«Հրապարակ».Թուրքը ոչնչացրեց Արցախը՝ ոչինչ, թուրքը մտել է Հայաստան՝ ոչինչ, ՀՀ-ն մնացել է առանց դաշնակիցների՝ ոչինչ, խորանում է շրջափակումը՝ ոչինչ…
2021-08-16 10:12:00
«Հրապարակ». Նիկոլի ամենաոխերիմ հակառակորդը «նախկիններն» են: Ժողովրդից, որպես իշխանություն ձևավորող զանգվածից Նիկոլը չի վախենում, որովհետև ունի բոլոր այն գործիքները, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարության անվան տակ այդ զանգվածին կառավարել, կոպիտ ասած՝ քշել ինչպես կամենա: Հանաք-մասխարություն չէ արյունալի պատերազմում պարտվելը, երկիրը կապիտուլյացիայի ենթարկելը, տնտեսությունը մինչև վերջ քանդելն ու այդքանից հետո իշխանության ղեկին մնալը: Նման բան դեռ ոչ մեկին աշխարհում չի հաջողվել:
Ո՞րն է Նիկոլի գաղտնիքը: 
Արդեն ասացի՝ ժողովրդավարության գործիքակազմը, որ նրա պարագայում աշխատեցվում է անսահման պոպուլիզմի հատուկ փաթեթավորմամբ: Տակավին Նիկոլի շահին է ծառայում նաև «նախկինների» ֆենոմենը, որ 2018 թվականին, որպես «մեշոկ պապի» սինդրոմ, ներդրվեց մեր հասարակության մեջ,: Հանրության մեծ մասն ինչ-որ պահի հավատաց Նիկոլ երևույթին և այլևս չկարողացավ ազատվել նորերի քարոզչական հիպնոսի ազդեցությունից: Ընդ որում նկատենք, որ այդ քարոզչությունն ունի բացառապես ներքին լսարան, ուղղված է հիմնականում «նախկինների» դեմ և չի շոշափում որևէ արտաքին խնդիր: Թուրքը ոչնչացրեց Արցախը՝ ոչինչ, թուրքը մտել է Հայաստան՝ ոչինչ, ՀՀ-ն մնացել է առանց դաշնակիցների՝ ոչինչ, խորանում է շրջափակումը՝ ոչինչ… Դա Նիկոլին չի հուզում, դա նույնիսկ ՔՊ-ին ձայն տված 670 հազար քաղաքացու չի հուզում՝ միայն թե «նախկինները» հետ չգան:
Ժամանակին, երբ ՀՀ ԱԺ-ում ընդդիմության կողմից բարձրացվում էր Արցախի անկախությունը ճանաչելու հարցը, ՀՅԴ-ն, որ 1994-ից ի վեր ողջ աշխարհում Արցախի անկախության ճանաչման գործընթացների մեջ էր, դեմ էր արտահայտվում և առաջարկում էր (այսօր էլ նույն պահանջն է դնում) ռազմաքաղաքական դաշինք կնքել Արցախի հետ: Իր դիրքորոշումը ՀՅԴ-ն մեկնաբանում էր այսպես՝ Աստված մի արասցե, մենք Արցախի անկախության հարց դնենք, և Հայաստանի խորհրդարանը հանկարծ դեմ քվեարկի… Այսօր լրջագույն խնդիր է Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրել-չտրամադրելու հարցը: Նիկոլը, որքան հասկանում եմ, դեմ չէ միջանցք տրամադրելուն և արդեն իսկ համաձայնել է Ալիևի խաղաղության այդ «նախապայմանին»: Նիկոլը մեզ համոզում էր, որ դա 100 տոկոսով բխում է մեր շահերից: Եվ պատկերացրեք, եթե Նիկոլն այդ հարցը դնի հանրաքվեի, մեր հիպնոսացած հասարակության մեջ մոտ 670 հազար մարդ կգտնվի, որ կողմ կքվեարկի միջանցք տրամադրելուն:
Հասարակությունը, եթե նրան չհասցնեն սոցիալական բունտի եզրագծին, կարող է երկար, շատ երկար հանդուրժել Նիկոլին ու նրա իշխանությունը: Դա հրաշալի հասկանում է նաև Նիկոլը, որ պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ որևէ քայլ չարած, դարձյալ խոսում է 2050 թվականին միտված օդեղեն ծրագրերից: Փուչիկների պայթյունը նրան չի մտահոգում, քանի դեռ մեր հասարակությունն անխոնջ ծամում է իր առջև նետված ժողովրդավարության խոտը, իսկ դա երկար, շատ երկար պրոցես է և կարող է անվերջ շարունակվել, եթե ընդդիմությունը բավարարվի ձեռք բերածով ու խորհրդարանում սկսի խաղալ Նիկոլի (ՔՊ-ի) կանոններով՝ ցինիզմ, պնդաճակատություն, հիստերիա, անպատասխանատվություն, թեթևամտություն և այլն: Ամեն քայլափոխի պետք է բացահայտել Նիկոլի ու նրա խունտայի էությունը, մերկացնել այս իշխանությանն ու այդպես նետել փողոց՝ ի տես այն ժեխազանգվածի, որ մինչ օրս չի կարողանում հաղթահարել նիկոլիզմի թույնը:
Ոչ մի կոմպրոմիս, ոչ մի համագործակցություն դրածո իշխանությունների հետ, անխնա քննադատություն և մերկացում՝ այլ ճանապարհ իշխանափոխության չկա այսօր: Ուժային կառույցները Նիկոլի վերջին հենարանն են: Կամ ընդդիմությունը ելք է գտնում նրան արագ հեռացնելու, կամ նա ավարտին է հասցնում ոստիկանապետության շինարարությունն ու դառնում ցմահ բռնապետ: Կարող է հարց առաջանալ՝ ինչպե՞ս, ի՞նչ ուժերով, եթե Նիկոլին աջակցում են Արևմուտքը, Թուրքիան ու Ադրբեջանը: Այս հարցի պատասխանը հենց հարցի մեջ է: Չմոռանանք երկու բան: Նախ՝ Խորհրդարանական ընդդիմությունն ունի մոտ 400 հազար ձայն փողոցում, 36 պատգամավոր Ազգային ժողովում և ապա՝ երբեք չի կարելի մոռանալ, որ մեր թշնամու թշնամին մեր բարեկամն է:
Ես ամեն ինչ ասացի:
Էդիկ Անդրեասյան
Այս նյութը դիտել են - 2069 անգամ