Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ շվեյցարական HSBC բանկում խոշոր գումարների լվացման դեպքերի և կասկածելի անձանց ցանկում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունն ընդգրկելու մասին, լրագրողները որոշեցին ավելի հեռուն գնալ ու պարզել, թե ուրիշ ինչ հայեր կան, որոնք փող են պահ տվել նույն տեղում: Եվ ահա «Հետքի» հրապարակումից տեղեկանում ենք, որ այնտեղ հաշիվ ունի նաև Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար Ռադիկ Մարտիրոսյանը:
Փաստը բացահայտելուն պես ակադեմիկոսը բավական անհարմար իրավիճակում հայտնվեց և շտապեց պարզաբանում տալ, թե ինչ ներքին կապով են կապված իր անունն ու ամերիկյան կանաչ թղթադրամները: Ու պարզվեց, որ պատմությունը շատ հեռուներն է գնում:
«Երբ ես Երևանի պետական համալսարանի ռեկտորն էի, Շահե սրբազանը համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետի դեկանն էր, և նա մի անգամ ինձ ասաց, որ ցանկություն ունի իր միջոցներից Աստվածաբանական ֆակուլտետի համար ամեն տարի ինչ-որ մասով գումար տրամադրել: Նա ասում էր, որպեսզի այդ գումարը գնա ոչ թե համալսարան, այլ Աստվածաբանական ֆակուլտետին, ուզում եմ, որ դա ձեր անվամբ լինի»,- ասել է Ռադիկ Մարտիրոսյանը:
Շահե սրբազանը վաղուց է վախճանվել: Նա ոչ կարող է հաստատել, ոչ հերքել այս վարկածը: Մի տեսակ շատ հարմար է գալիս վկայակոչել հանգուցյալին ու հեռու մնալ պատասխանատվությունից: Սակայն Ռադիկ ակադեմիկոսին դա դեռ բավարար չէ: Նա ուզում է ընդհանրապես մաքուր դուրս գալ տհաճ իրավիճակից և իր պատմությունն այսպես է շարունակում. «Գումարն ունեցել է երկու հաշիվ: Դա նշանակում է, որ եթե Շահե սրբազանինն է, ես առանց իրեն չեմ կարող օգտվել և, իրոք էլ, անցած ամբողջ տարիների ընթացքում ես այդ հաշիվների ո՛չ հաշվեհամարն եմ ունեցել, ո՛չ օգտվել եմ: Շահե սրբազանի մահանալուց հետո այդ բոլոր ինֆորմացիան որտեղի՞ց պետք է իմանայինք»:
Իսկապես որ առեղծվածային կացություն է, այնպե՞ս չէ: Մարդու անունով հաշիվ են բացում, բայց նրան չեն տալիս ոչ ինֆորմացիա, ոչ փող: Այդ դեպքում իմաստը ո՞րն էր: Սրբազանը նույն հաջողությամբ կարող էր գումարը պահել միայն իր անունով և ֆակուլտետին հատկացնել այնքան փող, որքան սիրտը կուզեր: Էլ չենք խոսում այն մասին, որ անցած 10 տարիների ընթացքում Ռադիկ Մարտիրոսյանն այդ հաշվեհամարի մասին երբեք չի տեղեկացրել, իսկ հիմա էլ խոսեց, քանի որ, ինչպես ասում են, «ցանցն է ընկել»:
Թողնենք ակադեմիկոսին իր հեքիաթների հետ ու միշտ հիշենք, որ որտեղ կան մեծ փողեր, միշտ էլ կլինեն մեծ գաղտնիքներ: