Տեսախցիկների առաջ ուսուցչուհին հանկարծ վերհիշում է, թե ինչ բան է վարկը, պատիվը, հարգանքը...
2016-02-15 17:30:00

Արդեն մեկ ամսից ավելի է՝ Հայաստանի ամենատարբեր դատարաններում ընթանում են հանրաքվեի արդյունքները կեղծած քաղաքացիների դատավարությունները, իսկ դրանց վերջը դեռ չի երևում: Այսօր էլ մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը լսեց ընտրակեղծարարության մեջ մեղադրվող թիվ 104 միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Անահիտ Աթայանի գործը և նրան տուգանեց 600 հազար դրամով։ Աթայանը մեղադրվում էր հանրաքվեի օրը կրկնակի քվեարկություն կատարելու մեջ։


Բայց այս մանկավարժի դատն աչքի էր ընկնում ևս մեկ առանձնահատկությամբ: Բանն այն է, որ դատական նիստի ժամանակ Աթայանը միջնորդել էր արգելել տեսանկարահանումը: Նրա պատճառաբանությունն ուղղակի ցնցող էր: Կրթական համակարգի այս ներկայացուցիչը բացատրել էր, որ նկարահանումները կարող են վարկաբեկել իր հեղինակությունը։ Թող նաև զարմանալի չթվա, որ դատարանը բավարարել էր նրա միջնորդությունը։


Ստացվում է, որ մեր որոշ իրավագետներ ու ուսուցիչներ բավական արտառոց պատկերացում ու մտածելակերպ ունեն հեղինակություն ասվածի մասին: Կարելի է հանցանք ու զանցանք կատարել, կարելի է դատարանի դռներն ընկնել և չմտածել այն մասին, որ դու այլևս ազնիվ մարդ չես: Իսկ ահա տեսախցիկների առաջ հանկարծ վերհիշում են, թե ինչ բան է վարկը, պատիվը, հարգանքը: Հիմա մնում է հավատալ, որ չնկարահանված Աթայանի պատիվն ու անունը 600 հազար դրամով կդառնան մաքրամաքուր ու կույս:

 

Shame.am

Այս նյութը դիտել են - 1483 անգամ