Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...
2021-10-20 09:48:00
Տարիներ շարունակ իմ դասղեկական դասարանը Արցախյան ազատամարտով փառավոր ճանապարհ անցած Դավիթ Պետրոսյանի անունն է կրում։ Օրեր առաջ աշակերտներին առաջարկել էի, որ Դավիթի ծննդյան օրը գրելու են շարադրություն «ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ» վերնագրով։ Բայց քանի որ ավելի շուտ անցանք դպրոցական արձակուրդի, չհասցրինք այդ գրավոր աշխատանքը գրել։ Դասարանի աշակերտուհի Միլանա Իսրայելյանը պարտավորված զգաց իր շարադրությունն ուղարկել ինձ, որն էլ տեղադրում եմ։
 «Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի...Իրենց երիտասարդ զավակներին հայրենի հողին հանձնած սևազգեստ մայրերին, հայրերին կորացած ու գլխահակ տեսնելով` ամեն անգամ հիշում եմ, որ Դավիթ Պետրոսյանը մեր շարքերում չի, որ այդպիսի հարյուրավոր Դավիթներ լքեցին մեզ։
Դավիթ Պետրոսյանի մասին խոսելիս` սիրտս ուռչում է հպարտությունից։ Կարելի է շատ բան խոսել մի մարդուց, ով իր ողջ կյանքի ընթացքում անցել է տարբեր փորձությունների միջով, պատվով հաղթահարել բոլորը, սակայն ճակատագրի հեգնանքով հեռացել կյանքից։ Նա հայոց բանակի արժանի սպա էր։ Չէ՞ որ բանակը յուրահատուկ պատվար է, որին ոչ միայն պիտի հավատաս, այլև պիտի ապավինես։ Նա իր ձեռքից վայր չէր դնում զենքը, զայրանում էր միայն այն մտքից, որ թշնամին կարող է նորից գլուխ բարձրացնել.... Դավիթի ոգու հերոսացումը պարզապես անպատմելի է ու անթարգմանելի։ Նրա հավատն անկոտրում էր։
Եկե՛ք չմոռանանք, որ Դավիթը պատերազմել է այն ժամանակ, երբ չունեինք մեծաքանակ զորք, մանրամասն մշակված ռազմական ծրագիր, եթե կռվում ես հողերիդ համար և պաշտպանում երկրիդ, ուրեմն արդար է կռիվդ ու անխուսափելի։
Դավիթին բոլորն էին հավատում, հենց այդ հավատից էր ծնվում այն մեծ սերը, որ տածում էին Դավիթի պես ազնիվ, ճշմարիտ հայրենյաց պաշտպանի հանդեպ։ Նա հավատում էր Արցախի բարգավաճմանը, նրա խոստումնալից ապագային և ողջ հայության միավորմանը։
Դավիթը մեր ազգի հպարտությունն էր, նրա նվիրյալը, նրա կորյունն էլ մեր շարքերում է։
Այո՛, ինձ բախտ է վիճակվել նստել նույն դպրոցական նստարանին իր որդու հետ, նա ժառանգել է հոր համեստությունն ու խոհեմությունը։ Դավիթին ճանաչողները փորձում են փնտրել իրեն իր որդու մեջ, տեսնել նրա հայացքը, աչքերն ու ժպիտը։ Նա հիմա էլ կարծես թե ամենուր մեզ հետ է, մեր ետևում մենք զգում ենք նրա տաք շունչն ու ներկայությունը։
Մեր հողը ծնել է հարյուրավոր սպաներ. սպա դառնալը հայի համար առաքելություն է, իսկ Դավիթի պես սպան միայն ուժ էր ծնում, ծնում իրավունք, երկիրը պահելու հնարավորություն։ Նա դարձավ հայոց բանակի հիմքն ու հենասյունը, այն բանակի, որը մի կուռ կառույց է, ոգեշունչ մի դարբնոց։
Դավիթի երկարամյա չարչարանքը մեր ժողովրդի խաղաղ կյանքն արժեր։ Շատ անգամ երանի եմ տալիս այն տղաներին, ովքեր հերոսաբար ընկան։ Բայց նրանց արիությունն ու տոկունությունը հողին հավասարվեց։ Նրան բոլորն էին հավատում, նա պատվով էր կատարում հայրենիքի ու հողի առաջ իր պարտքը։
Ես միայն մի բանում համոզված եմ, որ ժողովուրդը չի պարտվի, եթե չուզենա պարտվել։ Մեր Դավիթն էլ կռվի ժամանակ վախենում էր միայն բարոյական մենակությունից, ոչ թե մահից։ Նա միայն Արցախ աշխարհի զավակը չէր, նա նաև նրա հրաշունչ զինվորն էր։
Ես հպարտ եմ, որ սովորում եմ այն դասարանում, որը կրում է Դավիթ Պետրոսյանի անունը»։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 77635 անգամ