Աղոթահավաք՝ ի հիշատակ Արկադի Տեր-Թադևոսյանի. անմահության բանաձևը
2021-04-12 14:17:00
Վերջին շրջանում հայոց աշխարհին պատուհասած աղետն համազգային փորձության վերածվեց բոլորիս համար՝ ստիպելով վերարժևորել բազմաթիվ արժեքներ, փոխել համոզմունքներ: Աննախադեպ թվով կորուստներ են արձանագրվել, որոնցից շատ-շատերն իսկապես անվերականգնելի են, անդառնալի: Հերոսաբար ընկան ոչ միայն բազմաթիվ զինվորներ, շարքայիններ, այլև աննախադեպ կորուստներ ունեցանք սպայական անձնակազմի շրջանում, ինչի հետևանքները դեռ երկար են զգացվելու, ինչի պատճառով բանակը դեռ երկար է վերականգնվելու:
Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) մահվան բոթը ցնցել է համայն հայությանը: Փառապանծ գեներալը, որ իր տիտանական նպաստն է բերել արցախյան գոյամարտում հայկական կողմի տարած հաղթանակին, և ում անունն, արդարև, խորհրդանիշն է դարձել Շուշիի ազատագրման, թեպետ այս աշխարհը լքեց դառնացած՝ կյանքի մայրամուտին ցավով ականատես դառնալով սեփական ձեռքերով ազատագրած քաղաքի ցավալի անկմանն ու բռնի թրքացմանը, սակայն, վստահաբար, ոչ հուսալքված, քանի որ լավ էր ճանաչում հայի տեսակն ու վստահ էր՝ չի հանդուրժվելու անարդությունն, ու ամեն ինչ հետ ենք բերելու՝ կրկին անգամ սեփական ձեռքերով կռելով հերթական հերոսապատումը:
Ապրիլի 11-ին՝ ժամը 14-ին, «Կոմանդոս» ՀԿ-ի (ԱՄՆ ներկայացուցիչ էդուարդ Էնֆիաջյան, ԱՄՆ Հայդուկ Միություն, ԱՄՆ Գեոպոլիտիկ Ակումբ, Սփյուռքի Միասնության Հարթակ, ազատամարտիկներ, բանակի սպաներ և այլ կազմակեrպություններ, անհատներ ու համայնքի ներկայացուցիչներ) նախաձեռնությամբ, ինչպես նաև համայնքում ճանաչված ու հարգված Սամվել Կրբոյանի ու Սարգիս Միլիտոնյանի ջանքերով ԱՄՆ Բրբենք քաղաքի առաջնորդարանի Սրբոց Ղևոնդյաց մայր տաճարում տեղի ունեցավ Արկադի Տեր-Թադևոսյանին նվիրված աղոթահավաք՝ մի յուրատեսակ ոգեկոչման արարողություն, որին, ի թիվս այլոց, իրենց մասնակցությունն էին բերել ԱՄՆ հայկական համայնքի մի շարք երևելի ներկայացուցիչներ:
Ի դեպ՝ այստեղ պետք է հատկապես ընդգծել Կրբոյանի ու Միլիտոնյանի ունեցած կարևոր դերը կազմակեպված միջոցառման հարցում: Նրանք նույնպես Կոմանդոսի մեծ բարեկամներն են, որ երբեք չեն սիրում բարձրաձայնել համայնքում կատարած իրենց աշխատանքների մասին՝ չնայած հսկայական դեր են խաղում համայնքի միասնականության ապահովման հարցում, իրենց գործուն ավանդը բերում համայնքային կյանքում որպես հարգված և իրենց ուրույն տեղն ու նշանակությունը ունեցող անձնավորություններ: Մենք, սակայն, ցանկանում ենք այս անգամ լռության չմատնել մարդկանց վաստակն ու մեր խորին երախտագիությունը հայտնել Սամվել Կրբոյանին և Սարգիս Միլիտոնյանին:
Նշենք, որ հոգևոր արարողությանը ներկա էին Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը՝ հյուպատոսական աշխատակազմի մի շարք ներկայացուցիչների հետ միասին, Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արտաշես Քասախյանն ու քաղաքապետարանի աշխատակիցներ, ռազմական գործիչ, Կոմանդոսի զինակից ընկեր Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), ինչպես նաև 20 տարի շարունակ ԱՄՆ-ում «Կոմանդոս» ՀԿ-ի ներկայացուցիչ Էդուարդ Էնֆիաջյանը և այլք:
