Աթո՜ռ, աթո՜ռ, մինչև վերջ...2020-12-09 12:30:00
Մինչ ընդդիմությունն ու հանրության բացարձակ մեծամասնությունը պահանջում են Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի ամբողջական հեռացումը, ինքը՝ Փաշինյանն ու թիմակիցները կարծես թե բոլորովին այլ պլաններ են գծագրում՝ հույս ունենալով ոչ միայն հնարավորինս հետաձգել սեփական հրաժարականն, այլև, թերևս, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ինչ-որ կերպ վերարտադրվել կամ առնվազն իրենց համար ոտնատեղ ապահովել ապագայի խորհրդարանում: Համենայն դեպս՝ դատելով Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթներից՝ վերջինս, դեմ լինելով տասնյոթ կուսակցությունների բարձրաձայնած ճանապարհային քարտեզին, կարծես թե այնքան էլ չի առարկում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարին:
Միևնույն ժամանակ այս օրերին չափազանց հատկանշական է դարձել Փաշինյանի թիմակիցների կամ առնվազը նրանց առանձին ներկայացուցիչների կողմից դրսևորվող վարքը: Եթե մի շարք իմքայլականներ նախընտրում են վայր դնել մանդատն ու հեռավորություն պահպանել Փաշինյանից, ապա ոմանք, ընդհակառակը, ոչ միան չեն պատրաստվում լքել իրենց «մարդ դարձրած», բայց երկիրը ծախած իշխանություններին, այլև լծվել են նրանց ատամներով պաշտպանելու գործին:
Օրինակ՝ նիկոլական պատգամավոր Արամ Խաչատրյանն, ով դեկտեմբերի 8-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել, և ով, ասում են, կարող է դառնալ Լոռվա մարզպետ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հանձնած հողերի թեմային և ակնհայտորեն փորձելով ինչ-որ կերպ արդարացնել կապիտուլյացիոն ակտը, հայտարարել է. «…Ոչ թե Ադրբեջանն էր մեզանից պահանջում այդ տարածքները, այլ ամբողջ աշխարհն էր պահանջում և ՄԱԿ-ի կոնվենցիայով էլ էր այդպես, իսկ որ վարչապետը իր զրոյական կետից էր ուզում սկսել, այո, այդպես է, բայց հակառակորդը զգաց, որ ժամանակը իր օգտին չի գնում, և սանձազերծեցին այս պատերազմը»,-միաժամանակ վստահություն հայտնելով՝ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել. շփվելով մարդկանց հետ՝ տեսնում է, թե մարդիկ ինչպես են իրեն ընդունում:
Միաժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում անդադար բարձրաձայնած այն միտքը, թե իր պաշտոնավարման շարունակականության հարցում վճռորոշ է իրեն իշխանության բերած ժողովրդի տեսակետն ու կեցվածքը, ուրիշ ոչինչ, փորձել է ինքնատիպ կերպով «ռասկրուտկա» անել նախկին «գայիշնիկ» իմքայլական Արմեն Խաչատրյանն, ով, արձագանքելով կաթողիկոսների հայտնի ուղերձներին, հայտարարել է, թե կաթողիկոսը ժողովուրդ չէ, և ոչ էլ Արամ Առաջինն է ժողովուրդ։ «Կաթողիկոսն ու Արամ Առաջինը չեն մեզ ընտրել: Կա ընտրազանգված, որն ինձնից հստակ պահանջում է քայլերի հաջորդականություն, ինչն էլ ես անում եմ։ Երբ ժողովրդի ցանկությունները կփոխվեն, ես իմ կարծիքը կհայտնեմ»։
Հույսերը, թե Նիկոլ Փաշինյանը կարող է անարյուն հեռանալ, հետզհետե մարում են: Իշխանական թիմից եկող արձագանքները վկայում են, որ ԱԺ մեծամասնությունը չի պատրաստվում անվստահություն հայտնել Փաշինյանին, քանի որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, կեղծարարներն (նկատի ունի 17 կուսակցություններին ու այս օրերին ցույցերի դուրս եկած բազմահազար մարդկանց, որ պահանջում են իր հրաժարականը) իրավունք չունեն պահանջել ու իրականացնել իշխանափոխություն:
