«Հրապարակ».ՄՐՑՈՒՅԹԻՆ ՉԵՄ ԴԻՄԵԼ ԻՄ ԿԱՄՔՈՎ, ՈՒՐԻՇ ԻՆՏՐԻԳ ՉԿԱ 2021-05-23 21:25:00
«Հրապարակ».ԿԳՄՍ նախարարությունը հայտարել է մրցույթ «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար, բայց ինչպես տեղեկացանք, հայտարարված մրցույթին տնօրենի ԺՊ-ի պարտականությունները 2020թ-ի նոյեմբերից իրականացնող Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը հայտ չի ներկայացրել, թե ինչո՞ւ՝ Վ․ Մնացականյանը պատճառաբանեց իր այլ զբաղվածությամբ․ «Մի հատ քաղաքաշինական ծրագրի եմ մասնակցում, որի մասին չեմ կարող ասել հիմա եւ որը ինձ համար կարեւոր է»,- մեզ հետ զրույցում ասաց Մնացականյանն ու նշեց, որ Ֆիլհարմոնիկի կողքին կլինի այլ կարգավիճակով․
««Որպես Ֆիլհարմոնիկի բարեկամ» հասարակական կազմակերպություն կա, որտեղ ներգրավված են նախկին տնօրեններն ու բարերարները, ովքեր շարունակում են օգնել ֆիլհարմոնիկին, ես որոշեցի այս ֆորմատով օգնել ֆիլհարմոնիկին, այսինքն էլի ֆիլհարմոնիկի հետ կլինեմ եւ դեռ ահագին ծրագրեր կա, որ սկսել ենք, բայց չենք ավարտել, դրանք միասին կավարտենք։ Ի սկզբանե էլ մեր պայմանավորվածությունը մաեստոր Թոփչյանի հետ եղել է 6 ամսով եւ կարծում եմ՝ պետք է հնարավորություն տալ, որ անընդհատ նոր մարդիկ գան, երիտասարդներ, որոնք ավելի հետաքրքիր ու նոր բաներ անեն, ես էլ նորից գնամ քաղաքաշինական իմ ոլորտ»։
Այդուհանդերձ, մրցույթին չմասնակցելը միայն ի՞ր որոշումն է, թե գուցե իրեն դիմել են չմասնակցելու հորդորով․ «Ոչ, բացարձակապես»,- նշեց նա ու նկատեց, որ այլ ինտրիգ չկա այս հարցում։
Նկատեցինք, որ տնօրենի հավակնորդների թվում շրջանառվում է Արման Ծատուրյանի անունը, ինչին ի պատասխան Վ․ Մնացականյանը նշեց, որ չի ճանաչում նրան եւ ինչքանով տեղյակ է ոչ ոք չէր դիմել մրցույթի համար եւ դրա համար ինքը շարունակում է զբաղեցնել տնօրենի ԺՊ-ի պարտականությունները, մինչեւ մրցույթով տնօրեն նշանակվի։
Այս նյութը դիտել են - 2002 անգամ