ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՀՈԼՈՔՈՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ
2021-04-10 21:56:00
Ապրիլի 6-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանն այցելեց Լոս Անջելեսի Հոլոքոստի թանգարան։ 
Նրան դիմավորեցին թանգարանի գործադիր տնօրեն Բեթ Քինը և թանգարանի խորհրդի նախագահ Միշել Գոլդը։ Նրանք դեսպան Բայբուրդյանին ուղեկցեցին Հոլոքոստի թանգարանի սրահներով, որոնցում ժամանակագրության սկզբունքով ներկայացված են Հոլոքոստի, դրա իրականացման մանրամասների, նաև՝ հրեաների ցեղասպանությանը նախորդող ժամանակաշրջանին վերաբերող նյութեր, ցուցանմուշներ, փաստագրական տեղեկություններ։
Բեթ Քինը և Միշել Գոլդը Արմեն Բայբուրդյանին ներկայացրեցին թվային տեխնոլոգիաների կիրառմամբ պատմության մատուցումը, որը Հոլոքոստից փրկվածների հետ անմիջական շփման զգացողություն է ստեղծում՝ փոխանցելով պատմական տեղեկություններ՝ առաջին ձեռքից։ Այդ մատուցումը հատկապես հետաքրքրական է դպրոցահասակ աշակերտների համար, որոնց համար ԱՄՆ տարբեր նահանգներից, ինչպես նաև՝ Մեքսիկայից, պարբերաբար կազմակերպվում են այցելություններ Հոլոքոստի թանգարան ։
Արմեն Բայբուրդյանն իր տպավորությունները փոխանցեց Հոլոքոստի թանգարանի ղեկավարներին ազդեցիկ ցուցանմուշների կապակցությամբ։ Նա կարևորեց Հոլոքոստի պատմության պատշաճ հանրային մատուցումը և շեշտեց, որ այդ պատմությունը կարևոր է հիշել հատկապես այս օրերին՝ Հոլոքոստի տարելիցի առիթով, ինչպես նաև մյուս ցեղասպանությունների՝ ներառյալ Հայոց ցեղասպանությունը։
Բեթ Քինը և Միշել Գոլդը դեսպան Բայբուրդյանին ներկայացրին նաև հայերի ցեղասպանությունը ներկայացնող անկյունը։ Արմեն Բայբուրդյանը ընդգծեց մարդկության դեմ իրականացված հանցագործությունները և մեծագույն չարիքը ներկայացնող հաստատությունների՝ թանգարանների միջև համագործակցության կարևորությունը, ինչպիսին կարող է լինել Լոս Անջելեսի Հոլոքոստի թանգարանի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Կալիֆորնիայի հայ-ամերիկյան թանգարանի ու մշակութային կենտրոնի միջև։ Հանդիպման մասնակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին համատեղ միջոցառումներ նախաձեռնելու մասին, որոնք միտված կլինեն պատմությունը հանրությանը ներկայացնելուն՝ հանուն մարդկության դեմ հանցագործությունները ապագայում կանխելու նպատակի։
Լոս Անջելեսի Հոլոքոստի թանգարանը հրեաների ցեղասպանության մասին պատմող ամենահին թանգարանն է ԱՄՆ-ում։ Այն ստեղծվել է Հոլոքոստից փրկված և ԱՄՆ-ում ապաստանած մի խումբ վերապրածների ջանքերով՝ 1961 թվականին։ Թանգարանում ներկայացված են 52 հազար ականատեսների բանավոր վկայությունների տեսագրություններ՝ 32 լեզվով։ Թանգարանի այցելուների թիվը իր մնայուն շենքի 2010 թվականին բացումից ի վեր կազմել է 250,000 մարդ։
Այս նյութը դիտել են - 1483 անգամ