«Հրապարակ». Եթե ընդհանուր գծերով նկարագրենք տեղի ունեցածը, ապա կարելի է ասել, որ Փաշինյանը մինչեւ պատերազմն սկսվելն է հասկացել, որ տարածքների վերադարձով կորցնելու է իշխանությունը: Թե ինչից է հասկացել՝ կդժվարանամ ասել, բայց որ հասկացել է, կամ նրան գլխի են գցել, միանշանակ է:
Պատերազմի առաջին օրերի նրա պահվածքը վկայում է, որ որոշել էր կռվել եւ պահել տարածքային ստատուս քվոն, բայց այդ որոշումը, այսպես ասեմ, հայի վերջին խելքն էր, որ ուշացումով այցելել էր նրան: Իսկ ավելի ուշ նա հասկացավ, որ պատերազմն էլ իր խելքի բանը չէ: Ադրբեջանը տարածք առ տարածք առաջ էր շարժվում, ու թշնամու ամեն քայլը թափահարում էր Փաշինյանի երերացող աթոռը: Չէին օգնում նաեւ ՀՀ ՊՆ-ի եւ հայտնի ՊՈԱԿ-ի ֆեյք զեկույցները՝ զգետնել ենք, օդ ենք հանել, գյոռբագյոռ ենք արել, դժոխք ենք քշել… Պատերազմի դաշտից հավաստի լուրերը շատ արագ էին տեղ հասնում, եւ առնվազն Երեւանում գիտեին, որ Հայկական բանակի զորամիավորումներն ու կամավորական ջոկատները հարավային ուղղությունում հայտնվել են մսաղացի մեջ եւ հսկայական կորուստների գնով (մարդուժ եւ տեխնիկա)՝ կա՛մ անցել Հայաստան, կա՛մ փրկվել ԼՂԻՄ նախկին սահմաններում: Փաշինյանին մնացել էր մեկ զենք՝ իր անուղղելի պոպուլիզմը, որը, եթե հաշվի առնենք նրա կնոջ եւ որդու՝ Արցախում գտնվելու փաստի առնչությամբ սոցցանցերում եւ մամուլում բարձրացված աղմուկը, առաջվա էֆեկտիվությունը չուներ:
Ավաղ, Շուշին դարձավ այն վերջին բարձունքը, որի «անկումից» հետո Փաշինյանը սպիտակ դրոշ բարձրացրեց եւ տառացիորեն փախավ մարտադաշտից՝ հայրենիքի պաշտպանությունը հանձնելով օտար խաղաղապահների: Ասել, որ այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը հաշտվեց աթոռը կորցնելու մտքի հետ, սուտ կլինի: Նա տենդագին արդարացումներ էր որոնում եւ ընտրություն չէր կատարում մեղավորներ նշանակելու հարցում: Նրա համար բոլորն էլ ընդունելի մեղավորներ էին՝ գեներալներ, զորահրամանատարներ, սերժանտներ, զինվորներ, 18-20 տարեկան երեխաներ, կամավորներ, ազատամարտիկներ, նախկիններ, կիսանախկիններ, առաջին գծում հայտնված ոստիկաններ, անգամ հպարտ քաղաքացիներ, որոնք վճռական պահին այնքան էլ հպարտ չէին պահում իրենց: Հինգ հազար զոհ ունեինք, հազարավոր անհետ կորածներ ու գերի, կորցրած 5 շրջան ու մի բան էլ ավելի: Մեղավոր չէր միայն մեկ մարդ, եւ պետք էր ուժերի գերլարումով հանրությանը համոզել, որ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է: Ինչպե՞ս անել դա:
Կապիտուլյացիան կատարյալ էր, խայտառակ փաստաթղթի տակ դրված էր Հայաստանի Հանրապետության ստորագրությունը: Ադրբեջանին են անցնում նաեւ այն շրջանները, որոնք պատերազմի թատերաբեմ չէին դարձել, Ադրբեջանը տիրանում է Հադրութին եւ Շուշիին… Երեւանը փոթորկվում է՝ ցույցեր, երթեր, հանրահավաքներ, սկսվում է ազգի պարտության մղձավանջը՝ դավաճանություն է տեղի ունեցել, Փաշինյանն իր ապիկարությամբ տապալել է ամեն ինչ, Փաշինյանն Արցախը հանձնելու իր հրեշավոր ծրագիրն է իրականացրել, հակառակորդը Շուշին չի գրավել, քաղաքը նվիրել են նրան, գեներալներին թույլ չեն տվել կռվել, զենք-զինամթերք չեն մատակարարել, զոհվածների մեծ մասը զրահաբաճկոն ու սաղավարտ չի ունեցել, զինվորներն օրերով սոված են մնացել բաց դաշտում, ջուր չեն հասցրել…
