Գայլերին նշանակել են գառների պահակ
2016-02-16 11:41:00

http://usarmenianews.com/files/4354556d/1322/1835eeb8a6fb.jpgՄի տեղ ես կարդացի, որ Դաշնակցությունն ու Հանրապետականը միանում են Կրեմլի հրահանգով: Հստակ տեղեկատվություն չունեմ, բայց ինձ թվում է, որ Կրեմլին բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ են Հայաստանում անում այս երկու, ինչպես նաեւ մնացած կուսակցությունները: Իհարկե, զուտ տեսականորեն կարելի է ենթադրել, որ ՀՅԴ-ի հակաթուրքական հռետորաբանությունը այս պահին կարող է Ռուսաստանին դուր գալ, եւ այդ երկիրը դեմ չէր լինի, որ Հայաստանի ղեկավար օղակներում հայտնվեր նման կուսակցություն: Բայց դա Ռուսաստանի համար 1000-րդական նշանակություն ունի: Պայմանավորելը հայաստանյան որեւէ ներքաղաքական գործընթաց Կրեմլի, Սպիտակ տան կամ, ասենք, Բրյուսելի մտադրություններով` դա գուցե համարվում է «քաղաքագիտական խորը վերլուծություն», բայց իրականում, ի վերջո, օտարամոլության դրսեւորում է: Նույնը՝ հակառակ «բեւեռի» մասին ենթադրությունները: ԱՄՆ կառավարությունը մոտ 750 հազար դոլար է հատկացրել մեր կառավարությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Դա կարելի է, իհարկե, դիտարկել որպես յուրահատուկ հումոր՝ գայլերին ոչ միայն նշանակում են գառների պահակ, այլեւ դրա համար «աշխատավարձ» են վճարում: Բայց այդ, համաձայնեք, տարօրինակ քայլին տրվում է ավելի տարօրինակ բացատրություն՝ իբր Միացյալ Նահանգներն իրականում շահագրգռված է, որ Հայաստանում խորանա կոռուպցիան, եւ հենց դրա համար է փող տալիս մեր կոռումպացված կառավարությանը: Բայց կոռուպցիան Հայաստանում «բարեհաջող» զարգանում է առանց արտասահմանյան դրամաշնորհների, եւ կասկածել, որ որեւէ նոր նվիրատվություն դրան կնպաստի՝ տրամաբանական չէ: Այս տարօրինակ դրամաշնորհի հետ կապված հակված եմ ենթադրել այլ բան՝ որ մարդիկ Արեւմուտքում միամտաբար ենթադրում են, որ մեր պաշտոնյաները գողանում են գիտելիքների պակասի պատճառով: Բավարար է, ասենք, հավաքել որեւէ «ուժային ոլորտի» բարձրաստիճան աշխատակիցներին մի գողտրիկ վայրում եւ մի քանի շաբաթ նրանց հետ սեմինար անցկացնել, եւ այդ մարդիկ կդադարեն կաշառք վերցնել, բիզնեսներին «տանիք կանգնել» եւ այլն: Իրականում այդ պաշտոնյաներին ոչ թե սեմինարներն են պակասում, այլ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում հարմարավետ խցերը: Բայց այդ երեւույթները աշխարհի «ուժային կենտրոնների» դավադրության հետ կապ չունեն. ոչ ոք չի ստիպում մեր պետական համակարգին կոռումպացված լինել, ինչպես ոչ ոք չի պարտադրում միավորվել հայաստանյան կուսակցություններին եւ դաշինք կազմել: Ընդհանրապես ինձ թվում է, որ ամերիկացիները, ռուսները, եվրոպացիները, հրեաները, մասոնները (եթե այդպիսիք կան) ոչ առանձնապես մեր լավն են ուզում, ոչ էլ վատը՝ նրանք ապրում են իրենց կյանքով եւ հետապնդում են իրենց շահերը: Այն «վատությունները», որոնք մենք ենք մեզ անում, առնվազն 10 անգամ ավելի մեծ են, քան ցանկացած դրսի դավադրություն: Նույնիսկ «համաշխարհային»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ  / «Առավոտ» օրաթերթ

 

Այս նյութը դիտել են - 1566 անգամ