ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ԱՆՊԱՏԻԺ ՄՆԱՑ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆ 2021-01-16 23:06:00
Ռաֆիկ Ներսիսյանը Նոր Հայկաջուր գյուղը կորցնելուց հետո տեղափոխվել է մեր դպրոցի 6-րդ ա դասարան: Ուրախ էր, որ ինքը տեսանելի է դառնալու, բայց չկարողացավ զսպել իրեն, նա արտասվեց, երբ գյուղը թողնելու, իրենց բազմանդամ ընտանիքի տարհանման ու դաժան պատերազմի մասին էր խոսում:
«Սեպտեմբերի 27-ը կյանքիս ամենավատ օրն էր։ Առավոտ շուտ արթնացել էինք ես ու տատիկս։ Հայրիկս գնացել էր ծառայության։ Լսեցինք պայթյուններ... Արթնացրինք երեխաներին ու գյուղից դուրս եկանք։ Ես վախից լացում էի։ Գյուղից դուրս գալիս մտածեցի՝ գուցե էլ չեմ վերադառնա մեր գյուղը, մեր դպրոցը, իսկ այնտեղ կային շատ թանկ հիշողություններ։ Շուրջբոլորս տեսա, որ շատերն են արտասվում: Մենք գնացինք հորաքրոջս տուն՝ Հովտաշեն։ Այնտեղ մնացինք երեք օր։ Հետո գնացինք Հայաստան՝ Աբովյանի շրջան, Կապուտան։ Հայրիկս ու հորեղբայրներս գտնվում էին կռվի դաշտում։ Որքա~ն շատ էի կարոտում նրանց: Հոկտեմբերի 31-ի գիշերը եղավ ամենավատը, հայտնեցին, որ մեծ հորեղբայրս զոհվել է։ Նա հրաշալի անձնավորություն էր... Հետո լսեցինք, որ հողեր են հանձնում, մեր գյուղն էլ էր մնում թշնամուն։ Հայրիկս ստիպված եղավ Մարտակետ քաղաքում փնտրել վարձով տուն...
Բայց անպատիժ մնաց մեր թշնամին այնպես, ինչպես 1915 թվականին: Սպանվեց մեկուկես միլիոն հայ, այդ ժամանակ էլ կույր ձևացավ աշխարհը, չընդունվեց Հայոց ցեղասպանությունը։ Իսկ այս պատերազմում զոհվեցին մեր 18-ից 20 տարեկան զինվորները, մեր կամավորականները... Արդյունքում՝ հանձնեցին բերդաքաղաք Շուշին, մեր գյուղերը...
Այդքանից հետո ես հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, մենք կրկին ապրելու ենք ազատ, անկախ Արցախում»։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1460 անգամ