Հոկտեմբերի 26_ին, երբ դեռ Շուշի ունեինք ու շատ ավելին, զիջումներ չեղան հայկական կողմից. գոնե այդպես Արցախի ողնաշարը չէր կոտրվի...2020-11-15 00:04:00
Նոյեմբերի 15։
Օրեցօր ավելացող զոհեր, մի քանի հազարի հասնող ահռելի մեծ կորուստ, անհայտ կորած ու հազարների հասնող հաշմանդամ տղաներ...
Ինչու՞ այսքան ավելացան, այն է՞լ թաքցվում էր...Իսկ ես, Արցախում լինելով, չէի հավատում հերթափոխի եկած անծանոթ զինվորների խոսքին, որ զոհվածների թիվը շատ ավելին է, քան ներկայացվում է հանրությանը։ Ուրեմն այստեղ էլ մենք խաբվեցինք...
Այս պահին իմ մտապատկերում դեմքեր կան, ովքեր մեկընդմեջ առաջարկում էին, որ ժամանակին դուրս գանք Արցախից, քանի որ վիճակը շատ ավելի ծանր է, քան մեզ էին տեղեկացնում «հաղթելու ենք» սին կոչի տակ։
Այդ օրերին այն հատուկենտ կանանց մեջ ես ամենամեծ ընդդիմադիրն էի ու չէի ուզում հեռանալ, հավատում էի, որ մենք հաղթելու ենք, ու պիտի այնքան մնանք, որ հաղթանակ տոնենք։ Ստացվեց, որ այստեղ էլ խաբվեցինք։
Ինչու՞ չհավատացի նրանց, ովքեր երբեմն մեզ պատմում էին թշնամու ձեռքին մնացած մեր տարածքների մասին, ու չէի հավատում ականատեսներին` հայացքս հառելով հեռուստացույցի էկրանին, որ այնտեղից տեղեկանամ «ճշմարտացի և ավելի ստույգ» լուրերին։
Ինչու՞ եմ այսքանը գրում։
Եթե պատերազմում հօգուտ թշնամու բեկում կար, ինչու՞ գոնե վերջին զինադադարի ժամանակ` հոկտեմբերի 26_ին, երբ դեռ Շուշի ունեինք ու շատ ավելին, զիջումներ չեղան հայկական կողմից։ Գոնե այդպես Արցախի ողնաշարը չէր կոտրվի...
Եվ ի՞նչ ստացվեց...Եթե հաղթող էինք, որ հնչեցնում էին միշտ, որտե՞ղ մնաց մեր հաղթաթուղթը, եթե պարտվող էինք, ինչու՞ այնքան կորցրինք, որ հետո պարտության խարանով ի տես դառնանք աշխարհին...
Իսկ որտե՞ղ մնացին մեր հայորդիների անօրինակ սխրանքները...Այս օրերին ստվերի տակ թողեցին նրանց` ի տես դարձնելով ահռելի մեծ կսկիծ` մեր ստվարացող զոհերի թվով ու կորցրած հայրենի բնակավայրերով։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 934 անգամ