Թիրախում լրագրողներն են. ի՞նչ է կոծկում Հայկակ Արշամյանը2021-01-26 20:24:00
Ինչպես հայտնի է, պատերազմի օրերին, երբ, ըստ էության, վճռվում էին հայկական երկու պետությունների ճակատագրերը, Սփյուռքն, անմասն չմնալով հայրենիքին պատուհասած փորձությունից, ուժերի ներածին չափով իր աջակցությունը բերեց Հայաստանին, հայ զինվորին՝ հույսով, որ գոնե այս անգամ նյութական օժանդակությունը տեղ կհասնի, չի փոշիանա:
Ինչպես պրակտիկան ցույց տվեց, սակայն, նման ակնկալիքները խիստ ռոմանտիկ դուրս եկան, անիրական:
Հայաստանում տեղի ունեցած 2018-ի հեղափոխությունից ի վեր կարիերային թռիչքաձև զարգացում ապրող Հայկակ Արշամյանն, ով, ինչպես հայտնի է, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել հեղափոխությունից ընդամենը մի քանի ամիս հետո՝ դրանից առաջ կարճ ժամանակահատվածով նախ դառնալով Փաշինյանի խորհրդականը, պատերազմից հետո դարձել է այն ֆիգուրներից մեկն, ում գործունեությունն իր ներկա պաշտոնում չափազանց էական հարցեր են առաջ բերել՝ կապված, մասնավորապես, հետպատերազմյան շրջանում հիմնադրամի տրամադրության տակ գտնվող նյութական միջոցների կամայական տնօրինման հետ:
Տասնյակ միլիոնավոր դոլարներ են դուրս գրվել հիմնադրամից ու հատկացվել պետությանը՝ փոխարենն այդ միջոցներն ուղղելու ճիշտ նպատակակետին՝ ասենք պատերազմի պատճառած մարդասիրական աղետի վերացմանը: Ստացվում է՝ այն գումարները, որ պետք է ուղղվեին թիրախային խմբերի կարիքների բավարարմանը, փաստացի վերածվելու են պարգևավճարների՝ բավարարելու այն քմահաճ իշխանավորների կապրիզները, որոնց վարած անտաղանդ, փնթի կամ դավաճանական քաղաքականության հետևանքով Հայաստանը կրեց իր պատմության ամենամեծ պարտություններից մեկն ու գլխովին ջախջախվեց:
Հայկակ Արշամյանի խայտառակ ինքնագործունեությունը, բնականաբար, չէր կարող չհարուցել դժգոհություն ու բազմաթիվ հարցադրումներ նաև ամերիկահայության շրջանում: Մարդկանց այդպես էլ հիմնավորապես չի պարզաբանվում հիմնադրամի գործունեության հիմքում ընկած ներկայիս տրամաբանությունը:
Մինչդեռ Արշամյան Հայկակը, փոխարենը սթափվելու, հաշվետու լինելու սփյուռքահայությանն, ընկել է, մասնավորապես, լոսանջելեսահայության հետևից՝ թիրախավորելով լրատվամիջոցների ղեկավարներին, ԶԼՄ-ներին:
Հ. Արշամյանի թիրախում հայտնվել է հայտնի լրագրող-հաղորդավար Արա Ղազարյանը: Նա, անտարբեր չմնալով կատարվողի նկատմամբ, հանդես էր եկել մի շարք հարցապնդումներով՝ փորձելով պարզաբանում ստանալ հսկայական միջոցների կամայական տնօրինման հետ կապված հարցերի առնչությամբ:
Պետք է խոստովանենք, որ Արշամյանի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո մեզ արդեն իսկ պարզ էր դարձել, որ լավ բան ակնկալել Արշամյանի ղեկավարումից հնարավոր չի լինելու, և ոչինչ էլ հիմնադրամի աշխատանքներում չի փոխվելու դեպի լավն ու դրականը:
Իսկ հիմա փորձենք փակագծեր բացել:
Երբ Հ. Արշամյանն Արա Վարդանյանից հետո նշանակվեց հիմնադրամի գործադիր տնօրեն, գրեթե անմիջապես գործուղվեց Միացյալ Նահանգներ: «Շանթ» հ/ը-ով Սարգիս Քոթանջյանի ու լրագրող Արուսյակ Գևորգյանի հետ ունեցած հարցազրույցում հարց էր բարձրացվել՝ արդյոք կոռուպցիոն ռիսկեր եղե՞լ են հիմնադրամի լոսանջելեսյան գրասենյակի գործունեության մեջ, արդյոք գումարներ չե՞ն փոշիացվել, ինչին ի պատասխան Արշամյանն ասել էր, որ իրենց կողմից իրականցրած աուդիտի արդյունքում որևիցե չարաշահում չի հայտնաբերվել:
Մինչդեռ բոլորն էլ շատ լավ տեղեկացված էին Արա Վարդանյանի ու Քոթանջյանի վաղեմի մտերմության մասին (Վարդանյանը տնօրինում էր հիմնադրամի երևանյան գրասենյակն, իսկ Քոթանջյանն իր կնոջ՝ Տաթևիկ Քոթանջյանի հետ միասին հիմնադրամի փողերի հաշվին խիստ բարեկեցիկ կյանք էին կառուցել՝ ստանալով աստղաբաշխական աշխատավարձեր): «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան» կազմակերպությունում որպես ծրագրերի համակարգող աշխատած Հայկակ Արշամյանը, փաստորեն, հայտարարել էր, որ ամեն ինչ մաքուր է, իսկ կոռուպցիայի մասին խոսակցություններն ընդամենը շինծու հորինվածքներ են՝ միտված ստվեր գցելու հիմնադրամի գործունեության վրա, և սա՝ այն դեպքում, երբ այդ ժամանակ արդեն իսկ շրջանառվում էին խոսակցություններ Արա Վարդանյանի թույլ տված չարաշահումների մասին:
Հարց է առաջանում, սակայն, թե, եթե, այն ժամանակ Արշամյանի «զեկույցը» համապատասխանում էր իրականությանն, ու Սարգիս Քոթանջյանն ու կինն արդարության մարմնացումներ էին, հայրենիքի նվիրյալներ, ապա ինչո՞ւ հեղափոխությունից հետո, երբ Արշամյանը հնարավորություն ստացավ՝ «տնօրինելու ճակատագրեր», անմիջապես հեռացրեց Քոթանջյանին զբաղեցրած պաշտոնից: Եթե ոչինչ տեղի չէր ունեցել, ինչո՞ւ Արշամյանը հանդգնեց մարդկանց զրկել «հացի փողից»:
Հարցի պատասխանն ակնհայտ է. իրականում Արշամյանը ստել էր՝ շատ լավ տեղյակ լինելով այն ստվերային գործընթացներից, որոնց արդյունքում հաջողությամբ փոշիացվում էին զգալի միջոցներ: Գիտեր, բայց չէր ասում, հարմար չէր, որ ասեր:
Ինչ վերաբերում է Հայկակ Արշամյանի կողմից Արա Ղազարյանին թիրախավորելուն ու նրա ուղղությամբ «ցեխ շպրտելուն», ապա նշենք, որ մենք միանում ենք Ա. Ղազարյանի կողմից բարձրացված հարցերին՝ ակնկալելով պատասխաններ, թե, օրինակ, ինչպես է ստացվում, որ գումար վերցնելը ոմանց մոտ շատ ավելի լավ է ստացվում, քան դրանց հետագա ճակատագրի վերաբերյալ որևիցե հաշվետվություն ներկայացնելը:
