ՄԵՆՔ ԾՆԿԻ ՉԵԿԱՆՔ, ԲԱՅՑ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈՐՑՐԻՆՔ...2021-01-11 10:24:00
Ձեռքիս տակ 11-րդ դասարանի աշակերտուհի Անժելիկա Սամվելյանի պատերազմական հիշողություններն են: Նա պատերազմից հետո, հանգամանքներից ելնելով, մնաց Հայաստանում, ում հանդեպ նույնչափ կարոտ ու սեր ունեմ:
«Դուք միշտ էլ ինձ համար օրինակելի կերպար եք, և ես անչափ հպարտ եմ, որ Դուք իմ դասղեկն եք եղել։ Ձեզ անչափ սիրում ու կարոտում եմ, տիկի՛ն Պողոսյան»։
«Չգիտեմ խոսքս ինչից սկսեմ ու ինչով ավարտեմ։ Եվ որքա~ն շատ ներսումս կուտակված ցավ ու տառապանք կա: Ժամանակին մեծահասակները վշտացած պատմում էին պատերազմի մասին և խնդրում Աստծուն, որ մենք ունենանք անհոգ ու անպատերազմ մանկություն, իսկ հիմա ես եմ աղերսում, որ նոր սերունդը չտեսնի պատերազմ։ Այդ չարաբաստիկ օրը մի ակնթարթում կարծես փուլ եկավ աշխարհը, ու նորից վերապրեցի այն, ինչ տեսել ու զգացել էի տարիներ առաջ։ Ես նորից հեռացա իմ քաղաքից, տնից, դպրոցից, հորիցս...Թվում էր՝ երազ է, կարծում էի՝ մեկ-երկու օրից ամեն ինչ կհանդարտվի, ու մենք բոլորս կանցնենք մեր բնականոն կյանքին։ Այդ օրը աշխարհագրություն դասավանդող ուսուցչուհուս հետ ուղևորվեցինք իր հայրենի գյուղը: Լեռների գրկում գտնվող այդ գյուղում էլ մերթընդմերթ լսվում էին ականջ խլացնող ձայները։ Ու ես ամեն մի որոտից հետո սարսափում էի, չէի ուզում պատկերացնել, թե ինչ էր այդ պահին կատարվում առաջնագծում։
Իրար հերթ չտվող գույժեր ու զոհված հերոսների անուններ, կոտրված սրտեր ու խեղճացած հայացքներ, սպանող լռություն ու անգութ թշնամի... Ցավն անդառնալի էր, ու այն գնալով արմատավորվում էր ներսումս։ Ես չեմ ուզում խոսել մեր պարտության մասին, որովհետև չկա պարտություն, չեմ պատրաստվում քննարկել բարբարոսի հաղթանակ տոնելու խնջույքները, որովհետև նրանց հաղթանակի մասին խոսք լինել չի կարող։ Մեր պատմությունն ուսումնասիրելու ժամանակ էլ հասկացել եմ, որ չի եղել որևէ պատերազմ, որ ոսոխը հաղթի մեզ միայնակ՝ առանց թշնամի հայի միջամտության։ Այս պատերազմի ավարտին մեզ պատիժ հասավ երկնային Տիրոջից։ Աստված պատժեց մեզ մեր սխալների համար, պատժեց, որովհետև նույն սուրբ հողի վրա և՛ հայրենասեր քաջորդիներ կան, և՛ փողապաշտ ու պաշտոնասեր արարածներ...Թեև կորուստներ շատ ունեցանք, թեև հայրենիք կորցրինք, այնուամենայնիվ, մենք ծնկի չեկանք։ Այն հողը, որտեղ հայի արյուն է թափվել, որտեղ դարեր շարունակ ապրել ու արարել է հայը, չի կարող իր ներսում թշնամուն ապրեցնել։ Ես ցանկանում եմ մեր երկրում հավիտենական խաղաղություն լինի, որ այդ անիծյալ հրթիռների փոխարեն կապույտ երկնքում սավառնեն ճերմակաթև աղավնիներ, հայը չպետք է մասնատվի, երբ հաղթելու մեծ առաքելություն ունի իր առջև:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1033 անգամ