Արարողությանը ներկա էին Արկադի Տեր-Թադևսոյանին մոտ կանգնած, նրան զինակից դարձած այն մարդկանցից շատերն, որոնք, գտնվելով օվկիանոսից անդին, հնարավորություն չէին ունեցել՝ մասնակցելու Կոմանդոսի հուղարկավորությանն ու հոգեհանգստի արարողությանը:
Աղոթահավաքի սկիզբն ազդարարեց Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի 8-րդ թեմակալ առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը՝ արարողութանը ներկա այլ հոգևոր այրերի հետ միասին աղոթք բարձրացնելով առ Բարձրյալ:
Արարողությանը, որի ընթացքում ցուցադրվեց փոքրիկ տեսանյութ՝ Կոմանդոսի անցած մարտական ուղու մասին՝ նրա կենսագրության վառ դրվագների նկարագրությամբ, ուղեկցվող փոքր հարցազրույցներով, ներկաներին ուղղված խոսքով հանդես եկան վերոհիշյալ այրերը՝ ևս մեկ անգամ ընդգծելով Արկադի Տեր-Թադևոսյանի թողած ժառանգության, նրա անմահ գործի շարունակականության կարևորությունը:
Մասնավորապես՝ Գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, ով նախ իր երախտագիտությունը հայտնեց Հովնան սրբազանին և իր խոնարհումը բերեց 44 օր տևած պատերազմի բոլոր զոհերին ու հերոսներին՝ միաժամանակ ընդգծելով Կոմանդոսի թողած ժառանգության՝ սերունդների համար ունեցած էականությունն ու գեներալի կատարած սխրանքների մասին հուշը վառ պահելու կարևորությունը, մեծապես կարևորեց մատաղ սերնդի դաստիարակությունը՝ հիմնված հայրենասիրության վրա: 
«...Մենք բախտավոր ենք ամեն ինչով հանդերձ, որ մենք ունենք մեր պետականությունը՝ բոլոր դժբախտություններով, խնդիրներով հանդերձ, որ մենք կերտել ենք մեր պետականությունը, և այդ պետականությունը պետք է փայփայենք այնպես, ինպես գեներալ Արկադի Տեր-Թադևորսյանն, ինչպես փայփայել են մեր մյուս զինվորականները՝ հաճախ իրենց կյանքը զոհաբերելով հանուն հայրենիքի... Մենք Արկադի Տեր-Թադևոսյանի պես հերոսին միշտ պետք է պաշտենք, որ մեր երիտասարդները պատրաստ և կարող լինեն հաղթանակների, որովհետև ազգը պարտություններ էլ կարող է տեսնել, բայց հաղթանակներն անխուսափելի են», ի մասնավորի՝ նշեց իր խոսքում պարոն հյուպատոսը:
Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արտաշես Քասախյանը, ով, ինչպես նշվեց, ևս ներկա էր աղոթահավաքին, իր խոսքում հիշատատակեց հայոց Սուրբ Ղևոնդի վարքից դրվագներ և համոզմունք հայտնեց, որ Արկադի Տեր-Թադևոսյանը ևս կհավերժանա մեր ժողովրդի մյուս հերոսների պես: «Երբ գեներալը մահացավ, ինքն էլ անցավ և միացավ հայոց ժողովրդի ամբիոնին, որի մեջ են Դավիթ Բեկը, Մխիթար Սպարապետը, Մոնթե Մելքոնյանը…»,- իր խոսքում նշեց Քասախյանը՝ ընդգծելով բոլոր ժամանակներում ապրած հերոսների միջև գոյություն ունեցող կապը, նրանց միավորող արժեքների անանցանելիությունը:
