեսանելի դարձնել մեզ, երբ չիմացանք հանգիստ քնելն ինչ է 42 օր շարունակ և գումարած մեկ գիշեր, երբ մայր Հայաստանի ճանապարհին էինք։
Այն հյուրանոցը, որ Ստեփանակերտում ապաստարան դարձավ մեզ համար, տուն էր, մի ընտանիք, որ ապրեց հրետակոծության տակ, ռումբերի պայթյունների կողքին, երբեմն գիշերային խավարում, իսկ խաղաղ պահերի ընդմիջումներին աչք էինք փակում` այսպես կանգնած, նստած կամ գլուխներս սեղանին թեքած, առանց բացելու մեր անկողինները։
Սիրում ու հարգում եմ իմ բոլոր ընկերներին, ովքեր անհանգիստ ապրումներով ամեն օր սպասել են գրառումներիս։ Բայց մի փոքրիկ ուղերձ նրանց, ովքեր, պատերազմից հեռու գտնվելով, փափուկ բազկաթոռներին նստած, ինձ խորհուրդ են տալիս խուճապ չառաջացնել իմ գրառումներով։ Ես խորհուրդ եմ տալիս նրանց` լուռ նայել այս նկարներին ու հասկանալ, թե ովքեր էին թիկունքը պահողները, ովքեր տեղից տեղ տարհանվելով` Աստծո կամքով փրկվել ու հասել են Հայաստան` ամեն վայրկյան սպասելով տունդարձի ավետիսին։
Սա իմ նոր տունն էր պատերազմական օրերի Արցախում, այդ ընտանիքի մի քանի անդամներն են, որոնցից հեռու լինելով` այս պահին էլ կարոտում եմ նրանց ու մեր անցած անհանգիստ օրերը։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1565 անգամ