Եթե պարոն Փաշինյանը հրաժարական տա, դա ես կհամարեմ դավաճանություն. Զարեհ Սինանյան
2020-12-01 22:55:00
Պետությունը և ժողովուրդը չէր պատրաստվել այս պատերազմին, թեև բոլորը գիտեին, որ մոտենում ենք պատերազմին: Այս կարծիքին է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում Սինանյանը նշել է.
«26 տարի պետությունը չէր պատրաստվել այս պատերազմին: Վերջին երկու տարում պարզապես թվերով կարող ենք ասել, որ գոնե ավելի շատ էր պատրաստվել, քան, ասենք, նախորդ տարիների ընթացքում, բայց միևնույն է, չէր պատրաստվել՝ ինֆրաստրուկտուրաներով, տնտեսությունը մեծացնելով, դեմոգրաֆիկ խնդիր լուծելով և բնակչությունը մեծացնելով, որպեսզի բանակը մեծ լինի և այլն…»:
Զարեհ Սինանյանի խոսքերով՝ ցեղասպանությունն անցած ժողովուրդը ոչ մի դաս չի քաղել անցած տարիների ընթացքում:
«Մենք մշակութային լրջագույն արատներ ունենք: Քաղաքական էլիտաները պատմականորեն նախընտրում են թալանել իրենց սեփական ժողովրդին, ոչ թե այլ ազգերին ու հարևաններին, ոնց որ մյուսներն են անում, այլ նախընտրում են իրենց ֆինանսական բարօրությունն ի հաշիվ սեփական ժողովրդի և պետության, քան ազգային համընդհանուր ապահովությունը և դրանից բխող նաև համազգային հարստությունը: Երբ որ պետությունը ուժեղ է, երբ որ պետությունը կայացած է, պաշտպանված է, բոլորն են ի վերջո հարստանում: Բայց երբ որ դու մենակ քեզ համար մի փոքր խմբով թալանում ես, թալանում ես, թալանում ես, ոչինչ չես ստեղծում, բանակը թույլ ես պահում, արդյունքը սա է լինում»,- նշում է Սինանյանը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջներին՝ Սինանյանը նշում է.
«Որ հեռանա, հետո ի՞նչ: Մինչև «հետո ինչ»-ի պատասխանը չտրվի, մինչև մենք չունենանք երաշխիք՝ հիմնված ճանապարհային քարտեզի վրա, թե ով է փոխարինելու, որը ավելի լավ է աշխատելու, խոսել հրաժարականի մասին՝ անպատասխանատվություն է: Այսինքն, եթե պարոն Փաշինյանը մեկ շաբաթ առաջ կամ երկու շաբաթ առաջ կամ այսօր հրաժարական տա, դա ես կհամարեմ դավաճանություն: Ես ուզում եմ հասկանալ՝ բա լավ, ի՞նչ է լինելու: Կործանվո՞ւմ ենք, վե՞րջ: Էնտեղ 17 մարդ-կուսակցություններ կան, նախկին թալանչիական բանդայի անդամներ, գալիս են իշխանությա՞ն»:
Ըստ Զարեհ Սինանյանի՝ այս պահին ամենահեշտ բանը հրաժարականն է ու նաև ամենաանպատասխանատու քայլը:
Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև:
Այս նյութը դիտել են - 2530 անգամ