Հատկապես տպավորիչ ու հուզիչ ստացվեց Կոմանդոսի զինակից ընկեր Արթուր Ալեքսանյանի ելույթը, որն, ինչպես հայտնի է, ի սկզբանե՝ դեռ նախորդ դարի 80-ականներից, կանգնած է եղել արցախյան պայքարի ակունքներում՝ ունենալով անուրանալի ավանդ մեր կռած հաղթանակներում՝ թե՛ ռազմի դաշտում,թե՛ դրանից դուրս (1988 թ. մարտին հիմնադրել է «Ամարաս» համահայկական բարեգործական միությունը, որի գործունեության բուն նպատակն էր բոլոր կարիքավորներին հոգևոր, նյութական և բժշկական օգնության ցուցաբերումը), ունեցած վաստակի համար տարբեր տարեթվերին արժանանալով տարբեր պետական պարգևների:
«…Բոլորդ իրեն (Արկադի Տեր-Թադևոսյանին- խմբ.) գիտեք որպես Շուշին ազատագրող հրամանատար, բայց մինչև Շուշին ինքը Թուխ (Տող) գյուղն է ազատագրել, Հադրութի շրջանն է ազատագրել, ինքը Ստեփանակերտ քաղաքն էր ազատագրել շրջափակումից, Թալիշն էլ կազմակերպեց, որ մենք հաղթենք, դրանից հետո Շուշին կազմակերպեց…Կոմանդոսը վերջապես մեր սեփական, հայկական բանակը ստեղծեց: Բոլորս սկսել ենք այդ բանակում ծառայել՝ հանուն մեր Հայաստանի, հանուն մեր հայրենիքի, պետության ու պետականության, և բոլորս Կոմանդոս ենք դարձել արդեն…»,-իր խոսքում, մասնավորապես, ընդգծել էր նշանավոր ռազմական գործիչն ու միաժամանակ վստահություն հայտնել, որ հայը թուրքի առաջ երբեք չի ընկճվելու: Հայաստանում քաղաքական թոհուբոհի ավարտից հետո իրենք ունեն հստակ ծրագիր՝ մշակված նաև Կոմանդոսի մասնակցությամբ, հաշված տարիների ընթացքում կորցրածը հետ բերելու: Նա երդվեց կորցրածը հետ բերել, չհամակերպվել կատարվածի հետ: Ա.Ալեքսանյանը միաժամանակ ցավ հայտնեց Արկադի Տեր-Թադևոսյանի վաղաժամ մահվան կապակցությամբ, քանի որ, եթե, գոնե երեք տարի ավել կյանք ունենար Կոմանդոսն, ապա նրա հետ միասին կյանքի էին կոչելու հայրենափրկիչ ծրագիրն ու ազատագրելու էին հողերը: «…Երդվում եմ ձեր առջև՝ 1-2 տարի հետո հետ ենք բերելու, երդվում եմ…Մենք պատրաստ ենք ցանկացած մարտահրավերների, մենք մեր պետությունը, պետականությունն երբեք չենք տա…Սպասեք, կարող եք այսօրվանից ձեր ժամացույցները լարել: Երկու տարի ժամանակ է պետք՝ ուշքի գանք, ժողովուրդը պետք է ուշքի գա, բանակը պատրաստ է… Ամեն ինչ լավ կլինի»,- եկեղեցում ներկաներին հավաստիացրեց Արթուր Ալեքսանյանը:
Էդուարդ Էնֆիաջյանն էլ իր խոսքում արձանագրեց Կոմանդոսի բերած ավանդը՝ հատկապես հայոց սրբավայրերի պաշտպանության գործում: Այդ պաշտպանության արդյունքում է նաև, որ այսօր բամաթիվ վանքեր ու եկեղեցիներ մնացել են կանգուն, գեներալի անձնուրացության շնորհիվ է նաև, որ այդ սրբավայրերում տեղի են ունենում ծիսակատարություններ՝ կնունք, հարսանիք և այլն:
«...Այսօր եկել եք մի մարդու մոտ, որը պաշպանել է շատ եկեղեցիներ, շատ սրբավայրեր, ազատագրել է: Այսօր այդ եկեղեցիներում կնունքներ են լինում, հարսանիքներ, սգո արարողություններ: Նա պաշտպանել է մեր ազգի, մեր ժողովրդի հոգևոր արժեքները, մեր հողը: Մեծարելով իրեն՝ մենք նաև ապագա սերնդի համար օրինակ ենք ծառայեցնելու իրեն, որ մյուս սերունդները լինեն նրա նման, փորձեն կրկնօրինակել նրան...Նա գնաց, պետք է հազարները վերածնվեն»,-մասնավորապես՝ իր խոսքում նշեց  Էդուարդ Էնֆիաջյանը:
