Սոֆյա՛, սիրելի՛ս, ամեն տարի ապրիլի 13-ի ծննդյանդ տարեդարձի շնորհավորանքը մեր անցած տարիների համառոտ նկարագիրն է դառնում, որ արտացոլում է ուրախ թե տխուր կենսագրական դրվագներ...
Այս անգամ՝ պատերազմից հետո, կարելի է ասել՝ սրտի, հոգու տառապանք եմ զգում ու կարծես ուզում եմ ասել՝ մեծանալուդ հետ իմ մեծանալն էլ զգում եմ, բայց անհաշտ եմ իմ տարիքի հետ: Ու այսօր ուզում եմ իմ երիտասարդ և քո մանկության օրերում լինել։ Երբ ծնվեցիր, պատերազմ չկար...Ես հասցրի զարմանալ՝ որքա՜ն սիրուն է իմ բալիկը, և ինչքա՜ն լավ է, որ ինձ նման չէ: Վաղուց էին ասել, որ փոքր հասակում ես սևուկ եմ եղել, նիհար, և ոչ այնքան սիրուն...
«Աչքով կտան»,- մտածեց տատդ ու բռան մեջ աղ շուռ տվեց գլխիդ, որ հանկարծ աչքով չտան: Ու սովորություն դարձավ գլխովդ աղ շուռ տալը, որ չար աչք չդիպչի: Երբեմն այն չէր օգնում, երբ հերթը հասնում էր բժիշկների՝ քեզ դեղեր սրսկելուն, ձեռքս մեկնում էի, որ առաջինը ինձ վրա փորձեն, որպեսզի հասկանամ, թե որքան կլինի ցավի զգացողությունը քո համար: Առաջին դասարանում սովորելիս զարմանում էի, թե ինչու այս երեխան ամեն օր գրիչներ է կորցնում: Մի անգամ տնային պիտի գրեիր, նորից ասացիր, որ գրիչ ես կորցրել: Ցանկացա քեզ «պատժել» ու առաջարկեցի մատներով գրել: Ինձ նայեցիր, թե ինչպե՞ս մատներով...Ու հետո պարզվեց գաղտնիքը՝ դասերի վերջում ով գրիչ չուներ, նրանց էիր տալիս քո գրիչները: Եվ այդպես էլ կյանքում սովորեցիր «բաշխելու արվեստը», անգամ երբ դրա անհրաժեշտությունը չկար:
Ես գրում եմ այս տողերը ու հոգիս ջերմանում է անցած օրերից, երբ դու մանուկ էիր՝ սիրուն, շա՜տ սիրուն, դու աղջնակ էիր դպրոցական՝ հմայիչ ու գեղանի...Հաճախ էիր ասում, թե չես ամուսնանա, որ միշտ ինձ հետ լինես: Միայն ժպտում էի դեռահասիդ վրա՝ չհակառակվելով մտքերիդ: Բայց ինչ-որ տեղ ճշմարտություն դարձան դպրոցականի քո խոսքերը, երբ այսօր էլ ընտանիքդ ապրում է ինձ մոտիկ, իմ հարևանությամբ: Այս տարի դժվար էր ամեն ինչ և ինչերի միջով անցանք։ Ընտանիքով հարազատ գյուղ կորցրիք, ժամանակավոր դարձար իմ գործընկեր ուսուցչուհին մեր դպրոցում, այն հարազատ կրթօջախում, որտեղ սովորել ես դու: Մասնագիտությանդ հանդեպ սերը տեսնում եմ մոտիկից, զգում, որ այս կյանքում քեզ անելիք ունես քո ծաղկուն հասակում: Այսօր ես երիտասարդ եմ հոգով, երբ անցած օրերում եմ...
Շնորհավորում եմ ծնունդդ ջերմագին ապրումներով, ուրախ եմ, որ ամեն տարի ապրիլի 13-ին ինձ տանում ես դեպի մեր ապրած ու չապրած տարիները:
Երանի՜ խաղաղ լինի կյանքը, քո ծննդյան բնօրրանից միշտ կարողանամ շնորհավորել տարեդարձդ՝ բարի օրհնանքներով, բաղձալի ցանկություններով...
Երջանկություն քեզ, քո ընտանիքին, քո տաքուկ անկյունին, մեր հող հայրենիին, որի ծոցում է ծվարած մեր բոլորիս խաղաղ ապրելու երազանքը:
Նատաշա Պողոսյան