ՀՀԿ-ի հերոսական բալլադը
2016-02-16 11:45:00

http://usarmenianews.com/files/4354556d/1323/26263153e4cf036b.jpgՀանրապետական կուսակցության անդամներին բավական ոգևորել է իրենց առաջնորդի ծրագրային ելույթը: Սակայն նրանցից ոչ բոլորն են լիովին ըմբռնել շեշտադրումների ուղղվածությունը: Եթե Սերժ Սարգսյանն իր խոսքում մատնանշում էր բոլոր բացթողումները և այն օղակները, որոնք պատասխանատու են դրանց համար, ՀՀԿ-ականների տպավորություններում նստվածք են տվել միայն ելույթի լուսավոր հատվածները:

Օրինակ, Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նույնիսկ լուրջ խնդիրներ ունի ժամանակի և տարածության մեջ կողմնորոշվելու հարցում և այն կարծիքին է, թե նախագահի խոսքը եղել է պատմական անդրադարձ: Այդ իսկ պատճառով էլ Ավետիսյանն ասում է. «Մենք հերոսաբար փորձում ենք շտկել նախորդ իշխանությունների սխալները: Անհրաժեշտ է ճիշտ գնահատել խնդիրները, որ գոյություն ունեն ու որոնք բարձրացնում է նախագահը, և համապատասխան հետևություններ անել»:

Հերոսական էպոպեայի սուքիասյանական հատվածը, որ լուրջ տարակուսանքներ է հարուցում, մենք դեռ կարող ենք շրջանցել, մի բան, ինչն անհնար է անել այն դեպքում, երբ խոսվում է նախորդ իշխանությունների մասին: Սա ո՞ր ժամանակների հիշատակումն է: Որքան մեզ է հայտնի, Հանրապետականն արդեն 17 տարի իր ձեռքում է պահում երկրի իշխանության ղեկը: Եվ 17 տարի շարունակ նա միայն սխալնե՞ր է շտկում:

Մի պահ ընդունենք, որ նախորդների պատճառած վնասներն աղետալի են եղել: Բայց այն քաղաքական ուժը, որ 17 տարի շարունակ զբաղվել է միայն շտկելով ու ոչ մի հաջողության չի հասել, ունի՞ բարոյական իրավունք հավակնելու հետագա կառավարմանը: Այս հարցի պատասխանը ՀՀԿ-ակաները, թերևս, ստանան իրենց հերոսից՝ Սուքիաս Ավետիսյանից:

Այս նյութը դիտել են - 1434 անգամ