«Ժողովուրդ».ԱՄՆ-ում տաքսի վարողը Հայաստանում զբաղեցնում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը
2021-03-01 23:34:00
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի կենսագրականից որոշ մանրամասներ են ի հայտ եկել. նախկինում պարտքերով ապրողը այսօր ոչ միայն պարտքերն է վերադարձնում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ստացավ այն մասին, որ 2008 թվականին, երբ որպես քաղհալածյալ Պողոսյանը Հայաստանից փախել է եւ հաստատվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մինչ այդ հասցրել է Հայաստանում պարտքեր կուտակել։ Նույն լուրերի համաձայն՝ դեռ այն ժամանակ Պողոսյանը պարտքով գումար է վերցրել կնոջ բարեկամներից, հարեւաններից, ընկերներից եւ հետ չի վերադարձրել:
Իսկ ԱՄՆ-ում, ըստ ականատեսների, Պողոսյանը տաքսի է վարել։ Հիմա նա, Հայաստանում Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելով եւ ամսական մոտ 400 հազար դրամ ստանալով, սկսել է պարտքերը մարել եւ ոչ միայն:
Մեր ստացած այս տեղեկությունների ստուգման հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը երեկ գնաց Կենտրոն վարչական շրջանի շենք՝ անձամբ զրուցելու թաղապետի հետ եւ պարզելու իր մասին մեր ստացած լուրերի իսկությունը։ Սակայն Ավետ Պողոսյանը մեզ համար ժամանակ չգտավ եւ գործավարուհու միջոցով փոխանցեց, թե չի ուզում խոսել։ Այսպիսով, մենք ոչ միայն չկարողացանք ստանալ թաղապետի պարտքերին վերաբերող տեղեկությունների պատասխանները, լսել իսկությունը, այլեւ նրա տեսլականը չիմացանք՝ որպես տաքսու նախկին վարորդի, ոլորտի պրոֆեսիոնալի, թե ինքն ինչ ծրագրեր ունի Փոքր կենտրոնի տաքսու վարորդների համար, ինչ նորարարություններ է մտածել գերծանրաբեռնված Կենտրոնի համար նախկին տաքսու վարորդը։
Ի դեպ, Ավետ Պողոսյանի մորաքրոջ որդին Երեւանի քաղաքապետի աշխատակազմի քարտուղարի ԺՊ Դավիթ Համբարյանն է. բարեկամներով տեղավորվել են չկոռումպացված քաղաքապետարանում»:
Այս նյութը դիտել են - 2793 անգամ