Արտակարգ իրավիճակ՝ Վաշինգտոնում. ինչ է սպասվում աշխարհին.1in
2021-01-07 05:35:00
1in.am. ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում պարետային ժամ է և արտակարգ դրություն, որը հաստատված է առնվազն մինչև հունվարի 20-ը՝ մինչև նոր նախագահ Բայդենի պաշտոնամուտի արարողություն: Ինչպես հայտնի է, դրա պատճառը անկարգություններն են, որ նախագահ Թրամփի կոչով նրա կողմնակիցները հրահրել են նախօրեին: ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում էր նախագահի ընտրությանը հաղթած Բայդենի հաղթանակը ամրագրելու հարցը, ըստ կարգի: Թրամփը, որ չի ճանաչում իր պարտությունը և հայտարարում է կեղծիքների մասին, կոչ էր արել կողմնակիցներին հավաքվել Կապիտոլիումի դիմաց: Հավաքը, սակայն, վերածվել է անկարգության, և մասնակիցները ներխուժել էին Կապիտոլիումի շենք, սենատորների աշխատասենյակներ, հնչել են անգամ կրակոցներ, և կա զոհ:
ԱՄՆ պատմության համար սա աննախադեպ երևույթ է առնվազն վերջին երկու հարյուրամյակների ընթացքում: Նախագահ Թրամփը փաստորեն գնաց այդ քայլին, սադրեց անկարգություն և նախագահի պաշտոնը հանձնելուց առաջ փաստորեն հասավ արյունահեղության: Նրա վարքագիծն աջակցություն չի գտել անգամ հանրապետական կուսակիցների շրջանում: Ներկայումս խոսվում է նույնիսկ այն մասին, որ կարող է նախաձեռնվել Թրամփի պաշտոնանկություն մինչև պաշտոնավարման ավարտը, որին, սակայն, մնացել է փաստորեն մոտ երկու շաբաթ:
Տեղի ունեցողը անշուշտ լոկ ներամերիկյան իրադարձություն չէ, եթե ընդհանրապես գերտերության առումով կա նման իրադարձություն՝ զուտ ներամերիկյան: Որովհետև ԱՄՆ ներսում տեղի ունեցող որևէ զարգացում անգամ կարող է բերել այդ երկրի հասարակական տրամադրությունների տրանսֆորմացիայի, որն էլ իր ազդեցությունը կարող է թողնել ԱՄՆ քաղաքական վարքագծի վրա լայն իմաստով: Կապիտոլիումի իրադարձությունները կթողնեն այդ ազդեցությունը, կբերեն խորը զարգացումների, կթողնեն քաղաքական հետք, թե ոչ՝ դեռ պետք է հասկանալ: Ըստ էության, ԱՄՆ-ում փաստորեն Թրամփի միջոցով, այսպես ասած, հրահրվել կամ նախաձեռնվել է մի բան, որն, օրինակ, շատ բնորոշ է եղել հետխորհրդային մի շարք երկրների կամ նախկին ԽՍՀՄ ազդեցության մի շարք երկրների՝ հետընտրական ցնցումներ:
Իհարկե, այստեղ փաստորեն կա մի ուշագրավ առանձնահատկություն: Այդ երկրներում իշխող էլիտաները չեն հանձնել իշխանությունը ընտրության արդյունքում, իսկ հանրությունն ու ընդդիմությունները բողոքել են ընտրակեղծարարության դեմ: ԱՄՆ ներկայիս իրավիճակում ընտրակեղծարարությունից բողոքում է գործող նախագահը, գործնականում միայն ինքը և հրահրում հետընտրական անկարգություն, որը փաստորեն հանգեցնում է առնվազն մեկ զոհի: Ինստիտուցիոնալ գերազդեցության և կայունության երաշխիք ԱՄՆ-ը ստանում է այդ հարցում շոշափելի հարված, և դա կարող է էական ազդեցություն ունենալ համաշխարհային արժեհամակարգային միջավայրի վրա:
Համաշխարհային անվտանգության վրա ԱՄՆ քաղաքական գործընթացները էական ազդեցություն կամ ավելի շուտ՝ հետևանք ունենում են արդեն չորս տարի՝ նախագահ Թրամփի պաշտոնավարումից ի վեր, ինչի ծանրություններից մեկը փաստացի իր վրա զգաց նաև հայկական պետականությունը: Ի վերջո, հարկ է թերևս ուշադրությունից բաց չթողնել այն, որ Արցախի դեմ պատերազմը կանգնեց այն բանից հետո, երբ նոյեմբերի 8-ին հայտնի դարձավ ԱՄՆ-ում դեմոկրատ Բայդենի հաղթանակի մասին: Այդ իմաստով, ի դեպ, վաշինգտոնյան անկարգությունների ֆոնին մենք էլ թերևս հայտնվում ենք անվտանգային միջավայրի առումով բավականին տագնապալի երկշաբաթյա փուլում:
Այս նյութը դիտել են - 1420 անգամ