ԻՆՉՈՒ՞ ՀԱՆՁՆԵՑԻՆ ՄԵՐ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԽՐՈՒԹՅԱՆ ԱՄՐՈՑ ՔԱՐՎԱՃԱՌԸ
2021-04-16 09:14:00
Նորեկ աշակերտուհին, ով վերջերս ընդունվեց մեր դպրոցի 9-րդ ա դասարանը, Քարվաճառից է: Պատերազմը նրա դասերն էլ ընդհատեց հայրենի քաղաքում, ուսումը շարունակեց Հայաստանում, ապա տեղափոխվեց մեզ մոտ: Կսկծալից են հայրենիք կորցրած Թագուհի Սաղիյանի կարոտաբաղձ ու ցասումնալից ապրումները՝ երիտասարդ սերնդի, նաև հարազատ դպրոցի սաների կորստյան հիշողությամբ: 
«Քարվաճա՛ռ...Լսում եմ անունը, ներսս իրար է խառնվում։ Չեմ կարողանում ընդունել այն միտքը, որ այլևս չեմ կարող ո՛չ տեսնել և ո՛չ էլ ապրել իմ հրաշք քաղաքում։ Կգա՞ մի այնպիսի օր, որ մենք՝ հայոց ազգս, խաղաղ ապրենք, կգա՞, ի վերջո, մեկը, ով կհասկանա մեզ...Շատ են հարցերը, բայց առանց պատասխանների։ Քարվաճա՛ռ...Իմ մանկությա՛ն ընկեր, իմ տխրության և ուրախությա՛ն ամրոց, այնպիսի մեկն ես, որ լինում էր պահ, երբ ոչ ոք չէր հասկանում ինձ, բացի քեզանից։ Եղել ես միշտ կողքիս, սրտումս, մտքիս, և մինչև հիմա էլ այդպես է, թեկուզ կողքիս չես, բայց միշտ սրտումս ես, երբեք չեմ մոռանա քեզ։ Գիտեմ` մենակ ենք թողել քեզ, ոչ ոք չկա կողքիդ, շուրջբոլորդ թշնամին է, բայց ես խոսք եմ տալիս՝ ուշ թե շուտ դու կազատագրվես, և ես առաջինը կվերադառնամ։ Կվերադառնամ ու այլևս չեմ հեռանա քեզանից, որպեսզի չմնաս այդ անսիրտ և անբարո թշնամու ճիրաններում։ 
Գիտեմ՝ շատ վատ ավարտ ունեցավ մեր հանդիպումը։ Հիշելով վերջին տեսարանները, թե ինչպես են մարդիկ իրենց իսկ ձեռքերով ստեղծածն այրում, վերացնում, ինչպես են իմ դպրոցն ավերում, ինչպես են ամբողջ քաղաքս տակնուվրա անում, սիրտս դողում է։ Հիշում եմ նաև այն, թե ինչպես են անընդհատ լրատվությամբ հայտնում` Լաչինը տվեցին, Հադրութը տվեցին, Շուշին տվեցին, Շահումյանը տվեցին... Ու՞մ տվեցին, ինչու՞ տվեցին, ինչպե՞ս տվեցին...Իմ գլխում միայն այդ հարցերն էին, որոնց պատասխանները ցանկանում էի ինքս տալ, բայց չկարողացա։ Ես դեռ հույս ունեի, որ այդ ամենը ճիշտ չէ, որ լրատվությունը խաբում է...Բայց ո՛չ...
Ամեն ինչ պարզ դարձավ նոյեմբերի 25-ին, երբ վերջնականապես Շահումյանը (Քարվաճառը) հանձնեցին տգետ ոսոխին։ Ցավալին այն էր, որ հենց այդ օրն էր ծնվել մեր հերոսներից մեկը՝ Մոնթեն, ով երեսուն տարի առաջ ազատագրել էր Քարվաճառը։ Հայրենիքի համար զոհ գնաց մեր հզոր, անվախ, երիտասարդ սերունդը՝ չիմանալով, որ մենք ունենք անպիսի դավաճաններ, ովքեր էլ պատճառ դարձան իրենց ծաղիկ կյանքի ավարտին։ Այդ հերոսների շարքում էին նաև Քարվաճառի դպրոցի սաներ Գևորգ Վիրաբյանը, Գագիկ Դուլյանը, Գարեգին Չախալյանը, Գրիգոր Մանուկյանը, Էդգար Գալստյանը։
Նժդեհն ասել է. «Ազգերն ամենից շատ տառապել են և կտառապեն իրենց տականքների երեսից»: Բայց դուք ու՞ր եք, ա՜յ դավաճաններ, որտեղ էլ թաքնված լինեք, միևնույն է, Աստված ամեն ինչ տեսնում է, ամեն բան հասկանում, սպասե՛ք ու կտեսնե՛ք, մի այնպիսի օր կգա, որ դուք Աստծու դատաստանի առջև պատասխան կտաք»։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 2167 անգամ