Վերջում` հավաքվածներին իր մխիթարական պատգամը բերեց Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան ափի թեմի առանջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն՝ ասելով.«...Մեր հերոսները մեր առջև բացած են հաղթանակի ճանապարհներ, հավերժության ճանապարհ, և այդպիսի թանկագին հերոսներից Կոմանդոս Արկադի Տեր-Թադևոսյանի հիշատակին նվիրված աղոթահավաք է սա: Ես կուզեի ըսել, որ խոստում կատարելու պահն է այս, մենք երբեք չպետք է սգանք այս կյանքից բաժանված մեր հերոսների համար: Հերոսները գիտակցաբար դեպի մահը կերթան, բայց անմահություն կկերտեն...»: Միաժամանակ արքեպիսկոպոսն ընդգծեց այն խոնարհությունը, որ բնորոշ էր հերոսին՝ հավելելով.«Անցնող օրերին Հայաստանի մեջ հատկապես և՛ Արցախ, և՛ ի Սփյուռս աշխարհի ապրող մեր ժողովուրդի զավակունք իրենց երախտագետ սրտի առ Աստված աղոթքներով ճանապարհեցին Արկադի Տեր- Թադևոսյանին, որի սրտի զարկն ավել պիտի զգա հայրենի հողը, և արյան տաքությունը պատգամ պիտի հաղորդե նորահաս սերունդներին՝ հայրենիքը սիրելու, հայրնիքի հողի առջև աղոթքով ծնրադրելու, հավատքով կերտելու նոր կյանք՝ ազգը սիրելու և միաբանվելու...Խոնարհվում ենք Արկադի Տեր-Թադևոսյանի բարի հիշատակի առջև և հավատում ենք, որ ինքն իր աչքերը փակեց այն քաջ գիտակցությամբ և սպասումով,որ այն ազգը, որի համար ինքը կյանք տվեց՝ Շուշիի ազատագրումով, հայրենական գոյի առջև ծնրադրումով, նույն ազգը նոր սերունդներ լույս աշխարհ պիտի բերի...»:
Ի դեպ՝ մենք տեղեկացանք, որ աղոթահավաքից հետո Կրբոյանների Ռեզիդենսիում նաև մատուցվել է հոգեհանգստյան ճաշ՝ ի հիշատակ Արկադի Տեր- Թադևոսյանի:
Անկասկած, անգնահատելի է մեծ զինվորականի թողած ժառանգությունն ու վաստակը հայրենի երկրի առաջ: Միևնույն ժամանակ մեծարել հերոսին, արժևորել նրա գործերը նշանակում է առաջին հերթին ներշնչվել դրանցով, լինել հերոսի իսկական հետնորդն ու հետևորդը: Մեռնել հայրենիքի համար նշանակում է ապրել հավետ՝ ահա Կոմանդոսի ու նրա գաղափարակիցների կյանքի հավատամքը: Ասել կուզի՝ բացառապես խոսքերով չէ,որ հատկապես մատաղ սերունդը հիմա և ապագայում պետք է արժանին մատուցի նույն Կոմանդոսին, բայց միևնույն ժամանակ նմանօրինակ միջոցառումներն են նաև,որ նպաստում են հերոսների անպատմելի քաջագործությունների հանրայնացմանը, որ, անկասկած, անչափ էական է հատկապես սերնդի դաստիարակման տեսանկյունից:
Գալիք սերունդները պետք է հիշեն մեծ հայ Գարեգին Նժդեհի խոսքերը՝ բավական չէ հիացիկ վերաբերմունք, անգամ պաշտամունք ունենալ դեպի անցյալ սերունդը, պետք է գերազանցել նրան: Հենց սա է հարգանքի այն պսակը, որ յուրաքանչյուր հետնորդ պարտավոր է դնել նախնյաց հիշատակների կոթողին…
Գայանե Մանուկյան,
Լոս Անջելես
Այս նյութը դիտել են - 7255 անգամ