Նույն փողոց փակող ու «դմբ-դմբ-հու» բղավողներն, երբ երգիչ Տիգրան Ասատրյանի տանը դրամահավաք էին անում, այդպես էլ զլացան պատասխանել այն հարցին, թե ի՞նչ եղավ այդ հավաքված գումարների ճակատագիրը: Ալեն Սիմոնյանի կողմից վճարվող սորոսականները հատարարվում էին, որ հավաքված գումարները փոխանցվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Հիմա հարց է առաջանում՝ ո՞ւր են հավաքագրված գումարները: Հայկակ Արշամյանը փաստացի հրաժարվում է հաշվետվություն ներկայացնել ու նույն սփյուռքահայերին պարզաբանել, թե ուր են անհետացել (կամ չեն անհետացել) մարդկանց փողերը: Այնինչ ոչինչ այս ուղղությամբ չի արվում, իսկ նրանք, ովքեր կարևոր հարցեր են հնչեցնում, ինչպես նույն Արա Ղազարյանը՝ թիրախավորվում են:
Մյուս կողմից՝ բավական խնդրահարույց են մնում հիմնադրամի ու ԶԼՄ-ների հարաբերությունները: Հույսը, թե ղեկավարության փոփոխությամբ այդ հարաբերությունները կկարգավորվեն, ի դերև ելան առաջին իսկ օրվանից:
Օրինակ նույն սփյուռքյան ԶԼՄ-ներին ոչ ոք այդպես էլ չհամեցավ ներկայացնել Քոթանջյանին փոխարինելու մասին որոշման պատճառներն ու հիմքերը: Կարգը պահանջում էր ասուլիսի կազմակերպում ու դրա շրջանակներում նորանշանակ պաշտոնյայի ներկայացում, ինչը չարվեց: Գուցե մամուլի հետ շփումները կաշկանդում է հիմնադրամում հնարավոր նոր կոռուպցիոն դրսևորումների առկայությո՞ւնը, Արշամյանը վախենո՞ւմ է բացահայտել Քոթանջյանին փոխարինելու պատճառները հենց ա՞յդ պատճառով. բա որ բացահայտվի վերջին պատերազմում եղած կոռուպցիոն դրսևորումներն ու հասունանա, գա պատասխանատվության պահը…
Միաժամանակ լավ կլիներ, եթե ԶԼՄ-ներին պարզաբանում տրվեր, թե Լոս Անջելեսում հեռուստամարաթոնի ուղիղ եթերում հեռարձակման ընթացքում գովազդների համար որքան գումար է հատկացվել հիմնադրամի կողմից հեղափոխությունից հետո:
Հայկակ Արշամյանն ուղղակի պարտավոր է անպատասխան չթողնել Արա Ղազարյանի կողմից բարձրացված հարցերը, քանի որ դրանց պատասխանին են սպասում բոլորը. ո՞ւր են փողերը, ինչ իրավունքով է հիմնադրամի տնօրինությունը խոշոր գումար հատկացրել ՀՀ կառավարությանը պարգևավճարների համար՝ ահա գլխավոր հարցերը: Պետք է մի օր թալանի արատավոր պրակտիկային վերջ դրվի՞, թե՞ ոչ:
2016-ի չորս օր տևած պատերազմից հետո նույն Լոս Անջելեսում բազմաթիվ բաշիբոզուկներ զանազան հիմնադրամներ ստեղծեցին, որոնց միջոցով նախկին իշխանություններին պատկանող ահռելի գումարներ լվացվեցին, բայց ամենացավալին այն է, որ նույն այդ մեխանիզմը գործում է նաև այսօր՝ նոր իշխանությունների օրոք:
Մենք խոստանում ենք առաջիկայում հերթով բացահայտել, հանրայնացնել այդ կեղտոտ մեխանիզմները, լրատվամիջոցների ներկայացուցիչներից բաղկացած խումբ է ստեղծվելու այդ նպատակով, ու հանրությանը պարզաբանվելու է, թե ինչպես են ոմանք անհայտ ճանապարհներով հարստություն ձեռք բերել, արագորեն հաղթահարել աղքատությունը:
Այնպես որ՝ առաջիկայում սպասե՛ք «USArmenianews».com-ի կողմից աղմկահարույց, սկանդալային բացահայտումների:
Այս նյութը դիտել են - 3155 անգամ