Կար ժամանակ, երբ «ամուսնություն՝ հաշվարկով» արտահայտությունը կամ գրքերի մեջ կարելի էր հանդիպել, կամ էլ եթե կյանքում պատահում էր, ապա համարվում էր աններելի ու դատապարտելի քաղքենիություն և նույնիսկ բարոյականությունից զրկված երևույթ:
Անցան այդ ժամանակները: Սեփական զավակների երջանկությունը չոր հաշվապահական թղթերի ու թվերի միջից դիտարկող ծնողները ներշնչվեցին այն համոզմամբ, թե իրենք միայն «իրենց էրեխեքի լավն են ուզում» ու ապահովում են նրանց ապագան՝ մոռացած պարզ, մարդկային զգացմունքների, սիրո և այլ «ռոմանտիկ ավելորդությունների մասին»: Եվ սկսվեց մի այնպիսի իրարանցում, որ ոչ միայն բիզնես, այլև քաղաքական դաշինքներ էին ձևավորվում հարսանյաց սրահներում:
Ու հիմա, ինչպես ասում են, բարի ավանդույթները շարունակվում են: Այսօր հայտնի դարձավ, որ ևս երկու հայտնի ընտանիք հնարավոր է առաջիկայում բարեկամանան: Խոսքը Սուքիասյանների ու Ծառուկյանների ընտանիքի մասին է: Սուքիասյանի որդին՝ Ալբերտը, պատրաստվում է առաջարկություն անել Գագիկ Ծառուկյանի դստերը՝ Անահիտին:
Թող աստված ապագա նորապսակներին բարի բախտ տա ու նրանք մի բարձի ծերանան: Ու թող որքան հնարավոր է քիչ հիշեն այն մասին, որ իրենք ՀՀՇ- ԲԿՀ «ամուսնության» պտուղներ են: Թե հետո հայրերն ինչպես կգործեն, ինչպես մի հունի մեջ կդնեն երկու ահռելի կարողություններ և գործարար դաշտում որ ուղղությամբ կգլորվի նրանց միավորված կառքը, սա սիրո հետ ոչ մի ընդհանուր բան չունի:
Այս նյութը դիտել են - 1791 անգամ