Մահացել է «Արցախի հերոս» Կոմանդոսը2021-03-31 11:14:00
82 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին փոխնախարար Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը:
Նշենք, որ նա մի քանի օր է՝ ծանր վիճակում գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում՝ կորոնավիրուս ախտորոշմամբ:
Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում։
Ա․ Տեր-Թադևոսյանն ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։
Ա․Տեր-Թադևոսյանը Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։
1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։
1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։
1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։
1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին։
Այս նյութը դիտել են - 2251 անգամ