Ինչպես է Գագիկ Ծառուկյանին հաջողվել որդուն ազատել հայկական բանակում ծառայությունից. «Ժողովուրդ»
2021-08-16 23:57:00
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հաջողվել է որդուն ազատել հայկական բանակում ծառայությունից: Թե ինչպես, փորձեցինք մանրամասներ իմանալ. պարզվում է՝ վերջերս լրացել է նրա որդու` Նվեր Ծառուկյանի՝ բանակից ազատվելու տարկետման ժամկետը:
Ծառուկյաններին հաջողվել է հասնել նրան, որ ռուսական կողմի համաձայնությամբ Նվեր Ծառուկյանը պետք է ծառայի ռուսական զորամասում, որպեսզի հեշտ տուն գնա եւ ազատ ռեժիմ ունենա: Պայմանավորվածությունը, սակայն, ինչ որ փուլում խաթարվում է, քանի որ ՀՀ ՊՆ զինկոմիսարիատում աշխատակիցներից մեկը պնդում է, որ Նվեր Ծառուկյանը բոլորի պես պետք է վիճակահանության մասնակցի եւ արկղից քաշի այն զորամասի համարը, որտեղ պետք է ծառայի:
Ու այսպես, երբ Ծառուկյանները հասկանում են, որ այդպես հնարավոր է ՀՀ ՊՆ որեւէ այլ զորամասում հայտնվի Նվեր Ծառուկյանը, գործի են դնում պահած տարբերակը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ վիճակահանության մասակցելուց հրաժարվում է Ծառուկյանը եւ ՊՆ անձնակազմին ցույց է տալիս բժշկական փաստաթուղթ, ըստ որի՝ չի կարող ծառայել, պիտանի չէ ծառայության: Անմիջապես Նվեր Ծառուկյանին տանում են հիվանդանոց՝ գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» ԲԿ՝ զննության:
Այստեղ ոչ անհայտ մեթոդներով կամ առանց դրա հաջողվում է Ծառուկյաններին այնպիսի բժշկական ախտանիշով փաստաթուղթ ձեռք բերել, որ Նվեր Ծառուկյանին միանգամից ազատում են հայոց բանակում ծառայելուց 3 տարի ժամկետով: Թե ինչ է գրված փաստաթղթում, չենք մանրամասնոմ՝ հարգելով մարդու անձնական, առողջական տվյալների գաղտնիությունը: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը տեւական ժամանակ փորձում է այս հարցի մասով խոսել ԲՀԿ-ականների հետ, Ծառուկյանից մեկնաբանություն ստանալ, բայց նա ո՛չ խոսնակ ունի, ո՛չ էլ ԲՀԿ-ում մարդ կա, որը շփվում է լրագրողների հետ: Շաբաթներ շարունակ մեր փորձերը ապարդյուն անցան»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Այս նյութը դիտել են - 3263 անգամ