ԱՄՆ արևմտյան թեմի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի 2020-2021 ուսումնական տարին
2021-06-08 20:11:00
Դժվար է պատկերացնել անհատականությունն առանց ազգային լեզվի, մշակույթի ու պատմության։ Այս առաքելությունն իր վրա է վերցնում դպրոցն ու եկեղեցին։ Հատկապես սփյուռքում հայոց հոգևոր տաճարներն իրենց դռներն են բացում հայ մանուկների, պատանիների առջև՝ նպատակ ունենալու նրանց մեջ ներարկել հոգևորը, ազգայինը, ինչը մարդուն տալիս է գիտակցություն և պապենական արմատներն ընկալելու փիլիսոփայություն։
ԱՄՆ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, բարձրաշնորհ Տ. Հովնան արք․ Տերտերյանն իր մշտական հոգածության և խնամքի տակ է պահում հայկական շաբաթօրյա վարժարանները, որոնց թիվը հասնում է շուրջ 20-ի ընդգրկելով 1500-ից ավելի աշակերտ։
Անցնող շրջանը լի էր դժվարություններով՝ կապված համավարակի ու մեր հայրենիքի շուրջը ծավալված պատերազմի լարվածությամբ։
«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դրոցը, որը գործում է Առաջնորդանիստ Ս. Ղևոնդյաց մայր տաճարի հովանու ներքո, նույնպես անցավ այդ ծանր ճանապարհը։ ԱՄՆ արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսուչ և դպրոցի տնօրեն բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանի, ինչպես նաև կրթօջախի բազմափորձ ուսուցիչների նվիրումով, ուսումնական տարին դարձավ արդյունավետ։
Հարկ է նշել, որ հաստատությունը հաղթահարեց նաև առցանց ուսուցման դժվարությունները՝ օգտագործելով ամենահայտնի ու տարածված համացանցային հավելվածները։ Վերջիններիս գործածությունը թույլ տվեց դասաժամը դարձնել տեսանելի և օգտաշահ։ Տարին դարձավ տոնական, երբ երկրորդ կիսամյակում դպրոցն իր դռները բացեց առկա ուսուցման համար։ Անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցառումներն արվեցին, որպեսզի աշակերտներն ու ուսուցչական կազմը զերծ մնան հիվանդության տարածման անցանկալի հետևանքներից։ Կրթօջախը նորից լցվեց մեր հայ մանուկների հնչուն ձայնով, կարծես նորից վերածնվեց՝ ուրախ երանգ հաղորդելով ուսումնական պրոցեսին։ Իսկ այն աշակերտները, ովքեր ինչ-ինչ պատճառներով նախընտրեցին առցանաց ուսուցումը, հաստատությունը նրանց ևս դասընթացին մասնակցելու հնարավորություն ընձեռեց։
Ճիշտ է, տարին անսովոր սկիզբ և ավարտ ունեցավ, բայց իրավամբ կարելի ասել, որ պատվով արվեց ամեն ինչ. անգամ կազմակերպվեց առցանց հանդիպումներ առաջնորդ Հովնան սրբազանի, գիտակրթական հանձնախմբի ատենապետ դոկտոր Էլլի Անդրեասյանի հետ։ Մեծ եղեռնին նվիրված հիշատակության ընթացքում նախորդ, ուսումնական տարվա շրջանավարտներին տրվեցին ավարտական վկայագրեր։ Որպես հավելում, այդ օրն այնքանով էր խորհրդանշական, որ սաները նահատակված սրբերի առաջ լուռ երդում տվեցին երբեք չմոռանալ մայրենին, միշտ հավատարիմ լինել ազգային արժեքներին ու հայրենիքին։
Ուսումնական տարեշրջանը վերջացավ 2021 թ․-ի հունիսի 6-ին։ Ավարտական դասարանի սաները հավաքվել էին հարազատ դարձաց Ս․ Ղևոնդյանց մայր տաճարում, մասնակցելու Ս․ Պատարագի։ Քարոզից առաջ առաջնորդ Հովնան Սրբազանը շնորհավորեց ավարտական 6-րդ դասարանի սաներին։ Ապա օրվա պատարագիչ, Գուգարաց թեմի նորանշանակ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան եպս․ Հակոբյանի հետ կատարեցին շրջանավարտների օրհնության կարգ և վկայականների բաշխում։
Լիահույս ենք, որ նոր տարեշրջանում կրկին կբացվեն «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի հյուրընկալ դռները առկա ուսուցման համար, և մեր հայ մանուկները հնարավորություն կունենան շարունակել կրթվելու, մասնակիցը և ականատեսը լինելու մեր հայ մշակույթի, ոսկեղենիկ մայրենիի ու մեր հայրենիքի բարգավաճմանն ու երազած ապագային։
2021-22 ուս․ տարվա ընդունելությունն սկսվելու է հուլիսից, իսկ դասերը մեկնարկելու են սեպտեմբերի 11-ին։
Ռիմա Եսայան
Այս նյութը դիտել են - 15490 անգամ