Դիակների որոնողական աշխատանքներն ու նույնականացման հետ կապված թեման պատերազմի բովից անցած բոլոր երկրներում էլ լուրջ ու բարդ խնդիր է2021-06-04 00:25:00
Վերջին օրերին հանրությունը հուզումով քննարկում է Աբովյանի դիահերձարանում մեր հերոս տղաների աճյունների ոչ-պատշաճ վիճակում պահվելու թեման:
Դիակների որոնողական աշխատանքներն ու նույնականացման հետ կապված թեման պատերազմի բովից անցած բոլոր երկրներում էլ լուրջ ու բարդ խնդիր է:
Իրան-Իրաք պատերազմն ավարտվեց 1988 թվականի օգոստոսին, սակայն այդ պատերազմի զոհերի աճյունների որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են ու 33 տարի անց նույնականացման աշխատանքներն արդյունքի հանգելով անհայտ կորած համարվող զինվորներն ի վերջո ունենում են գերեզման:
Բայց դա չի նշանակում թե հայտնաբերումից մինչև նույնականացման արդյունքների հստակեցումն աճյունները երկար տարիներ պահվում են դիահերձարանների կամ ինչ-որ այլ վայրերի սառնարաններում:
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված աճյունները զինվորական կարգով հուղարկավորվում ու համապատասխան արձանագրությամբ ամփոփվում են «Անհայտ զինվորի» գերեզմանում:
Իրան-Իրաք պատերազմի ընթացքում անհետ կորած զինվորներից էր նաև իրանահայ Հրաչ Հակոբյանը: Հրաչ Հակոբյանը զոհվում է 1987 թվականի ապրիլին, սակայն նրա դիակը հնարավոր չի լինում հայտնաբերել:
33 տարի անց՝ 2020 թվականի սեպտեմբերին, նրա հարազատներին տեղեկացնում են, որ նահատակ Հրաչ Հակոբյանի դիակը հայտնաբերվել է: Պարզվում է, որ նրա աճյունները հայտնաբերված են եղել 8 տարի առաջ՝ 2012 թվականին ու հենց այդ ժամանակ էլ զինվորական կարգով ամփոփվել են Իրանի Զահեդան քաղաքի համալսարանում կառուցված «Անհայտ զինվորի» գերեզմանում:
Նահատակի ինքնությունը պարզվելուց հետո տեղի է ունենում արտաշիրիմում և նահատակ Հրաչ Հակոբյանի աճյուններն այս անգամ արդեն քրիստոնեական կարգով ամփովում ու իրենց վերջնական հանգրվանն են գտնում Նոր Ջուղայի հայկական գերեզմանատանը:
Դիահերձարանների հատակին կամ սառնարաններում անխնամ ու անարգալից վիճակում պահելու փոխարեն արդյոք հնարավո՞ր չէր այլ միջոց կիրառել: Օրինակ միթե չէր կարելի պատերազմի ավարտից յոթ ամիս անց՝ մինչև նույնականացման արդյունքների հստակեցումը, հայտնաբերված աճյունները համապատասխան արձանագրությամբ ու զինվորական պատշաճ կարգով հուղարկավորել ու ամփոփել «Անհայտ զինվորի» գերեզմանում: Անշուշտ կարելի էր: Սակայն կա մի բարդություն: Այդ դեպքում հնարավոր չէր լինի թաքցնել դրանց իրական թիվը...
Այս նյութը դիտել են - 6076 անգամ