Երգիչ Արսեն Գրիգորյանի համար այժմ բուռն աշխատանքային շրջան է, ու թեեւ երկրպագուները դժգոհում են, որ նա նոր տեսահոլովակ չի ներկայացնում, վերջինս հավաստիացնում է, որ ինքը մի շարք նոր երգեր ունի. «Ցավում եմ, որ մարդիկ երգչի զբաղվածության աստիճանը որոշում են նրա ներկայացրած տեսահոլովակների պարբերականությամբ, այնուամենայնիվ, միտք ունեմ առաջիկայում նոր տեսահոլովակ նկարահանել»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրեց երգիչը:
Մեր այն հարցին, թե արդյոք մտադիր է հանդես գալ մենահամերգով, Արսենը պատասխանեց. «Ինքս շատ կուզենամ հանդես գալ մենահամերգով, դրանից հետո ես` որպես արտիստ, ինձ բավարարված եմ զգում, բայց կողքից տեսանելի է միայն վարագույրի լուսավոր կողմը. չէ՞ որ դա մեծ ծախսեր է պահանջում, չէ՞ որ ես պետք է ընկնեմ դռնեդուռ, հովանավոր ման գամ, իսկ ես հոգնել եմ այդ ամենից… Այդ համերգները 60-70 հազար դոլար են պահանջում, պետք է համապատասխան ծախսերը հոգալ, չէ՞»: Մենք նաեւ հարցրինք` գուցե՞ այդ դեպքում երգիչը պարբերաբար հանդես գա ակումբային համերգներով` հանդիսատեսի հետ կապը չկորցնելու համար. «Վերջերս, օրինակ, նման առաջարկ եմ ստացել, բայց ես չեմ ուզում հոգեպես բավարարվելու համար ակումբային համերգ ունենալ, ինձ պետք է, որ գումար աշխատեմ, ես երեխաներ եմ մեծացնում, ինձ «ստից» համերգներ պետք չեն, ես դրանց կարիքը չունեմ»,-ասաց նա:
Արսեն Գրիգորյանը հայտնի է նաեւ իր դուետներով, եւ հանդիսատեսը հաճախ սպասում է, թե ով կլինի հաջորդ երգչուհին, ում հետ նա զուգերգ կկատարի. «Նախորդ տարվա վերջում Սոնա Ռուբենյանի հետ դուետ ձայնագրեցի, բայց ես այնքան հնարավորություն չունեմ, որ դրա հիման վրա էլ տեսահոլովակ նկարահանեմ: Մի մեղմ, այսպես ասած, ընտանեկան ֆոնդի համար դուետ եմ ձայնագրել կնոջս հետ, այն նվիրված է աղջկաս: Չեմ կարծում, թե այդ երգը կհրապարակեմ, եթե անգամ այն հանրայնացնեմ, այդ զուգերգը կներկայացնեմ այլ երգչուհու հետ: Կինս երաժշտական մարդ է, բայց երգչուհի չի, չի պատրաստվում դառնալ, առաջին հերթին` ինքս էլ դա չեմ ուզենա»,-պատմեց Արսենը: Նա տեղեկացրեց, որ իր դուստրը եւս ձայնային լավ տվյալներ ունի, բայց. «Ամենաշատը վատ կզգամ, որ նա ուզենա երգչուհի դառնալ, որովհետեւ երգարվեստը շատ դժվար ասպարեզ է, եւ ես չեմ ուզենա, որ իմ աղջիկը բախվի այն բարդություններին, որոնց ես եմ բախվել»:
Աննա Բաբաջանյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/485956/