Հիմարին էլ է պարզ, որ այս իշխանությունները թիթեռի կյանք ունեն այլևս
2020-11-15 21:02:00
Մինչ բոլորը փորձում են հստակորեն հաշվել պատերազմի հետևանքով հայկական կողմի տված զոհերի հստակ թիվը (դրանք, ըստ շրջանառվող տեղեկությունների, մոտենում են 5000-ի, ինչն էականորեն ավելին է պաշտոնական թվերից), երկրում մի նոր՝ հումանիտար ճգնաժամ է հասունանում: Մասնավորապես՝ անհայտ է մնում փախստական դարձած արցախցիների ճակատագրի հարցն, որոնցից շատերը, մոլորվելով «նոր» Հայաստանի իշխանությունների անտարբերությունից, սկսել են հետ վերադառնալ:
Հոկտեմբերի 14-ին հենց Երևանի քաղաքապետարանի մոտից արցախցիներից շատերը ավտոբուսներով մեկնում էին Հայաստանից՝ արդարացիորեն բողոքելով իրենց ծայրահեղ վիճակից. նրանցից շատերին անգամ ժամանակավոր կացարան չի տրվում, բավարար նյութական աջակցություն չի ցուցաբերվում, մարդիկ հացի փող չունեն:
Փաստացի Հայաստանն անպատրաստ է գտնվել ոչ միայն մեծ պատերազմին, որի մասին տարիներ ի վեր հնչում էին նախազգուշացումներ, այլև, ինչպես ցույց է տալիս ներկա վիճակը, պետությունն անպատրաստ է հումանիտար աղետը կանխելու հարցում: Ցանկացած պատերազմ առաջ է բերում ոչ միայն ռազմաքաղաքական խնդիրներ, այլև հումանիտար ոլորտում այնպիսի մարտահրավերներ, որոնց լուծման արդյունավետությունը կախված է լինում այն հարցից, թե ինչպիսին է այն պետական համակարգի կենսունակության աստիճանը, որը սպասարկում է տվյալ հասարակութանը, ապահովում նրա բնականոն գործունեությունը:
Ունի՞ Հայաստանի կառավարությունն այս խնդիրների լուծման ծրագրի գոնե ուրվագիծը, ի՞նչ է լինելու արցախցի փախստականների հետ, երբ նրանց տունդարձը կարող է կյանք արժենալ: Գոնե հիմա ՀՀ կառավարությունը պատրաստ կլինի՞ ասենք հսկայական թվերի հասնող պարգևավճարների ֆոնդի պարունակությունն ուղղել սույն խնդրի լուծմանն ու գոնե ինչ-որ կերպ մեղմել իրավիճակը՝ չհաշված մի շարք հիմնադրամների հաշիվներին հենց հիմա առկա տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիոնավոր դոլարները, թե՞ Փաշինյանի կապիտուլացված թիմը կնախընտրի ուտել բյուջեի փողն անգամ ստեղծված իրավիճակում՝ ինքն իր համար ինչ-որ դատարկ արդարացումներ մոգոնելով: Մյուս կողմից՝ հարց է, թե կհասցնե՞ն, արդյոք, ուտել հարկատուների միջոցներն, եթե հիմարին էլ է պարզ, որ այս իշխանությունները թիթեռի կյանք ունեն այլևս:
Միաժամանակ մեծ հարց է այն, թե փախստականների՝ Հայաստանում մնալը քաղաքականապես որքանո՞վ կարող է ձեռնտու լինել ՀՀ իշխանություններին, ովքեր, ցավալի է, բայց փաստ, կարծես թե փորձում են դիմադրել. Նիկոլին ձեռնտու չէ փախստականների մնալը, քանի որ ավելանում է բողոքավոր զանգվածն, իսկ ընթացող ցույցերի պարագայում այդ հարցը կենսական է դառնում իշխանությունների համար: Պատահական չէ, որ մամուլում արդեն իսկ շրջանառվում են տեղեկություններ, որ փախստականներին սպառնում են՝ ցույցերին մասնակցելու դեպքում կզրկեն կացարանից և այլն:
Ստեղծված իրավիճակում, երբ, փաստորեն, շատերին այլևս անհնար է պահել Հայաստանում, և մարդիկ, ոչինչ հաշվի չառնելով, վերադառնում են Արցախի տարբեր բնակավայրեր, պետությանը մնում է գոնե այս իրավիճակում ինչ-որ օգնություն ցուցաբերել Արցախ վերադարձողներին, և հույսը չդնել ասենք Արայիկ Հարությունյանի բարեսրտության վրա՝ հատկապես որ հայտնի էլ չէ՝ որն է այդ մարդու կարգավիճակը կատարվածից հետո, ով բացարձակապես չի վայելում և ոչ մեկի վստահությունը:
Այս նյութը դիտել են - 969 անգամ