Առիթ ունեցա շփվել դրական ու բարձր հատկանիշներով հայ դիվանագետի հետ2021-07-09 22:04:00
Գրավոր փակ նամակով դիմել էի Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանին:
Թեման` հուլիսի 1-ին Լոս Անջելեսում «անկախ» պատգամավոր արման բաբաջանյանի ելույթը, այդ ընթացքում ՀՀ շուրջ 350 հազար քաղաքացիների վստահությանն արժանացած «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների հասցեին հիշյալի վիրավորական հայտարարություններն էին ու իհարկե այդ միջոցառմանը ՀՀ գլխավոր հյուպատոսի ներկայությունը:
Նամակը էլեկտրոնային փոստով հղելուց հետո ակնկալիքներիս գագաթնակետը նամակի ստացման ու այն գլխավոր հյուպատոսին փոխանցվելու մասին կարճ երկտողով ծանուցումն էր: Բայց ի զարմանս ինձ հաջորդ առավոտյան ստանում եմ էլեկտրոնային նամակ, որի միջոցով հրավիրվում եմ գլխավոր հյուպատոսություն հարգելի դեսպան Արմեն Բայբուրդյանի հետ հանդիպման:
Չնայած Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի խիստ բազմազբաղությանն ու աշխատանքային ծանր գրաֆիկին նրա հրավերով կազմակերպված հանդիպումը տևեց շուրջ կես ժամ՝ հագեցած շահեկան զրույցով ու գլխավոր հյուպատոսության առաքելության ու սկզբունքների մասին բացատրությամբ: Պարզաբանումներ, որոնց ներկայացման համար հարգելի դեսպանը չուներ ոչ մի պարտավորություն: Բայց երբ իրարից առանձնացնում ես «իշխանությունն» ու «պետականությունը» և ձգտում ես լինել համայնքում ոչ միայն «իշխանության» այլ «պետության» ներկայացուցիչը, այդ պետության սահմանների մեջ մտնում է նաև ընդդիմադիր հայացքներով քաղաքացին ու նույնիսկ հայկական քաղաքացիություն չունեցող պարզ սփյուռքահայը:
Ուրախ եմ, որ այսօր առիթ ունեցա շփվել նման դրական ու բարձր հատկանիշներով հայ դիվանագետի հետ:
Ոչ մի կասկած, որ նույն թափով շարունակվելու է իմ պայքարն ընդդեմ գործող իշխանությունների և հանուն իմ պետության ու ժողովրդի ապագայի:
Պետություն, որն ինձ համար միշտ առանձնացվել ու վեր է դասվել է ժամանակի իշխանություններից: Որը ոչ սկսվել ու ոչ էլ ավարտվելու է որևէ անձով: Որը նույնչափ պատկանում է ինձ՝ սփյուռքահայիս, որքան Հայաստանի քաղաքացուն:
Ի դեպ, հարգելի դեսպանը խոստացավ հնարավորության դեպքում մասնակցել նաև «մեր» (բնակաբար խոսքը համայնքում ընդդիմադիր դաշինքների կողմնակիցների մասին էր) կողմից կազմակերպված միջոցառմանը:
Ռոբերտ Մարգարյան
Այս նյութը դիտել են - 23721 անգամ