ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, ՓԱՍՏԱՑԻ, ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԵՄ . Hraparak
2020-11-17 20:54:00
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այսօր առավոտյան հանդես է եկել հայտարարությամբ, որում մի չափազանց ուշագրավ տեղեկություն կա, ինչը վկայում է, որ երկրի քաղաքական ղեկավարությունն ու հատկապես Նիկոլ Փաշինյանը տեղյակ են եղել, որ պատերազմում հաղթանակն անհնար է, բայց այն դադարեցնելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկել՝ ժողովրդին սնելով հաղթանակի մասին կեղծ լուրերով։ 
Տեսե՛ք, թե ինչ է գրում Օնիկ Գասպարյանը: Նա ասում է, որ 2020 թ. հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց` նաև Անվտանգության խորհրդին ներկայացրել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները: Որպես Գլխավոր շտաբի պետ՝ նա վարչապետին և Անվտանգության խորհրդին զեկուցել է հետևյալը. 
«Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն»:
Ուշադրություն դարձրեք, դրանից երկու ամիս անց, արդեն օգոստոսի 10-ին, վարչապետ Փաշինյանը Սևրի դաշնագրի 100-ամյակի կապակցությամբ հանդես եկավ ուղերձով, որում ասվում էր.«Սևրի պայմանագիրը... մնում է այդպիսին մինչ այսօր»: Ստացվում է, որ մի կողմից Գլխավոր շտաբը զեկուցում էր վարչապետին Թուրքիայի` սպասվող պատերազմում հնարավոր նեգրավման մասին և կոչ անում դիվանագիտական ջանքեր գործադրել խուսափելու պատերազմից ու դրանում Թուրքիայի ներգրավվածությունից, իսկ մյուս կողմից վարչապետն ինքը, խախտելով 1991թ. ի վեր Հայաստանի միմյանց հաջորդած տարբեր իշխանությունների կողմից Թուրքիային երբեք հողային պահանջներ չներկայացնելու քաղաքական խորամիտ ձեռագիրը, անում է ճիշտ հակառակը` օգոստոսի 10-ին, ըստ էության, այդ ուղերձով արձանագրում է Թուրքիայից հողային պահանջներ ունենալու հանգամանքը:
Փաստորեն, վարչապետի «ժողովրդահաճո» այդ քայլը` օգոստոսի 10-ի ուղերձը, ստացվում է այլ բան չէր, քան վերահաս պատերազմից առաջ աննախադեպ դիվանագիտական սադրանք կամ ուղղակի բաց հրավեր Թուրիքիային` ամբողջովին ներգրավվելու սպասվող պատերազմում: Դա եղել է գիտակցվա՞ծ դավաճանություն, թե՞ կատարյալ անմեղսունակությամբ թելադրված ազգասպանություն, կպարզի ժամանակն ու գալիք իրադարձությունները:
Այս նյութը դիտել են - 1692 անգամ