Արտյոմ Հարությունովի (Կանեվսկոյ) նշանակալի ավանդը. նորոգելով սերունդների ապագան2021-10-19 00:31:00
Պայմանավորված մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով՝ Հայաստանում գործող կրթօջախների մի զգալի մասը մինչև հիմա շարունակում է անմխիթար վիճակում գտնվել: Խնդիրը, որ ի հայտ է եկել՝ 90-ականներից սկսած, ցայսօր էլ շարունակում է իրեն զգացնել տալ, քանի որ պետական միջոցներն, ըստ էության, չեն բավարարում՝ խնդիրը հիմնավորապես լուծելու, ցավոտ հարցը մեկընդմիշտ փակելու. թե՛ մարզերում, թե՛ քաղաքամայր Երևանում շատ երեխաներ կրթություն են ստանում այնպիսի պայմաններում, որոնք կարող են բնորոշ լինել թերևս երրորդ աշխարհի երկրներին միայն՝ հայ հասարակության ու պետության համար դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:
Մինչև վերջերս Միսակ Մեծարենցի անվան Երևանի N146 հիմնական դպրոցը նույնպես նման անմխիթար պայմաններում էր գտնվում. մոտ 50 տարեկան կրթօջախը վաղուց էր կարիք զգում հիմնանորոգման ու բարեկարգման, տեխնիկական համալրման, ինչը թույլ կտար նոր մակարդակի բարձրացնել կրթության որակն ու ապահովել հասատատ արդյունք, բայց քանի որ պետության կողմից դպրոցի շենքը ճանաչվել էր որպես սեյսմակայուն, այն այդպես էլ պետական ծրագրերում ընդգրկվելու հնարավորություն չէր ստացել, և սա՝ այն դեպքում, երբ հատկապես ձմռանը պայմաններն ուղղակի անտանելի էին դառնում. hատակը փտել էր, պատուհաններն ու դռները հին էին կամ առհասարակ բացակայում էին, պատերը քանդված էին, սանհանգույցը՝ խայտառակ վիճակում, իսկ սպորտդահլիճն էլ՝ մարզումների համար ոչ պիտանի:
Բարերար Արտյոմ Հարությունովի ու նրա հարազատների, ընկերների շնորհիվ այն, ինչ թվում էր անհնարին, այսօր արդեն իրականության է վերածվել. դպրոցը, որի սաներն են եղել նաև Հարությունովի չորս մորաքույրներն, այսօր Երևանի ամենաբարեկարգ ու օրինակելի կրթօջախներից մեկն է դարձել՝ նոր ուսումնական տարում իր բարեկարգ հարկի տակ ընդունելով հարյուրավոր աշակերտների: Տառացիորեն ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում բարերարի ջանքերով, որ, ի դեպ, դպրոցի անմխիթար վիճակի մասին տեղեկացել էր 44-օրյա պատերազմում զոհվածներին նվիրված հուշաքարի բացման առիթով հրավիրված միջոցառմանը, կրթօջախն անճանաչելիորեն փոխվել է, բարեկարգվել: Հին դռները փոխարինվել են նորերով, հարդարվել են պատերը, նորոգվել հատակները, սանհանգույցները վերանորոգվել են բարձր չափանիշներով, խաղահրապարակներն ու սպորտդահլիճները հիմնանորոգվել ու բարեկարգվել են, ինչպես նաև մասնակի վերանորոգվել է դպրոցի տանիքը, բակն՝ ամբողջությամբ ասֆալտապատվել:
Հարկ է նաև ընդգծել այն ուրախալի փաստը,որ կրկին շնորհիվ Արտյոմ Հարությունովի, 2021-ից սկսած՝ Միսակ Մեծարենցի անվան դպրոցն ունենալու է նաև Արմաթ լաբորատորիա՝ վերազինվելով ժամանակակից համակարգիչներով՝ ստեղծելու լավագույն պայմանները բարձր տեխնոլոգիաների ուսուցման համար. ուսուցանվելու է ռոբոտաշինություն, ԱԹՍ-ների գործարկում:
Իսկապես անգնահատելի է Արտյոմ Հարությունովի ներդրումը ու չափազանց էական՝ հատկապես հաշվի առնելով ներկա մարտահրավերները: Թերևս հենց այս հանգամանքը հաշվի առնելով է, որ նույն ԿԳՄՍ նախարարությունը բարերարին արժանացրել է շնորհակալագրի՝ ունեցած զգալի ավանդի և նշանակալի ներդրման համար:
Հիրավի որակյալ, 21-րդ դարին համապատասխանող կրթությունն է, որ այսօր ու վաղը դառնալու է Հայաստանի առաջընթացի ու անվտանգության երաշխիքն, իսկ առանց նորմալ պայմանների խոսել կրթության որակի ու մրցունակության բարձրացման մասին բացարձակ անտեղի է ու սին:
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 4363 անգամ