«Ժողովուրդ».Անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետք է դիմել Պուտինին
2020-11-24 21:59:00
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտն դարձել անհետ կորած զինծառայողների հարազատների եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 23-ին տեղի ունեցած հանդիպումից: Մեր տեղեկություններով՝ հանդիպմանը ներկա գտնված ծնողներն այնքան էլ գոհ չեն մնացել վարչապետի հետ հանդիպումից, քանի որ հստակ պատասխաններ չեն ստացել: Ավելին, մեր տեղեկություններով՝ ծնողների շատ հարցերի պարագայում հնչել են ոչ հասցեական պատասխաններ, եւ վարչապետը խոսել է նաեւ այլ թեմաներից, փորձել բացատրել, թե ինչու այդպես ստացվեց:
Իսկ երբ ծնողները հարցրել են, թե ինչու չեն կարողանում գտնել անհետացած զինվորներին կամ նրանց մարմինները, Փաշինյանը մանրամասնել է, թե այդ տարածքները, որտեղ պետք է որոնողական աշխատանքներ կատարվեն, գտնվում են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, եւ այնտեղ կարող են որոնողական աշխատանքներ իրականացնել միայն նրանց թույլտվության առկայության պարագայում: Եվ Փաշինյանը նաեւ անկեղծացել է, թե պետք է դիմի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ այդ աշխատանքները կազմակերպելու ու ռուսական կողմի միջնորդությամբ դրան հասնելու համար:
Հանդիպումը, սակայն, միայն Փաշինյանի մասնակցությամբ տեղի չի ունեցել, եւ նոյեմբերի 23-ին անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպել են նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, լսել նրան, սակայն կրկին դժգոհ մնացել: Երեկ էլ ծնողների մեկ այլ խումբ է հանդիպել ՀՀ վարչապետին, եւ վերջինս արդեն հայտարարել է, թե որոնողական աշխատանքները մեկնարկել են:

Այս նյութը դիտել են - 1848 անգամ