«Հրապարակ».ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՍՊԱՆՎԵԼ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՏՎԵՐՈՎ․ ՊԱՇՏՊԱՆ
2021-01-28 22:44:00
«Հրապարակ».2020 թվականի նոյեմբերի կեսերին ծանր հիվանդությունները չհաղթահարելով՝ մահացավ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը։
Նրա մահվանից թեպետ անցել է մի քանի ամիս, սակայն նրա դեմ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։ Պաշտպաններից Արսեն Մկրտչյանն ասում է՝ հասնելու են նրան, որ դատարանը արդարացման վճիռ հրապարակի․ «Փաստաբանական խմբի նպատակը դրանում է եղել եւ մենք երբեւէ չենք ողջունել այն տարբերակը, որ մահվան հիմքով գործը կարճվի, մենք գիտենք, որ Մանվել Գրիգորյանն այն կերպարն է, որը զինվորի համար է, նրա նկատմամբ պետք է արդարացման դատական ակտ հրապարակվի կամ դատախազությունը պետք է իր ստոր մեղադրանքից հրաժարվի»։
Հարցին՝ տեսնո՞ւմ են դատախազության, դատարանի մեղքը Գրիգորյանի մահվան մեջ, քանի որ երկար ժամանակ պահել են կալանքի տակ, պատասխանեց․ «Ունեն իրենց մեղքի բաժինը, ե՛ւ դատարանը, ե՛ւ դատախազութունը, ե՛ւ առաջին անգամ կալանք տվողը, բայց այդ հանցագործ խմբի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Բոլոր մարդիկ իրենց չափով պետք է կրեն պատասխանատվություն՝ կատարված դիտավորյալ սպանության համար, ուղղակի հարց է, որ նրանցից ոմանք կատարել են կա՛մ ուսադիրի կրող, կա՛մ քաղաքական լիդերի հանձնանարությունը»։
Դիտարկմանն՝ ինչո՞ւ չեն դիմում իրավապահներին, եթե վստահ են, որ Մանվել Գրիգորյանի մահվան մեջ նշված անձինք մեղավորություն ունեն, Արսեն Մկրտչյանը պատասխանեց ․«Այս պահի դրությամբ մի շարք փաստաբաններ ունեն հաղորդումներ տված Նիկոլ Փաշինյանի դեմ, եւ մենք տեսնում ենք գլխավոր դատախազի արձագանքը, պայմանավորված այս անձով եւ քաղաքական լիդերով, համարում ենք, որ դա անիմաստ է։ Բայց, երբ երկրում տեղի կունենա իշխանափոխություն, այդ ժամանակ մենք պիտի անդրադառնանք նրան, որ Մանվել Գրիգորյանը չի մահացել, որովհետեւ հիվանդ էր, նա մահացել է, որովհետեւ սպանել են Նիկոլ Փաշինյանի պատվերով»։
Իսկ ինչ վերաբերում է Գրիգորյանի թողած ժառանգությանը իր ընտանիքին, այստեղ պաշտպանը եւս քաղաքական երանգ է տալիս՝ ասելով, թե Գրիգորյանի թողած ժառանգությունը՝ Արցախի հատվածներն են, որ տվել են թշնամուն, իսկ նյութական ժառանգության մասին ոչինչ չի ուզում հայտնել։
Հիշում ենք նաեւ, որ այն օրերին, երբ Արցախի գեներալը կալանքի տակ էր, իրեն պատկանող հողատարածքը նվիրաբերել էր պետությանը, վերջինս էլ մինչեւ օրս այն չի ընդունել։ Այժմ էլ պարզվում է, որ այն պատկանել է Մանվել Գրիգորյանի ազգականին, փաստաբանն էլ խորհուրդ է տալիս՝ հրաժարվել այն պետությանը նվիրաբերելուց․ «Այդ տարածքը Մանվել Գրիգորյանինը չի եղել եւ էլի շնորհիվ էս անշնորք իշխանության, այդ տարածքը, ամենայն հավանականությամբ պետությանը չի լինի, որովհետեւ այդ տարածքը նվիրաբերվում էր պետությանն, որպեսզի կանխվեր Մանվել Գրիգորյանի սպանությունը, դա չէր արվում նրա համար, որ նա մեղավոր էր։ Այսօրվա վիճակով դրա անհրաժեշտությունը ես չեմ տեսել, ի՞նչ իմաստ ունի այս ադմինիստրացիային նվիրելը»։
Հիշեցնենք՝ նա մեղադրվում էր ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամ յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամ հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան մեկ մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Գրիգորյանը մեղադրանքը չէր ընդունում։
Այս նյութը դիտել են - 3037 անգամ