Ազգային ժողովում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է մշակի Վերահսկիչ պալատի մասին նոր օրենքի նախագիծ ու այն համապատասխանեցնի 2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրության պահանջներին:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Սերժ Սարգսյանը ստորագրել էր «Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին» հրամանագիրը, որի համաձայն՝ ՀՀ տասներկու՝ Ընտրական եւ Դատական օրենսգրքերը, ՎՊ, Հանրաքվեի, Կուսակցությունների, Կենտրոնական բանկի մասին եւ մի քանի այլ օրենքներ պետք է փոփոխության ենթարկվեն:
Մենք տեղեկացրել էինք, որը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի եւ սահմանադրագետ Վարդան Պողոսյանի մասնակցությամբ արդեն գործում է նոր Ընտրական օրենսգիրքը մշակող աշխատանքային խումբ, որը գործում է կառավարությունում, եւ որտեղ որեւէ պատգամավոր ներառված չէ: ՎՊ մասին նոր օրենքը մշակող աշխատանքային խմբում ներառված են պատգամավորներ, եւ խումբը գործունեությունը ծավալում է խորհրդարանում: Նախագծի մշակմանը մասնակցում են ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները: Խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ նաեւ կառավարությունից, ՎՊ-ից, արդարադատության եւ ֆինանսների նախարարություններից ու այլ կառույցներից: Խմբին փորձագիտական աջակցություն է ցուցաբերում Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը՝ GIZ-ը:
Ինչ վերաբերում է ՎՊ-ին, ապա նոր Սահմանադրությամբ գրեթե ամբողջությամբ փոխվել են այդ մարմնի լիազորությունները, նշանակությունն ու կարգավիճակը: Նախ, այն այսուհետ պետք է կոչվի Հաշվեքննիչ պալատ: Եթե նախկին Սահմանադրությունն ամրագրում էր, որ ՎՊ-ն «անկախ մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների եւ պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ», ապա նոր Սահմանադրության 198-րդ հոդվածի համաձայն՝ «Հաշվեքննիչ պալատն անկախ պետական մարմին է, որը հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության նկատմամբ»:
Եթե մինչ այժմ ՎՊ տարեկան ծրագիրը հաստատում էր Ազգային ժողովը, ապա նորով Հաշվեքննիչ պալատն ինքն է դա որոշելու եւ հաստատելու: Եթե ՎՊ-ն տարեկան առնվազն մեկ անգամ ԱԺ է ներկայացնում իր վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվությունը, ապա ՀՊ-ն ԱԺ է ներկայացնելու իր գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում, պետական բյուջեի կատարման մասին եզրակացություն, իսկ օրենքով սահմանված հատուկ դեպքերում` նաեւ ընթացիկ եզրակացություններ: Եվս մի էական փոփոխություն՝ եթե նախկինում ՎՊ նախագահը նշանակվում էր ՀՀ նախագահի առաջարկությամբ՝ ԱԺ-ի կողմից, նոր Սահմանադրության համաձայն՝ ՀՊ նախագահին ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է խորհրդարանը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Երկու դեպքում էլ սահմանված է պաշտոնավարման 6 տարի ժամկետ:
Նախատեսվում է, որ Հաշվեքննիչ պալատի մասին օրենքը մինչեւ տարեվերջ պետք է ընդունված լինի, իսկ այդ մարմինը կձեւավորվի 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո: Ի դեպ, ԱԺ-ում արդեն կարծիք կա, որ հաջորդ տարի, երբ ձեւավորվի այդ կառույցը, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը չի լինելու դրա ղեկավարը: Հատկապես որ անցած տարիներին նրա պաշտոնավարման հետ կապված բավականին աղմկոտ իրադարձություններ տեղի ունեցան: Նախ, տարիներ շարունակ մեղադրանքներ են շրջանառվել, որ նա ՎՊ-ի կողմից ստուգվող կազմակերպություններից ստվերային գումարներ է ստացել: Այնուհետեւ 2012թ. գործունեության հաշվետվությունը ներկայացնելիս՝ նրա այն հայտարարությունը, թե բյուջեի մոտ 70 տոկոսը գտնվում է կոռուպցիոն ռիսկի տակ, իշխանության մեջ բավական մեծ աղմուկ բարձրացրեց:
Հիշեցնենք, Սերժ Սարգսյանն անմիջապես նիստ հրավիրեց ու Իշխան Զաքարյանին հրապարակավ զգուշացրեց. «Դուք պարզ պետք է հասկանաք, որ որեւէ մեկը ձեր կարծիքը չի ակնկալում լսել: Բոլորի համար մեկ է, թե դուք ինչ կարծիք ունեք դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին: Դուք հիասթափված եք, ոգեւորված եք, դա ձեր անձնական խնդիրն է: Ձեր տանը կարող եք դրա մասին խոսել: Երբ գաք իմ կաբինետ, իմ կաբինետում կարող եք դրա մասին խոսել:
ՎՊ նախագահն ի՞նչ իրավունք ունի այդպիսի հրապարակային արտահայտություններ անել: Այդ դեպքում ինչպե՞ս կլինի, ի՞նչ ասեմ, օրինակ, երբ ՀՔԾ ղեկավարը սկսի գնահատել ՎՊ-ի աշխատանքը»: Այդ հայտարարությունից հետո անցել է երեքուկես տարի, եւ Իշխան Զաքարյանն այլեւս աղմկոտ բացահայտումներ ու հայտարարություններ չի անում, խուսափում է գալ ԱԺ՝ շփվել պատգամավորների ու լրագրողների հետ: Եվ այս ընթացքում այնպիսի տպավորություն է, որ ՎՊ-ն չի աշխատում: Փոխարենը նրան անընդհատ հետապնդում է հարցը, թե որտեղի՞ց իր մի քանի միլիոն դոլար արժեցող դղյակը:
Երեկ փորձեցինք ՎՊ օրենքը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Գագիկ Մինասյանից մեկնաբանություն ստանալ, թե արդյոք նոր օրենքը կունենա՞ այնպիսի մեխանիզմներ, որ եթե ՀՊ նախագահն իր պաշտոնավարման ընթացքում ձեռք բերի մի քանի մլն դոլարանոց դղյակ, դրա մասին ոչ միայն պատգամավորներն ու լրագրողները, այլեւ համապատասխան իրավապահ մարմինները հարցադրումներ անեն: «Հաշվեքննիչ պալատի նախագահը, թե ցանկացած այլ պաշտոնյա բարձրաստիճան պաշտոնատար անձ է, եւ նրա վրա տարածվում է համապատասխան օրենքը»,- այսպիսի խուսափողական պատասխան տվեց պարոն Մինասյանը:
Այնուամենայնիվ, նոր օրենքն ունենալո՞ւ է այնպիսի մեխանիզմներ, որոնք ստուգող-ստուգվող կապում բացառեն կամ գոնե նվազագույնի հասցնեն կոռուպցիոն երեւույթները: Եվ ՀՊ նախագահի դեպքում էլ կասկած չառաջանա, թե միգուցե ստուգվող գերատեսչությունների հետ ունեցած կոռուպցիոն գործարքների արդյունքում է կառուցել իր դղյակը: «Իհարկե, անպայման»,- կարճ պատասխանեց Գ. Մինասյանը:
Ի դեպ, 2017-ին կլրանա այդ պաշտոնին Իշխան Զաքարյանի պաշտոնավարման 10 տարին:
Արմինե Ավետյան
Այս նյութը դիտել են - 1435 անգամ