Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ պետին՝ Գեորգի Կուտոյանին շատերը կարող են համարել երջանիկ աստղի տակ ծնված: Մարդը 35 տարեկանում նման բարձր պաշտոն զբաղեցրեց և երկրի բարձրագույն իշխանության սիրելին է: Էլ ի՞նչ է պետք Կուտոյանին լիակատար երջանկության համար:
Սակայն պարզվում է, որ, այնուամենայնիվ, կա մի բան, որը նա դեռ չունի: Մարդը տուն չունի: Ճիշտ է, Կուտոյանին դեռ ոչ ոք չի տեսել փողոցներում գիշերելիս և ոչ էլ լուրեր կան, թե նա հանրակացարանում է ապրում, ամեն դեպքում ԱԱԾ պետն իր եկամուտների և ունեցվածքի մասին հայտարարագրում գրել է, որ չունի ոչ բնակարան և ոչ էլ ավտոմեքենա: Շատ ավելի ցավալի է, որ նրա ծնողների հայտարարագրերից ևս պարզ է դառնում, որ նրանից և ոչ մեկը անշարժ գույք չունի:
Եթե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեծահոգի գտնվի, ապա կարող է Գեորգի Կուտոյանին մի համեստ բնակարան նվիրել, մանավանդ որ վերջին շրջանում քաղաքապետը առատաձեռնորեն աջ ու ձախ տուն է բաժանում: Իսկ եթե այդ տարբերակը չստացվի, այդ դեպքում Կուտոյանից կպահանջվի քրտնաջան աշխատանք: Նա հիմա ունի ընդամենը 2 միլիոն դրամ, իսկ աշխատավարձի դիմաց ստացել է 5 միլիոն 243 հազար 580 դրամ: Կուտոյանի կինն էլ՝ Հասմիկ Բիշարյանն ունի ևս 5 միլիոն դրամ: Մի 3-4 տարվա բարեխիղճ աշխատանք, մի փոքր խնայողություն, և գեղեցիկ մի օր կլսենք, որ Երևանի ծայրամասային թաղամասերից մեկում Կուտոյան ամուսիններն իրենց բնակարանամուտն են նշել: