«Հենց Սերժ Սարգսյանն է սկսել պայքարը Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ բանտից ազատելով Փաշինյանին, որը դարձավ միակ լեգիտիմ ընդդիմադիրը եւ սկսեց քարոզչություն տանել Քոչարյանի դեմ». Հայկազուն Ալվրցյան. NEWS
2021-02-13 22:00:00
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իրականացնում են մի ծրագիր, որի համաձայն՝ Նախիջեւանն ու Ադրբեջանը պետք է միավորվեն ցամաքային ճանապարհով: Այս մասին փետրվարի 13-ին կայացած հանդիպման ժամանակ ասաց «Արեւմտյան Հայաստանի հարցերի ուսումնասիրության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն, քաղաքագետ Հայկազուն Ալվրցյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները խնդիր են դնում ոչ միայն Մեղրին հանձնել Ադրբեջանին, այլեւ ամբողջ Սյունիքի մարզը:
«Այսօր մենք, ելնելով մեր աշխարհաքաղաքական կարգավիճակից, նույնիսկ մեր խնդիրները չենք լուծում: Մեր փոխարեն դա անում են ռուսներն ու ադրբեջանցիները, թեեւ մինչ այդ մենք հավակնում էինք, որպեսզի տարածաշրջանում լուրջ գործոն դառնանք: Հայաստանը այս տարածաշրջանում գլխավոր եւ միակ խոչընդոտն է պանթուրքիզմի գաղափարի իրականացման ճանապարհին: Այս ամենի հետեւում կանգնած է անգլոսաքսոնական ծրագիրը, որում Թուրքիան դեպի Կենտրոնական Ասիա առաջխաղացման միջոց է՝ Չինաստանին եւ Ռուսաստանին հետագա հարված հասցնելու նպատակով»,- նշեց նա:
Այս ամենի վկայությունը, ինչպես պարզաբանեց փորձագետը, այն է, որ Բրիտանիան ՄԱԿ Անվտանգության խորհրդում արգելափակել է Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւը:
«Հայաստանի ներկայիս իշխանությունները դեռ չեն հեռացել, քանի որ չեն ավարտել Արեւմուտքի ծրագիրը, որոնք ավելի համարձակ են դարձել, քան նախկինում էին: Պատմության մեջ առաջին անգամ երկրի ամբողջ ղեկավարությունը, իմանալով ճակատում իրավիճակի մասին, ավելի քան 40 օր ստել է ժողովրդին»,- ընդգծեց Ալվրցյանը:
Նա կարծիք հայտնեց, որ այս ամենի ճարտարապետը Սերժ Սարգսյանն է, որի օրոք սկսել են քննարկվել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հարցերը:
«Հենց Սերժ Սարգսյանն է սկսել պայքարը Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ բանտից ազատելով Փաշինյանին, որը դարձավ միակ լեգիտիմ ընդդիմադիրը եւ սկսեց քարոզչություն տանել Քոչարյանի դեմ:
Ի վերջո, Սերժ Սարգսյանը նախ իշխանության բերեց Արմեն Սարգսյանին, այնուհետեւ՝ Փաշինյանին: Թեեւ որքան էլ տարօրինակ թվա, հենց Քոչարյանն է լուրջ ազդեցություն ունեցել, որ իշխանության գա Սերժ Սարգսյանը, ով անցել է ղարաբաղյան պատերազմը եւ հասկանում է բանակցային գործընթացի նրբությունները: Հենց Քոչարյանի օրոք է սկսվել ազգային պետության ձեւավորումը, երկիրը վերածնվել է մոխիրներից: Նա սովոր է աշխատել հանգիստ, առանց շտապելու, արդյունավետ:
Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, արգելափակել է սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հնարավորությունը, քանի որ գիտի, որ ինքը գործնականում վարկանիշ չունի՝ առավելագույնը 2-3 տոկոս: Նա նաեւ հասկանում է, որ Քոչարյանի վարկանիշը շատ ավելի բարձր է, քան իրենը: Երկրորդ նախագահի կողմնակիցների թիվն օրեցօր ավելանում է, իսկ Փաշինյանից երես կթեքեն նույնիսկ նրա համախոհները՝ հենց նա հրաժարական տա»,- ասաց Ալվրցյանը:
Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանին, ապա նա, քաղաքագետի խոսքով, պետք է իր հանձնաժողովը տեղափոխի Սյունիք, որտեղից էլ կզբաղվի մարզի բոլոր հարցերով, այդ թվում՝ սահմանային խնդիրներով:
Այս նյութը դիտել են - 2434 անգամ