Միաժամանակ իմքայլական պատգամավորների կեցվածքը հուշում է, որ ոչ մի հեղինակություն չի կարող հավակնել ներազդել իրենց որոշման վրա, իսկ պետական դավաճանության մեջ իրենց մեղադրելն ուղղակի անազնիվ է, քանի որ ասենք «ոչ թե Ադրբեջանն էր մեզանից պահանջում այդ տարածքները, այլ ամբողջ աշխարհն էր պահանջում և ՄԱԿ-ի կոնվենցիայով էլ էր այդպես»:
Մեկնաբանել վերոհիշյալ իմքայլականների դուրս տված ախմախություններն, իհարկե, չունի իմաստ, քանի որ ամեն ինչ պարզ է առանց նույնիսկ հպանցիկ վերլուծությունների: Միակ բանը, որ հիմա կարող է էական համարվել, միակ հարցը, որ այժմ օդից կախվել է, այն է, թե թեկուզ տեսականորեն հնարավո՞ր է իշխանությունների վերարտադրություն տեղի ունենա արտահեթ ընտրությունների միջոցով, թե՞ ոչ: Փաշինյանի՝ խորհրդարանում ունեցած վերջին ելույթներում արված շեշտադրումներից հետևում է, որ նա դեմ չի լինի արահերթ ընտրություններին, որ կարող են անցկացվել, փաստորեն, «Իմ քայլի» կուրացիայի ներքո:
Ի՞նչն է ստիպում իշխանություններին դրսևորել ինքնավստահություն ու չմերժել արտահերթ ընտրությունների գաղափարը:
Կա, թերևս, համոզմունք, որ իշխանություններից հասարակական դժգոհությունը տոտալ չէ: Այն, որ ընդդիմության ցույցերն աչքի չեն ընկնում ակնկալված մարդաշատությամբ, երևի ստիպում է իշխանություններին ավելորդ հույսեր ունենալ. ոնց էլ չլինի, իրենք անցողիկ շեմը կհաղթահարեն, իսկ ա՛յ արտախորհդրանական ընդդիմությունն ու դրան միացածները չեն կարող իշխանություն դառնալ, քանի որ «նախկին են», քանի որ «ռոբասերժական են»:
Իրականում, սակայն, Փաշինանն ակնհայտորեն թերագնահատում է հայ հասարակության սթափության աստիճանն ու մոռանում մեկ բան՝ սեփական քաղաքական անցյալը. Նիկոլը Սերժին մերժելու արդյուքնում դարձավ վարչապետ Փաշինյան, և, եթե անկեղծ, ապա 2018-ին հասարակությունը քվեարկեց ոչ թե հանուն նիկոլի, այլ՝ ընդդեմ Սերժի: Հիմա կարղ է կրկնվել նույնը, քանի որ այժմ Նիկոլը պակաս մերժելի չէ ժողովրդի կողմից, քան այն ժամանակ՝ Սերժը: Եվ ուրեմն՝ արտահերթ ընտրությունները կարող են ոչ պակաս ռիսկային լինել իշխանությունների համար, քան ընտրությունների հետաձգումը, եթե, իհարկե, ոմանք չեն փորձի վերակենդանացնել ընտրակեղծարարությունների հին մեխանզմները: Այն, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է արագորեն նոր մարզպետների «քասթինգ» իրականացնել, կարող է վկայել նաև արտահերթ ընտրություններին մի լավ պատրաստվելու ցանկության մասին՝ նկատի ունենալով երբեմնի «բարի» ավանդույթները:
Ստեղծված իրավիճակում Նիկոլի համար իսկական փրկօղակ կարող էր դառնալ սեփական աջակիցներից բաղկացած հուժկու միտինգների անցկացումը, բայց երևում է՝ վարչապետին նույն հատուկ ծառայությունները հուշել են յան տալ այդ մտքից. «հեղափոխության պահապաններից» բացի դժվար թե որևէ մեկը համարձակվի կանգնել Արցախը հանձնած ու քաղաքական մահկանացուն կնքած գործչի կողքին:
Այս նյութը դիտել են - 1210 անգամ