Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ծրագրային ելույթը մի կերպ հաղթահարում է քննարկումների չարչարանքները: Բանն այն է, որ որևէ լուրջ կամ անլուրջ միտք վերլուծելու, դիտարկելու, կարծիք հայտնելու իրավունք պետք է ունենա միայն նա, ով նախ հասկանում է, թե ինչի մասին է խոսքը և հետո իր անձնական օրինակով սեփական տեսակետը ընդունելի կդարձնի հանրության համար:
Իսկ հիմա տեսեք, թե ինչ է կատարվում: Օրինակ, նախագահի մտքերը գնահատելու առաքելությունն է ստանձնել ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը:
Ահա այս պատգամավորը նշում է, որ ելույթը մեծ տպավորություն թողեց իր վրա, որովհետև մի կողմից՝ արտահայտված մտքերից ոչ մեկը լուրջ քննադատության չի կարող արժանանալ, մյուս կողմից՝ ավելի շատ ապագային միտված մտորումներ էին։
Դե իհարկե, ո՞վ է Բադեյանը, որ դեռ համարձակվի քննադատել նախագահի մտքերը: Դրա համար էլ նա ամեն կարգի հասցեագրում բացառում է՝ ասելով, թե Սարգսյանի ելույթն ուղղված էր հանրությանը, ոչ թե կուսակցությանը և որ անցում կատարելը նոր կառավարման համակարգին կատարվում է երկրի զարգացման համար, ոչ թե կայունության ապահովման:
Մանվել Բադեյանը կարող էր նույնիսկ չլսել այդ ելույթը: Նա առանց դրա էլ վաղուց ունի, հստակ, կարծրացած դիրքորոշում և այդ դիրքորոշման հիմքը ոչ թե գաղափարական համոզմունքներն են, այլ իր կարգավիճակը:
Դատեք ինքներդ: Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարգրի՝ Մանվել Բադեյանն ունի 700 000 000 դրամ, 812 000 դոլար և 40 000 եվրո գումար: Մանվել Բադեյանը հարկային տարվա ընթացքում վաճառել է անշարժ գույք 208 մլն դրամով, եկամուտները շահաբաժնից կազմել են ավելի քան 23 մլն դրամ, իսկ աշխատավարձը կազմել է ավելի քան 4,5 մլն դրամ: Հիմա դուք ասեք, այս մարդը ի՞նչ կարող է ասել Սերժ Սարգսյանի ելույթի մասին: Ավելի լավ է բերանը ջուր առած ձուկ դառնալ, քան որևէ աննշան դիտողություն անել: Բադեյանի համար դա մեռնելու հավասար բան կլինի:
Այս նյութը դիտել են - 1451 անգամ