Թվում էր՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կռվի դաշտից մազապուրծ փախած Փաշինյանն այլեւս ոչինչ չունի անելու, քան գլխիկոր հեռանալը:
Բայց՝ ոչ:
Պարզվեց, որ պատերազմին պատրաստվելուց ավելի լավ Փաշինյանը պատրաստվել էր իր իշխանությունը պահելուն: Լավ իմանալով, թե ինչ խայտառակ զինադադար է կնքել, ու ինչ արձագանք է ունենալու այն Երեւանում, Փաշինյանի շտաբը կազմակերպեց կառավարության տուն եւ ԱԺ ներխուժումները, բեմադրեց վարչապետի օծանելիքի եւ համակարգչի գողությունը, ցուցադրեց կառավարական առանձնատան եւ թիվ մեկ ընտանիքի անդամների անպաշտպան վիճակը: Եթե Նիկոլը չգիտի, ապա ասեմ, որ սա հանրահայտ գունավոր սցենար է․ կինոյի տղեն, օրինակ՝ Սահակաշվիլին, մի կերպ փրկվում է իր դեմ կազմակերպված մահափորձերից ու հարձակումներից: Բա չեք ասի, Նիկոլն էլ մի կերպ պրծավ մեռնելուց, մահափորձ էին ծրագրել, մարդիկ կան ձերբակալված… Համարելով, որ իր անձի հանդեպ խղճահարությունն այլեւս առկա է, Փաշինյանն անցավ պլան Բ-ին, այն է՝ արդարացմանը, որ դրսեւորվեց «ես պատասխանատու եմ, բայց ես պատասխանատու չեմ» երկաթյա կոնցեպտի գործադրմամբ: Պարզվեց, որ եթե Արցախը չտայինք, ավելի շատ զոհեր էին լինելու: Հետո անցավ «մուննաթի»՝ եթե չստորագրեի, Ստեփանակերտն էր ընկնելու, լավ եմ արել, որ ստորագրել եմ, 30 հազար զորք եմ փրկել՝ 5 հազար զոհ տալու իրավունք չունե՞մ… Սպասեք տղերքս դիրքերից գան, տեսք ինչ եմ դնելու վնգստացող ընդդիմության գլխին:
Այս ոճով Փաշինյանի վերջին գրառումն ավելի բորբոքեց կրակը: Վախեցավ, ժամուկես սրբագրում էր ինքզինքը, բայց դրանից հետո Երեւանի փողոցներում զրահապատ սեւազգեստ «չերեպաշկաներ» հայտնվեցին, այսպես կոչված՝ «սամուրայներ»՝ իրենց տարողունակ ֆուրգոններով, եւ սկսեցին բողոքի ակցիաների մասնակիցներին խումբ-խումբ բերման ենթարկել: Ապա, ժողովրդի աչքերին թոզ փչելու համար, Փաշինյանն սկսեց թիմակից նախարարների եւ մանրումիջին պաշտոնյաների «գենոցիդը», որ եթե այլ պայմաններում կարող էր երկրին նշանակալի օգուտ բերել, ապա այս իրավիճակում ծառայեց միայն Փաշինյանի մասին այն սխալ պատկերացումների ձեւավորմանը, թե նա ամուր նստած է իր աթոռին ու աշխատում է իրեն չխնայելով: Ձեռքի հետ էլ գեղեցիկ հարցազրույցներ է տալիս արտասահմանյան ԶԼՄ-ներին, համոզում, որ իր հրաժարականի պահանջ, որպես այդպիսին, չկա, ժողովուրդն իր հետ է եւ այլն: Եվ պլան Բ-ն այսքանով ավարտվում է:
Ունի՞, արդյոք, Փաշինյանը պլան Գ: Այս հարցին պատասխանելու համար պետք է առնվազն Փաշինյան լինել: Ստոր արարածը միայն կարող է այսքանից հետո պլաններ որոճալ՝ պատերազմից հսկայական կորուստներով դուրս եկած պետության դեմ նոր դավեր նյութելու եւ համատարած հանրային մղձավանջը երկարաձգելու համար:
Այո, Փաշինյանի մնալով երկարաձգվում, տեւական է դառնում պարտությունը: Փաշինյանի համառությունն անուն չունի: 45 օր տեւած պատերազմից անցել է մոտ մեկ ամիս: Արդեն մեկ ամիս է՝ շարունակում ենք պարտվել խաղաղ իրավիճակում, պարտվել ինքներս մեզ: Եվ գիտե՞ք ինչու: Որովհետեւ Փաշինյանը համառ է՝ կեղծ կույր, որ իբր չի տեսնում շարունակվող պարտությունը: Ըստ նրա՝ ոչ մի բողոք, ոչ մի պարտություն էլ չկա, պարզապես հայ ժողովրդի մեծ ցանկությունն է իրականացվել՝ տալ Արցախն ու խաղաղ ապրել:
Էդիկ Անդրեասյան